Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու մոտ․ 2017 թ․ նոյեմբեր․․․

Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու մոտ․ 2017 թ․ նոյեմբեր․․․
Այսօր Ազգային Հերոսը կդառնար 75 տարեկան ․․․Սովորությանս համաձայն, Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկին, ուր տեղադրված է Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին, որն, իդեպ, հուրախություն բոլորիս, բացառիկ հաջող հուշարձան է, սկսեցի հավաքել դրա մոտակայքում ընկած ինչ-ինչ տերևներ, թղթեր և այլն, հետո, ինչպես միշտ, մտա մոտակայքում գտնվող ծաղկի խանութ․․․Ծագումով ղարաբաղցի Էլյան միանգամից հարցրեց․ «Կոմանդիրի համա՞ր եք ծաղիկ վերցնում»։ Նա, ինչպես միշտ, փորձեց ալ ծաղկեփունջը շատ ավելի էժան գնով վաճառել, քան նշված էր գնացուցակում, ես էլ, ինչպես միշտ, ըմբոստացա․․․ Դրեցի ծաղիկները, և ինչպես միշտ, մի քանի րոպե կանգնեցի կիսանդրու մոտ։ Մոտեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, և, ջերմորեն բարևելով, ասաց․ «Շնորհակալությու՛ն»։ Զարմացա․ «Այդ իրեն՝ Լեոնիդին, շնորհակալություն պիտի ասենք, որ այսօր վայելում ենք կյանքը»։ Խորենացու փողոցի կողմից մեզ մոտեցավ ռեժիսոր և սցենարիստ Պարգևը (ցավո՛ք, ազգանունը չգիտեմ), անբռնազբոս խոսակցության բռնվեցինք՝ հենց Լեոնիդի խրոխտ հայացքի ներքո․․․ Կամաց-կամաց այլ ծանոթ-ընկերներ հավաքվեցին, ամեն մեկը ինչ-որ դրվագներ էր հիշում Լեոնիդ Ազգալդյանի հետ կապված․․․ Մի կես ժամ անց կամաց-կամաց ինքնաբուխ միտինգն ավարտվեց, հերոսական հուշերից ամեն մեկը շտապեց վերադառնալ իր կենցաղային առօրյաին․․․ Խոնարհվելով մերօրյա Նժդեհի հուշարձանի առջև, նորից հիշեցի արդեն հեռավոր 1990-ը․․․ Երասխի դեպքերն էին, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի կողմից հիմնադրված Անկախության բանակի մարտիկները այնտեղ էին․․․ Հավաքվել էինք այն ժամանակ Ճարտարապետների տանը գտնվող կուսակցության/բանակի շտաբում։ ․․․Երասխավանից վերադարձավ Լեոնիդը․․․ «Լեոնի՛դ, ես էլ եմ գալիս հետդ Երասխ»՝ պնդեցի․․․ «Ես էդպիսի հրաման չունե՛մ», կտրեց հրամանատարը․․․ ․․․Արցախի ազատագրական պատերազմի ընթացքում եղա այնտեղ՝ Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակի» մասին լեգենդներ էին պատմում․․․ ․․․1992-ի ամառային մի օր մոտս եկավ Սաքոն՝ լուսահոգի ընկերս, ով, մեր ընդհանուր ընկերների կարծիքով, ընկերոջ համար «դոշ տվող» էր․․․ «Խմելու բան ունե՞ս», հարցրեց նա։ Մեկ, երկու, երեք բաժակ օղի իրար վրա խմեց, սակայն արբածության նշույլ անգամ չկար․․․ «Լեոնիդը զոհվեց», ասաց Սաքոն, ում մորաքրոջ ամուսին Գարիկը Ազգալդյանի մոտ ազգականներից էր․․․



«Հոգեհանգստի սեղանին մի գրամ ալկոհոլ չկար, սփյուռքահայ լուրջ «կոմմանդո» տղերքը չէին էլ ծխում, միայն ասում ու ասում էին․ ՈՒՍՈՒՑԻ՛Չ», շարունակեց ընկերս․․․ Տարիներ հետո հանդիպեցի Արկադի Տեր-Թադևոսյանին՝ «Կոմանդոսին», նա ինձ պատմեց․«Պատկերացնու՞մ ես, երբ Ղարաբաղում ես՝ կադրային սպաս, հանդիպեցի Լեոնիդին, առաջին հարցը, որ նա ինձ տվեց, հետևյալն էր․ «Իսկ Դուք ի՞նչ գրքերով եք ռազմարվեստ սովորել», և մի փոքր-ինչ անց պայուսակից սկսեց հանել իր ունեցած գրքերը՝ ռազմարվեստի դասագրքերը․․․» «Մեր ավագ ընկերը»՝ այսպես է խոսում Ազգալդյանի մասին գործարար և մտավորական Արսեն Ղազարյանը, և բոլորովին վերջերս իմացա, որ իր հիմնադրած ընկերությունը իր անվանումով՝ «Ապավեն»՝ պարտական է համանուն հիմնադրամին, որը՝ «Զարթոնք» հիմնադրամի հետ միասին (հիմնադիր՝ Աշոտ Աղաբաբյան) ստեղծվեց ազգային-ազատագրական պայքարին ստարելու համար․․․ ․․․«Դուք Լեոնիդ Ազգալդյանի զինվորներից եք եղե՞լ»՝ հիշողություններից և մտորումերից ինձ իրականություն բերեց հուշարձանին ծաղիկներ դնող փողկապով և տոնական կոստյումով մի երիտասարդի հարցը։ Շրջվեցի՝ սպիտակ զգեստով անզուգական գեղեցկության մի աղջիկ էր տղային թևանցուկ արել․ Հարցի հարցով պատասխանեցի․ «Նորապսակներ ե՞ք»։ Երիտասարդն ասաց․ «Այո՛, պարոն, հենց նոր պսակադրվեցինք Սուրբ Սարգիս եկեղեցում․․․Գիտե՛ք, հայրս Լեոնիդի հետ գիտահետազոտական ինստիտուտում է աշխատել, մտերիմ ընկերներ էին»։ Ո՛չ, տղաս, ես ՄԵԾՆ ԼԵՈՆԻԴԻ զինվորը լինելու պատիվը չեմ ունեցել, և ցավում եմ դրա համար․․․ Սակայն ցանկացած ՀԱՅ, ով, անցնելով Լեոնիդի հուշարձանի կողքով, մի պահ կանգ է առնում, կտրվելով հոգնեցուցիչ առօրյաից, և գիտակցում, թե ովքե՞ր են և ի՞նչ են արել Լեոնիդը ու իր նման ՏՂԵՐՔԸ՝ իրական ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ, կարող է իրեն համարել Ազգալդյանի զինվոր․․․



**Գուրգեն Խաժակյան**