Վալենսիահայությունն այսօր չարդարացված սպասումներով օր է անցկացրել

Վալենսիահայությունն այսօր չարդարացված սպասումներով օր է անցկացրել
Իսպանիայի Վալենսիայի հայ համայնքն այսօր սպասումներով լի օր է անցկացրել: Այս մասին hraparak.am-ին տեղեկացրեց հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը: «Արարատ Հայկական միությունը» միջնորդագիր էր ներկայացրել Վալենսիայի շրջանային Պատգամավորական խորհրդին, որով առաջարկում էր պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ փետրվարի 27-ին կայացած նիստին հարցը դրվել է քննարկման: Նիստին ներկա գտնված Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը hraparak.am-ին որոշ մանրամասներ հաղորդեց:



«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Պատգամավորական խորհրդին ներկայացրեց նորաստեղծ Կոնտիգո (Contigo) կուսակցության պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարը : Նա հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության փաստը, այն ճանաչած երկրների, մարզերի, քաղաքների ու միջազգային կառույցների ցանկը և վերոնշյալ խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման կարևորությունը։ Սակայն Քաղաքացիական կուսակցության խոսնակը հակադարձեց Ագուարին՝ առաջարկելով ճանաչել բոլոր ցեղասպանությունները՝ առանց նշելու անուն և ազգ»։



Մեր զրուցակցի խոսքերով քվեարկությունը չափազանց հետաքրքիր եւ լարված ընթացք է ունեցել: 4 կուսակցությունն բանաձևին կողմ է քվեարկել, 2 կուսակցություն՝ դեմ, բայց Պատգամավորական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է, քանի որ մեծամասնություն կազմող սոցիալիստները 13 ձայնով ձեռնպահ են քվեարկել։« Իսպանիայի հին և բավականին հնաոճ երկու կուսակցությունները՝ Սոցիալիստականն ու Ժողովրդականը, դեռևս ֆրանկիզմի ստվերի տակ գտնվելով, հեռու են հասկանալու և ընդունելու ֆաշիզմի սխալները, եւ հորդորելու ճանաչել դրանք։ Ի դեպ, նիստին ներկա էին նաև «Արարատ Հայկական միության» ներկայացուցիչներ: Մենք քննարկեցինք եւ եկանք միահամուռ եզրակացության, որ հաջորդ ընտրություններում էլ չենք նահանջելու եւ շարունակելու ենք մեր պայքարը՝ արդարության հասնելու համար»,-ասաց Վալենսիայի Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը:



**Արևիկ Հակոբյան**