Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցում սպասում են դատարանի վճռին

Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցում սպասում են դատարանի վճռին
Երեւանի հենաշարժական խնդիրներ ունեցող թիվ 17 հատուկ դպրոցում ստեղծված կոնֆլիկտը քիչ-քիչ հանգուցալուծվում է։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ դպրոցի կոլեկտիվը չէր ընդունում կրթության եւ գիտության նախարարի դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին, որին նշանակել էին դպրոցի տնօրեն։ Վերգինե Եսայանն այսօր կայքերից aravot.am-ին տված հարցազրույցում նշել է, որ նոյեմբերի 13-ին մտել է դպրոց, ստացել կնիքը, փաստաթղթերը։ Իսկ դրանից հետո սկսվել է ընդունման-հանձնման հանձնաժողովի գործունեությունը, ինքն էլ խոչընդոտների չի հանդիպել։ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի հատուկ մանկավարժ Նոյեմի Խաչատրյանից հետաքրքվեցինք, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա աշխատանքը նորանշանակ տնօրենի հետ, որի դեմ պայքարում էին ամիսներ շարունակ։ «Մենք աշխատում ենք հանուն երեխաների շահերի եւ չենք ուզում, որ հոսանքը, ջուրը, սնունդը չլինեն նրանց համար։ Դրա համար էլ հանձնեցինք կնիքը, որպեսզի պաշտպանենք երեխաների շահերը։ Ուրիշ տարբերակ չկար։ Հիմա ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»,- ասաց Նոյեմի Խաչատրյանը։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ տնօրենի՝ ոչ օրինական հիմքով ընտրվելու հարցը վիճարկվում է դատարանում։ «Սպասում ենք դատարանի վճռին»,- ասաց Նոյեմի Խաչատրյանը։