Տնօրենի՝ քաղաքապետի բարեկամ լինելն ի՞նչ կապ ունի դպրոցների միավորման հետ. Շիրակի մարզի կրթության վարչության պետ

Տնօրենի՝ քաղաքապետի բարեկամ լինելն ի՞նչ կապ ունի դպրոցների միավորման հետ. Շիրակի մարզի կրթության վարչության պետ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 7-րդ ավագ դպրոցը վերջնականապես լուծարվեց: Կառավարության որոշմամբ՝ թիվ 7 ավագ դպրոցը միավորվեց թիվ 3 ավագ դպրոցին, որին դեմ էին լուծարվող դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերին դպրոցը փակելու որոշման հետ կապված թիվ 7 ավագ դպրոցի ողջ ուսուցչական կոլեկտիվն աշակերտների հետ միասին գործադուլ և դասադուլ էին հայտարարել:



Ինչևէ, դասադուլն ու գործադուլն արդյունք չտվեցին: 240 աշակերտներից 90-ը տեղափոխվել են թիվ 3 ավագ դպրոց: Եթե աշակերտների բաշխումը խնդիր չի առաջացրել, ապա լուրջ խնդիր է ուսուցիչներին տեղավորելու հարցը: Թիվ 7 ավագ դպրոցի ուսուցչուհիներից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը, hraparak.am-ին է դիմել՝ արտահայտելով բողոքը:



«Մեր դպրոցի 30-ից ավել ուսուցիչներից միայն կեսին են գործի տեղավորել, մի քանիսին էլ արդեն որոշել են՝ թոշակի ուղարկել, մի խոսքով իրենց այդպես էր հարմար, մեզ էլ դարձրեցին գործազուրկ, վերջացավ-գնաց: Թիվ 3 ավագ դպրոցում տեղավորված կոլեգաններս էլ մի երանելի վիճակում չեն, իրենց ուսուցիչներից խլել են դասաժամերը, ընդամենը 7-8 դասաժամ են հատկացրել: Այդպես համ աշխատանքային մթնոլորտն են փչացրել, համ ստացած աշխատավարձերը կրճատել »,- պատմեց արդեն նախկին թիվ 7 դպրոցի ուսուցչուհին:



Նրա խոսքերով՝ կառավարությունն հիմնավորեց, թե իրենց դպրոցի շենքային պայմանները սարսափելի են, մինչդեռ Արթիկի թիվ 7 դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո էր կառուցվել և ավելի նոր է, քան թիվ 3 դպրոցը, որը շահագործման է հանձնվել 1950-ականներին։ Արթիկում պտտվող խոսակցություններից մեկն այն է, որ իրականում, թիվ 7 դպրոցին պետք է միանար 3-ը, բայց տեղի ունեցավ հակառակը:



Թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Աշոտ Վարագյանը քաղաքապետ Մխիթար Վարագյանի ազգականն է: Եւ հանելուկը հենց այստեղ է, որ թիվ 3 ավագ դպրոցը պահպանվեց, իսկ 7-ը՝ օպտիմալացում անվան տակ լուծարվեց: Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Աշոտ Վարագյանի հետ մեզ զրուցել չհաջողվեց, նա տեղում չէր, իսկ աշխատակցուհու փոխանցմամբ տնօրենը կադաստրում է, հնարավոր է՝ ուշ վերադառնա: Արթիկի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Ավետիք Կնյազյանն էլ փոխանցեց, թե դպրոցը նախարարության ենթակայության տակ է, մանրամասներից տեղյակ չէ:վ«Միայն կարող եմ ասել, որ դպրոցի ուսուչական եւ աշակերտական կազմն արդեն տեղափոխվել է թիվ 3 դպրոց, ավելին չգիտեմ»,-ասաց քաղաքապետարանի կրթության բաժնի պետը:



Զրուցեցինք Շիրակի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Հրայր Կարապետյանի հետ: «Ինչո՞ւ է օպտիմալացվել 7-րդ դպրոցը եւ ոչ 3-րդը, որովհետև 7-րդի շենքային պայմանները չէր ներում, ոչ բարվոք վիճակում էր գտնվում տանիքը, ձյունն ու անձրևաջրերը լցվում էին դասասենյակները, սնկային հիվանդություն էր տարածվում : Իսկ ինչ վերաբերվում է ուսուցիչներին, 30 ուսուցչից 23-ը արդեն տեղավորվել են թիվ 3 ավագ դպրոցում, դուրս են մնացել միայն 7-8 ուսուցչուհի : Նրանց համար էլ անում ենք ամեն հնարավորը հանրակրթարաններում տեղավորելու համար»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան՝ միաժամանակ չհերքելով, որ աշխատանքի տեղավորված ուսուցիչները դրույքաժամերի հետ կապված խնդիրներ ունեն:



Հրայր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ որքանով են իրական խոսակցությունները, թե թիվ 3 ավագ դպրոցի տնօրենը վայելում է քաղաքապետ ազգականի հովանավորությունը: «Նման բան չկա, իրականում չգիտեմ էլ ազգականն են, թե ոչ, բայց տնօրենի՝ քաղաքապետի բարեկամ լինելն ի՞նչ կապ ունի դպրոցների միավորման հետ, դրանք անհեթեթ խոսակցություններ են, ուրիշ ոչինչ»,-եզրափակեց նա:



**Արևիկ Հակոբյան**