ԲՈՀ-ը սպառե՞լ է իրեն, թե՞ աշխարհի հետ ոտք մեկնելու համար դեռ ճանապարհ պետք է անցնենք

ԲՈՀ-ը սպառե՞լ է իրեն, թե՞ աշխարհի հետ ոտք մեկնելու համար դեռ ճանապարհ պետք է անցնենք
Միաստիճան գիտական համակարգին անցնելու մասին տևական ժամանակ է՝ խոսվում է։ Վերջերս Գիտության պետական կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ նախագծի ընդունվելու դեպքում բարձրագույն որակավորման հանձնաժողովը դառնում է ավելորդ։ Դրանից զատ՝ երկրում պետք է սահմանվի միաստիճան գիտական համակարգ։ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը օրենքի նախագծի վերաբերյալ hetq.am-ին ասել է․ «Այս միաստիճան համակարգին անցնելու մասին երեւի 20 տարի կրկնում էի․ վատ բան չէ, բայց ինձ թվում է, որ այս թոհուբոհի հիմնական նպատակը ԲՈՀ-ին կուլ տալն է»։ Նա նաեւ հավելել է․ «Հիմա նայեք ինչ աբսուրդ է՝ գիտության պետական կոմիտեին օրինագիծ մշակելու իրավունք են տվել, որի հիմնական նպատակը ԲՈՀ-ին կուլ տալն է»։



Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նշեց․ ««Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը գիտության պետական կոմիտեն բոլորովին վերջերս շրջանառության մեջ է դրել, եւ փաստորեն այդ օրենքին դեմ դուրս եկան Գիտությունների ազգային ակադեմիան, ռեկտորների խորհուրդը՝ իրենց գրավոր բացասական կարծիքներով։ Այդ օրենքը բավական անկատար է, հստակ չհիմնավորվող։ Ես փորձել եմ բացատրել, որ այդ օրենքն անիմաստ է եւ որեւէ խնդիր չի լուծում երկրի համար։ Դեռ ընդհակառակը՝ կառաջացնի բազմաթիվ բարդություններ»։ Ինչ վերաբերում է միաստիճան համակարգին անցնելուն, որի դեպքում չի լինի թեկնածուի աստիճանը, ապա Լիլիթ Արզումանյանը նկատում է, որ կա թյուրըմբռնում՝ հանվում է ոչ թե թեկնածուի գիտական աստիճանը, այլ անունն են փոխում՝ դնում դոկտոր։ «Օրենքի նախագծով նախատեսվում է մեկ գիտական աստիճան։ Սակայն ես դրա իմաստը չեմ հասկանում, որովհետեւ որեւէ ձեւով այն հիմնավորված չէ։ Այսօր աշխարհի շատ երկրներում ընդունված է երկաստիճան համակարգը»,- արձագանքեց Լիլիթ Արզումանյանը։ Հարցին, թե ԵՄ անդամ երկրներո՞ւմ էլ է գործում երկաստիճան գիտական համակարգը, Լիլիթ Արզումանյանը պատասխանեց․ «10-ից ավելի երկրներում՝ այո, երկաստիճան կրթական համակարգ է»։



Մեր դիտարկմանը, որ խոսվում է այն մասին, թե մեր կրթական համակարգը պետք է համապատասխանի արեւմտյան կրթական համակարգի չափորոշիչներին, ԲՈՀ-ի նախագահն արձագանքեց․ «Ես կարող եմ ասել, որ արեւմտյան կրթական չափորոշիչներից մեզ համար կարող է ընդունելի լինել գերմանական կրթական համակարգը, որը դրված էր ռուսական կրթական համակարգի հիմքում, ինչն էլ մենք վերցրել ենք։ Այսինքն՝ մեր կրթական համակարգը շատ չի տարբերվում գերմանական համակարգից»։ ԲՈՀ-ի նախագահը կարծում է, որ այդ տեսքով օրենքը չի մտնի ԱԺ՝ քննարկման։ «Ես կարծում եմ, որ այսօր կա որեւէ գիտնական, որը տեղյակ է, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ վարկանիշ ունեն այսօր մեր բուհերը, եւ ինչ կարժենա այդ ամենը երկրի համար, եթե պետությունը չտա այդ վկայագիրը։ Ես չգիտեմ, թե ինչ նպատակով են ավելորդ համարում այն օղակը, որը պետական նմուշի վկայագիր է տալիս»,-ասաց նա։ ԲՈՀ-ի նախագահի դիտարկմամբ՝ պետք է հետեւել աշխարհի փորձին, ծանոթանալ, տեղայնացնել, բայց աշխարհի հետ ոտք մեկնելուց առաջ պետք է երկար ճանապարհ անցնենք։ Չէ՞ որ, այսօր Եվրոպայում շատ հայտնի համալսարաններ կան։



Արեւելագետ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովը հատուկ էր խորհրդային կրթական համակարգին, որտեղ մենաշնորհային էր նաեւ գիտությունը։ Իսկ գիտության վերահսկողությունն էլ, ըստ նրա, իրականացվում էր նաեւ ԲՈՀ-ի միջոցով։ «Մեր պայմաններում չկա ԲՈՀ-ի կարիքը, քանի որ իրականում չկա համալսարանների, բարձրագույն կրթական հաստատությունների շուկա։ Հայտնի է, որ ավարտական վկայականներն արժեւորվում են՝ ըստ շուկայի։ Օրինակ՝ Ցյուրիխի համալսարանի վկայականն ու Գյանջայի համալսարանինը չես համեմատի միմյանց հետ, շուկայում դրանք տարբեր գին ունեն։ Այսինքն՝ ԲՈՀ-ի կարիքը չկա»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է միաստիճան համակարգին, ապա Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ դա թույլ է տալիս մեզ համահունչ լինել արտաքին աշխարհին։ Ըստ նրա՝ երկաստիճան համակարգը կարեւորվում էր ԽՍՀՄ օրոք, քանի որ բանվորա-գյուղացիական երիտասարդությունը, որը կրթություն չուներ, սկզբից սովորում էր ասպիրանտուրայում, որպեսզի դառնա գիտությունների թեկնածու։ Իսկ դրանից հետո էլ նրանք դառնում էին դոկտոր։ «Հասկանալի է, որ այդ համակարգի տրամաբանությունը վաղուց սպառել է իրեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ պետք էր ավելի վաղուց անցնել այդ համակարգին։



**Թագուհի Հակոբյան**