Թերաճ երեխաներ մեծանում են նաեւ բարեկեցիկ ընտանիքներում․ ցուցանիշները մտահոգիչ են

Թերաճ երեխաներ մեծանում են նաեւ բարեկեցիկ ընտանիքներում․ ցուցանիշները մտահոգիչ են
Մեր երկրում վերջին 10 տարիներին աղքատության խորացման մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանում աղքատության մակարդակը 1,8 տոկոսով գերազանցում է 2008թ․ աղքատության մակարդակը։ 2008թ․ ՀՀ բնակչության 27,6 տոկոսն է եղել աղքատ, իսկ 2016թ․՝ 29,4 տոկոսը։ Իսկ ծայրահեղ աղքատությունը Հայաստանում կազմել է 1,8 տոկոս։ Առանձին վերլուծության թեմա է, թե աղքատությունն այլ՝ ինչ անցանկալի երեւույթներ կարող է ծնել։



Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի հետ զրույցի նպատակն էր՝ պարզել, թե քանի տոկոս են կազմում մեր երկրում թերսնված երեխաները, ինչ հետազոտություններ են անցկացվել նրանց մասին, ինչ քայլեր են արվում՝ կանխելու երեխաների թերսնումը։ Նունե Փաշայանը ներկայացրեց 2015թ․ դեկտեմբերի 8-ից մինչեւ 2016թ․ ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ առողջապահության նախարարության անցկացրած «Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը»։



Մեր զրուցակիցը նշեց, որ հինգ տարին մեկ անգամ են անցկացնում նման հետազոտություններ, որոնց արդյունքում էլ հաջողվում է ստանալ թերսնվող երեխաների մասին տեղեկատվություն։ 2010թ․ հետազոտության արդյունքները եղել են բավականին տխուր․ 0-5 տարեկան երեխաների շրջանում թերաճությունը կազմել է 19 տոկոս, որից 22 տոկոսը եղել է գյուղական վայրերում, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 17 տոկոս, 8 տոկոսն էլ եղել է խիստ թերաճ։ Թերաճությունը հասակ-տարիք հարաբերակցությունն է, այլ կերպ ասած՝ կարճահասակությունը։



Թերաճությունը, ըստ Նունե Փաշայանի, պայմանավորված է խրոնիկ թերսնուցմամբ, երբ երեխան ընդունում է ոչ բալանսավորված սնունդ, որում առկա է սպիտակուցների պակաս։ Թերաճության ցուցանիշն, ըստ Նունե Փաշայանի, բարձր է կրթական ցածր ցենզ եւ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող ընտանիքներում։ Իսկ ահա 2015-16թթ․ նույն հետազոտությունը փոքրիշատե ուրախանալու առիթներ են տվել։



Այդ հետազոտության արդյունքներով՝ թերաճության ցուցանիշը կազմել է 9 տոկոս, գրեթե կրկնակի կրճատվել է այն դեպքում, երբ թերսնման մակարդակը մնացել է նույնը։ Կրճատվել է նաեւ թերքաշությունը՝ կազմելով 3 տոկոս։ 2010թ․ թերքաշության ցուցանիշը, ըստ մեր զրուցակցի, կազմում էր 5 տոկոս։ 2015-16թթ․ հետազոտության արդյունքներով՝ միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում երեխաների թերաճությունը հասնում է 17,3 տոկոսի, իսկ բարձրագույն կրթություն ունեցող մայրերի երեխաների շրջանում՝ 7,3 տոկոսի։ Կրծքով սնուցման համար էլ ուրախանալու առիթներ կան։ «Եթե 2010թ․ մինչեւ 6 ամսական երեխաների կրծքով սնուցումը կազմում էր ընդամենը 35 տոկոս, ապա վերջին հետազոտության տվյալներով՝ այդ ցուցանիշը հասավ մինչեւ 45 տոկոսի»,- ասաց Նունե Փաշայանը։



Այդ ցուցանիշների աճը մեր զրուցակիցը պայմանավորում է քարոզչությամբ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացրել են «Կարեւոր է առաջին 1000 օրը» քարոզչական կամպանիա, որը վերաբերում է հղիության ինն ամիսներին եւ մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալուն։ Իսկ այդ կամպանիայի ընթացքում էլ մշակել են երեխայի սնուցմանը վերաբերող, կերակրող մայրերին ուղղված ուղեցույցներ։ «Բոլոր մարզերի բուժաշխատողները կրթվեցին այդ ուղեցույցներով։ Բացի դրանից՝ բոլոր մարզերում ստեղծվեց 101 ռեսուրսային կենտրոն՝ ամբուլատորիաների բազայի վրա, որտեղ էլ մայրերն ուսանում էին վաղ տարիքի երեխայի սնուցման սկզբունքները։ Տեղեր կային, որտեղ մայրերը սովորում էին, թե ինչպես պետք է պատրաստել երեխաների համար ճաշատեսակներ»,- նշեց Նունե Փաշայանը։



2015թ․ էլ առաջին անգամ առողջապահական բյուջեում գումար է տրամադրվել՝ երեխաներին առողջ սնունդ տալու քարոզչության նպատակով․ տպագրվել են բուկլետներ, որոնք տրամադրվել են պոլիկլինիկայում հաշվառված երեխաներին։ Մեր դիտարկմանը, թե աղքատությո՞ւնը չէ հիմնական պատճառը, որ երեխաները թերսնվում են, ինչո՞ւ են շեշտը դնում կրթական ցածր ցենզի վրա, Նունե Փաշայանն արձագանքեց․ «Կա եւ՛ նա, եւ՛ նա։ Բայց ժողովրդավարության եւ առողջության հարցերի հետազոտությունը ցույց տվեց, որ կան նույնիսկ բարեկեցության բավականին բարձր մակարդակ ունեցող ընտանիքներ, որտեղ առկա է երեխաների թերսնուցման խնդիր։ Իհարկե, աղքատ ընտանիքներում այդ ցուցանիշն ավելի բարձր է։ Բայց բարեկեցիկ ընտանիքներում թերսնման խնդիրը ցույց է տալիս, որ մայրերը սխալ են կերակրում իրենց երեխաներին։ Նույն թերաճ երեխան կարող է չաղլիկ լինել։ Բայց դա չի նշանակում, որ երեխան թերսնված չէ»։ Որպես օրինակ՝ նա նշում է, որ ոչ բարեկեցիկ ընտանիքներում թերաճությունը կազմում է 12 տոկոս, իսկ ամենաբարեկեցիկ ընտանիքներում այն կազմում է 5,9 տոկոս։ Իսկ թերսնման հետեւանքով կարող են առաջանալ անդառնալի հետեւանքներ։



**Թագուհի Հակոբյան**