Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային պետք է անգամ ոգեվորի

Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային պետք է անգամ ոգեվորի
Կառավարության նիստերը, մեծ հաշվով, ձեւական բնույթ են կրում, քանի որ կառավարության որոշումների հետ կապված հիմնական քննարկումներն իրականում տեղի են ունենում նիստից առաջ՝ տարբեր փուլերով։ Նախ՝ ցանկացած նախագիծ, մինչեւ կառավարության նիստի օրակարգ հասնելը, մի քանի ինստանցիաներով է անցնում՝ ուղարկվում է շահագրգիռ կառույցներին, տարբեր նախարարություններ, միջգերատեսչական հանձնաժողովին՝ եթե դրա կարիքը կա, անպայման ստանում է կարգավորման ազդեցության գնահատականը՝ ԿԱԳ-ն, ուղարկվում է նաեւ արդարադատության նախարարություն՝ եզրակացության, ապա քննարկվում է նախարարների կոմիտեի նիստերում, վերջում նոր մտնում է կառավարության նիստերի օրակարգ ու ներկայացվում հերթական նիստին։ Այսինքն՝ վարչապետին ու նախարարներին շատ բան չի մնում քննարկելու՝ ընդամենը զեկուցել, «դեմ կարծիքներ» չհայտնել եւ արագ ընդունել, քանի որ մինչ այդ տվյալ նախագիծը մանրակրկիտ քննարկում է անցել, վերջում էլ նախնական փակ նիստում երկար ու մանրամասն քննարկվել։ Այնպես որ՝ կառավարության նիստն ու այնտեղ կատարվող իրադարձությունները հիմնականում հասարակության իրազեկմանն ուղղված գործընթաց են՝ դեմոկրատիայի պահանջներին ուղղված, լրագրողների աշխատանքը հեշտացնող։



Անշուշտ, երբեմն նաեւ պատահում է, որ այս կամ այն նախագիծը թերի մշակված է ներկայացվում նիստին, եւ վարչապետը դիտողություն է անում տվյալ նախագիծը զեկուցող նախարարին։ Այս դիտողությունները մամուլի համար «փոքրիկ ուրախություններ» են, որոնք ապահովում են կառավարության նիստի դրայվն ու հասարակության հետաքրքրությունը նիստի եւ որոշումների նկատմամբ։ Բայց մամուլը միայն այդ ձեւական դիտողությունների համար չէ, որ ուղիղ հեռարձակմամբ հետեւում է կառավարության նիստերին։ Մենք գրում ենք այն նախագծերի մասին, որոնք կարեւոր են եւ կարող են էական ազդեցություն ունենալ մեր կյանքի որակի վրա։



Բայց իշխանությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ձեռքով որոշել է զրկել մեզ ոչ միայն այդ «փոքրիկ ուրախություններից», այլեւ ամենակարեւորից՝ կառավարության ընդունած որոշումների մասին «առաջին ձեռքից» տեղեկանալու եւ այն հանրությանը հասցնելու հնարավորությունից։ Որոշել են կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումը դադարեցնել եւ լրագրողներին թույլ չտալ, որ առցանց լուսաբանեն նիստերը։ Նախարարը նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը բացատրում է ժողովրդավարությամբ։ Ասում է՝ մենք խանգարում ենք իրենց ազատ ու անկաշկանդ քննարկելու հարցերը։ Մինչդեռ, նկատենք, կառավարության նիստերն առանց այդ էլ շատ փակ են՝ օրակարգում լինում են բազմաթիվ չզեկուցվող հարցեր, նիստից հետո անցնում են գաղտնի ռեժիմի եւ անջատում հեռարձակումը, նիստից առաջ էլ փակ ռեժիմով նախանիստեր են անում։ Ու դեռ բողոքում են, թե մենք՝ լրագրողներս, էկրանից այն կողմ հետեւելով իրենց նիստերին, կաշկանդում ենք իրենց։ Երեւի ուզում են մոխրամանը շպրտել իրար վրա, հայհոյել, ձեռնամարտի անցնել, եթե մեկը հանդգնի դեմ արտահայտվել որեւէ նախագծի, բայց մեզանից քաշվում ու չեն անում։ Նույն տրամաբանությամբ՝ կարող են արգելել նաեւ Ազգային ժողովի նիստերի դռնբաց լինելը, որովհետեւ լռակյաց պատգամավորները գուցե լրագրողներից են կաշկանդվում, որ տարիներով մի բառ անգամ չեն արտաբերում։ Եվ փակ քննարկումների ժամանակ կիսագողական, կիսագրագետ պատգամավորներն ավելի անկաշկանդ կզգան իրենց։



Այս օրերին նախկին եւ ներկա պաշտոնյաների մի մասը փորձում է արդարացնել այս նախագիծը։ Բայց հիմնական մասը թաքուն կամ բացահայտ քննադատում է։ Ամենաբարդ վիճակում Հարությունյանի մտերիմներն են՝ իրենց քավորի, ընկերոջ կամ բարեկամի նախագծին դեմ արտահայտվելը բարդ է, կողմ արտահայտվելու դեպքում էլ կդառնան լրագրողների թշնամին։



Նախկին սոցապնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր **Գեւորգ Պետրոսյանը**, օրինակ, կարծում է, որ սա հակասում է ժողովրդավարության հիմունքներին։ «Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի»,- ասաց Պետրոսյանը։



Ֆինանսների նախկին փոխնախարար, էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական **Պավել Սաֆարյանը** «միանշանակ անկեղծ» պատասխանեց, որ իրեն կաշկանդում էր լրագրողների կողմից նիստերին հետեւելը։ «Մանավանդ էսօրվա մեր լրատվությունն էլ գիտես ոնց է… մարդիկ նախընտրում են չխոսեն ընդհանրապես, որովհետեւ երկրորդական բաները, փաստորեն, ավելի են կարեւորվում, քան էն էականը։ Երբ որ ժամանակին չէին հեռարձակում, կառավարության նիստերն ավելի աշխատանքային էին անցնում»,- ասաց նա։



Իսկ էկոնոմիկայի նախկին նախարար, Տիգրան Սարգսյանի ժամանակ աշխատած **Վահրամ Ավանեսյանին** երբեւէ չի կաշկանդել լրագրողների ներկայությունը։ Բայց կարծում է, որ կառավարման տարբեր մեթոդներ կան։ «Էնպես չէ, որ Տիգրան Սարգսյանը սխալ որոշում էր կայացրել։ Կան կառավարման տարբեր մեթոդներ։ Երկու դեպքում էլ հնարավոր է թափանցիկությունը պահել կամ կոծկել։ Բայց կան քննարկումներ, որ ներքին քննարկումներ են, ու կարծում եմ, որ էդ էլեմենտը միշտ պետք է կառավարությունում լինի։ Ուզում եմ ասել, որ թափանցիկությունը նրանում չէ, որ կառավարության նիստը բաց լինի, այլ այն է, թե որոշումներ ընդունելիս դու կարողանո՞ւմ ես բացատրել կամ բացատրո՞ւմ ես, ընդհանրապես, թե՞ ոչ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը։



Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար **Արսեն Քարամյանն** էլ բռնեց Դավիթ Հարությունյանին պաշտպանելու գիծը։ Նա նախ խրոխտ հայտարարեց, թե ինքը երբեւէ չի կաշկանդվել որեւէ մեկի ներկայությունից կամ աչքերից․ «Ես ինչ ուզել, արել եմ, ոչինչ չեմ զսպել»։ Ապա ավելացրեց, որ կառավարության նիստերն իրականում ֆորմալ բնույթ են կրում, ու ոչ մի լուրջ քննարկում տեղի չի ունենում, իրական քննարկումները նախանիստերի ժամանակ են լինում։ Հետեւաբար չի կարծում, թե արժե, որ այդ ֆորմալ նիստերին մենք հետեւենք։ Նկատեցինք, որ այս նախագիծը գրվել է ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համար, որ նրան մեկուսացնեն լրագրողներից։ Քարամյանը զարմանալի բացահայտում արեց․ «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների համար միշտ բաց է եղել։ Դուք տասը տարվա ընթացքում հիշո՞ւմ եք էդպիսի բան, որ նա խուսափի լրատվամիջոցներից»։ Նա կարծում է նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր ճանաչած երեք ՀՀ նախագահներից ամենաշատ շփվողն է մամուլի հետ։ Բայց չհստակեցրեց, թե մամուլ ասելով ինչ նկատի ունի՝ իշխանական լրատվամիջոցնե՞րը, թե՞ Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակում» հայտնված ազատ մամուլը, որի համար նախագահականի դռները միշտ փակ են։



Կառավարության նիստերին մասնակցող, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ **Վազգեն Սաֆարյանն** էլ լրիվ հակառակ կարծիքի է։ Նա չի կարծում, որ մինչեւ հիմա լրագրողների մասնակցությունը խոչընդոտել է կառավարության աշխատանքներին։ «Եթե կան առանձին հարցեր, որոնք որ գաղտնիություն են ապահովում, դրանք միշտ էլ կառավարությունը փակ ռեժիմով է անցկացնում։ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Էն հարցերը, որոնք հանրությանը հուզում են, ինչո՞ւ պիտի հանրությունն առաջին ձեռքից չիմանա։ Ես կարծում եմ՝ որքան թափանցիկ լինի կառավարության գործունեությունը, այնքան ավելի արդյունավետ կլինի»,- ասաց պարոն Սաֆարյանը։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**