Կարինե Հարությունյանը՝ Բրյուսովի ռեկտորի միակ թեկնածու

Կարինե Հարությունյանը՝ Բրյուսովի ռեկտորի միակ թեկնածու
Ռեկտորների ընտրություններն այնքան ձեւական են դարձել, որ իշխանական «անցողիկ» թեկնածուից բացի այլեւս ոչ ոք չի առաջադրվում, մինչդեռ ժամանակին թեժ պայքար էր լինում, մի քանի թեկնածուներ էին առաջադրվում, եւ դրանից շահում էր բուհն ու կրթությունը։



Մենք գրել էինք, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հոկտեմբերի 25-ին մրցույթ էր հայտարարվել, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը, դրանից հետո կլինի փակ, գաղտնի քվեարկություն։ Մեր տեղեկություններով՝ սահմանված 30-օրյա ժամկետում ռեկտորի պաշտոնի համար բացի ռեկտորի ներկայիս պաշտոնակատար **Կարինե Հարությունյանից**, ոչ ոք չի դիմել, նա միայնակ «կպայքարի»։ Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց  ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար **Հասմիկ Փիլավջյանը։**



Ի դեպ, Կարինե Հարությունյանը ԿԳ նախկին փոխնախարարն է, ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է: Մենք բազմաթիվ անգամներ փորձել ենք կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Բուհական պատերի ներսում էլ ուսանողները կես կատակ, կես լուրջ ասում են․ «Նրա մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի տեսել»։