Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նորից բանտ նստել

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նորից բանտ նստել
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստ է իրեն գործուղել Ազատության հրապարակ՝ պայքարելու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Նկատենք, որ «Ելք» դաշինքում բոլորը չէ, որ ողջունում են նրա ու նրա ընտանիքի անդամների այս որոշումը, ինչի շուրջ, ըստ մամուլի հրապարակումների, տարաձայնություններ կան, ու դեռևս կոնսենսուսի չեն կարողանում գալ այս հարցում։



**Hraparak.am**-ն այսօր հետաքրքրվեց նրանից, թե որոշվա՞ծ է, ինչ է անելու նա այնտեղ, ինչ ձևաչափով։



«Ուրեմն տեսեք, քննարկումները շարունակվում են, և էդ քննարկումների արդյունքում կլինեն որոշումներ։ Դուք գիտեք, որ արդեն մարտի 5-ին նշանակված է հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ։ Էդ քննարկումների արդյունքում էլ, ես իհարկե, ասել եմ և ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքն անել Ազատության հրապարակում, և հույս ունեմ, որ էս թեմայի շուրջ մենք «Ելք» դաշինքում կունենանք կոնսենսուս, համաձայնություն, և հույս ունեմ, որ մենք շատ կոնկրետ գործողություններով կանենք էն, ինչ որ պարտավոր ենք»,- ասաց նա։



Իսկ այս հարցի շուրջ որ հարցում հատկապես կա անհամաձայնություն դաշինքում, որի շուրջ դեռ կոնսենսուսի չեք գալիս․ «Գիտե՞ք, էս հարցի շուրջ կա քննարկում։ Քանի դեռ քննարկումը չի ավարտվել, չենք կարող ասել՝ որ հարցում կա համաձայնություն և որ հարցում չկա»։



Հարցին՝ քանի դեռ չկա համաձայնություն դաշինքում, ինչո՞ւ նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ պատրաստ է գնալ Ազատության հրապարակ՝ առանց քննարկելու այդ հարցը դաշինքի անդամների հետ, Փաշինյանն ասաց․ «Չէ, ի՞նչ ա գրած, գրված է, որ քննարկել եմ ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ նորից գործուղել Ազատության հրապարակ։ Այո, և նրանք պատրաստ են ինձ գործուղել»։



Նկատեցինք, որ ինքը քաղաքական գոծիչ է, դաշինքի անդամ է, ըստ երևույթին, նա պետք է առաջնահերթ դաշինքի անդամների հետ քննարկեր այս հարցը։ «Իմ ընտանիքն ինձ հետ շատ երկար ու բաց ճանապարհ է անցել Ազատության հրապարակից և դրանից բխող հետագա գործընթացների հետ։ Եվ էս հարցում իմ ընտանիքի դիրքորոշումը, կներեք, շատ կարևոր է։ Եվ իմ քաղաքական գործունեության ցանկացած փուլում շատ կարևոր է իմ ընտանիքի աջակցությունն ունենալ, կներեք, ամեն ինչից առավել»,- ասաց պարոն Փաշինյանը։



**Hraparak.am**-ի հարցին՝ ինքը պատրաս՞տ է նորից բանտ նստել, եթե իրադարձություններն այդպես զարգանան Ազատության հրապարակ գնալուց հետո։ Պարզվեց՝ այո։ «Եթե Դուք էդ հարցը տայիք մի մարդու, ով բանտ չի նստել կամ բանտից դուրս է եկել լացակումած, ես Ձեր հարցը․․․ երրորդ անգամ էլ եմ պատրաստ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի և դա բխի իմ քաղաքական սկզբուքնները պաշտպանելու հարցերից»։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**