Իրանը չի՞ հանձնվի

Իրանը չի՞ հանձնվի
Արդեն մեկ շաբաթ է՝ Իրանում զանգվածային ցույցեր են: Երկրի նախագահն ասել է, որ մարդիկ բողոքելու իրավունք ունեն, բայց չպետք է խախտեն օրենքները: Հոգեւոր առաջնորդը մեղադրել է արտաքին ուժերին: Մինչդեռ Իսրայելի վարչապետը համոզված է, որ իսլամական ռեժիմը մի օր տապալվելու է, եւ իրանցիներն ու իսրայելցիները վերստին լինելու են բարեկամներ: Մերձավոր Արեւելքում ինչ-որ բան, կարծես, այնպես չի ստացվում, եւ ԱՄՆ-ն ու Իսրայելը հայտարարել են Իրանին զսպող համատեղ քայլեր սկսելու մասին: Թեհրանում կարծում են, որ երկրի դեմ գործում է նաեւ Սաուդյան Արաբիան: Նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Իրանը Մերձավոր Արեւելքում մեծացնի ազդեցությունը:



Խնդիրն, այդուհանդերձ, պետք է ունենա նաեւ ներքին ազդակներ: Շուտով կլրանա իսլամական հեղափոխության 50-ամյակը: Կես դար է՝ Իրանում իշխում է կրոնապետությունը: Իրանը գաղափարականացած երկիր է: Պետական ուսմունքը թշնամի է հռչակել Իսրայելին եւ ԱՄՆ-ին: Կարելի է ասել՝ ոչ իսլամական քաղաքակրթությունը հայտարարված է օրենքից դուրս: Համակեցության իսլամական նորմերը խախտողները դաժանորեն պատժվում են: Ցույցերի ժամանակ հնչել են կոչեր՝ ընդդեմ ազգային հարտության հաշվին արտերկրում Իրանի կողմից ձեռնարկվող քայլերի: Ուրեմն հարկ է փաստել, որ Իրանում կան իսլամական հեղափոխության արտահանման պետական քաղաքականությունը մերժող հասարակական տրամադրություններ: Դա նույնն է, ինչ պոստբրեժնեւյան ԽՍՀՄ-ում մարդիկ դժգոհում էին սոցիալիստական ընտրությանը հատկացումներից եւ գտնում, որ սեփական կարիքները պետք է հոգալ, ոչ թե աջակցություն ցուցաբերել աֆրիկյան կամ ասիական մի երկրի, որ բռնապետն իրեն սոցիալիզմի հետեւորդ է հռչակել: Իսլամական հեղափոխությունից կես դար անց Իրանը տարածաշրջանում իր փորձը չի կարողացել տարածել եւ ոչ մի երկրում: Նրա համար փակ է նաեւ պոստխորհրդային տարածքը:



Ի՞նչ է հուշում այս իրողությունը: Ըստ երեւույթին, Իրանում հասկանում են, որ իսլամական հեղափոխության գաղափարը ձախողված է, բայց չեն կարողանում այդ մասին բարձրաձայնել: Ինչպես որ խորհրդային վերջին շրջանի ղեկավարներին էր պարզ, ոչ ոչ մի զարգացած սոցիալիզմ էլ չի կառուցված, սակայն փարիսեցիաբար լռում էին: Ո՞վ կհայտարարի, որ Իրանին պետք են բարեփոխումներ: Երկրի նախագա՞հը, թե՞ հոգեւոր առաջնորդը: Հույս փայփայել, որ ոչինչ տեղի չի ունենա՝ կլինի Իրանի ղեկավարության մեծագույն սխալը: Եթե չհաղթի ռեֆորմացիան, Իրանին սպասում են մեծ փորձություններ: Եւ նա վաղ թե ուշ կհանձնվի արտաքին ուժերին:



Վահրամ Աթանեսյան