Տեսչական բարեփոխումներից տուժած աշխատակիցները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց

Տեսչական բարեփոխումներից տուժած աշխատակիցները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց
Տեսչական բարեփոխումների շրջանակում անցյալ տարի, օգոստոսի 21-ին, կառավարության 444-N որոշմամբ լուծարվում է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երեւանի քաղաքային կենտրոնը, ինչի պատճառով էլ նրա աշխատակիցները հայտնվում են «խաղից դուրս» կարգավիճակում։



Մի խումբ համաճարակաբաններ, որոնք աշխատում էին վերոհիշյալ կենտրոնում, դիմել էին «Հրապարակ» թերթի խմբագրություն։ Առայժմ ձեռնպահ մնալով հրապարակել իրենց անունները՝ քաղաքային կենտրոնի նախկին աշխատակիցները մեր թերթի միջոցով հարց են հղում՝ կենտրոնը լուծարվել է, եւ մենք չգիտենք, թե ինչ է սպասվում մեզ հետագայում։



«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ է սպասվում մեզ, մեզ նորից կանչելո՞ւ են աշխատանքի, թե՞ ոչ, ի՞նչ անելիքներ ունենք մենք առաջիկայում։ Կենտրոնն ուներ 65 աշխատակից, որից 11-ը համաճարակային բաժնից էին։ Ստուգումները քանի որ դադարեցված էին, իրականացնում էինք ընդհանուր գործառույթներ՝ մոնիտորինգներ, վարչական վարույթների իրականացում»,- ասում էին խմբագրություն դիմած քաղաքացիները։



Կենտրոնի նախկին աշխատակիցներն ասում են, որ անցյալ տարի հոկտեմբերի 28-ին պետք է ձեւավորված լիներ առողջապահության տեսչական մարմին, որը նախորդի իրավահաջորդը չէ։



«Չի ձեւավորվում այդ տեսչական մարմինը, որ տեսնենք՝ մեզ կանչո՞ւմ են, թե՞ ոչ։ Սպասում ենք, թե ինչպես են վարվելու մեզ հետ։ Կրճատումներ են լինելու։ Մենք երկար տարիներ է, ինչ աշխատում ենք, որպես համաճարակաբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ ենք, այլընտրանքային ինստիտուտներ չենք ավարտել։ Հիմա արդիական է, որ մասնավոր բուհեր ավարտածներին, օրինակ՝ «Հայբուսակ»-ի շրջանավարտներին ընդունեն աշխատանքի։ Իսկ համաճարակաբանությունը ճշգրիտ գիտություն չէ, պետք է շատ խորանաս, որ կարողանաս նրա գաղտնիքները բացահայտել»,- ասացին կենտրոնի նախկին աշխատակիցները։



Կենտրոնի երկարամյա աշխատակիցներն ասում են, որ իրենք հայտնվել են անպաշտպան վիճակում, չգիտեն՝ այսուհետ տեսչական մարմնում աշխատանքի ընդունելիս ինչ սկզբունքներով են առաջնորդվելու, հաշվի՞ են առնելու իրենց կրթությունը, վերապատրաստման դասընթացներին մասնակցած լինելը, աշխատանքային ստաժը, թե՞ այդ ամենը հաշվի չի առնվելու։



Մեր զրուցակիցներն իրենց մտահոգությունն արտահայտեցին, որ քանի ամիս է, ինչ կենտրոնը լիարժեք չի աշխատում, մի քանի հոգու են պահում միայն։



«Բոլորս ուղարկել ենք մեր ռեզյումեները, գրել դիմումները, սակայն մինչեւ հիմա ոչ մի նորություն չկա»,- ասում են նրանք։ Իսկ մինչ այդ նրանք զբաղվել են հիվանդությունների պատճառները, այս կամ այն օղակի սխալները բացահայտելով, անճշտությունները վեր հանելով։



Խմբագրություն դիմած քաղաքացիների հետագա գործունեության մասին պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին։ Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ լուծարվելուց հետո առողջապահական պետական տեսչության Երեւանի քաղաքային կենտրոնն այլեւս իրենց ենթակայության ներքո չի գործում, այն տեսչական մարմնի վերածվելուց հետո ենթարկվելու է այսուհետ կառավարությանը։ Իսկ նշված կենտրոնից, ինչպես նաեւ առողջապահական պետական տեսչությունից այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։



**Թագուհի Հակոբյան**