Իր արտաքինի խնդիրը չի, այլ պարզապես ուրիշ խնդիրներ կան երկրի հետ կապված․ Գոհար Հարությունյան

Իր արտաքինի խնդիրը չի, այլ պարզապես ուրիշ խնդիրներ կան երկրի հետ կապված․ Գոհար Հարությունյան
,Աղմկահարույց «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթին հաղթող ճանաչված Լիլի Սարգսյանը, նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում «Միսս աշխարհ 2017» գեղեցկության միջազգային մրցույթում չանցավ եզրափակիչ փուլ։



**Չեն ցանկանում խոսել**



«Միսս Արմենիա 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը նշում է, որ Լիլին Հայաստանում է, սակայն իրենք դեռ չեն հանդիպել․ «Նա նոր է վերադարձել, ես էլ չեմ խոսել իր հետ։ Մենք հիմա հարցերի չենք պատասխանում մինչեւ ես կզրուցեմ իր հետ, կհասկանամ՝ ոնց ա, ինչ ա եղել նոր»։



Այն հանգամանքը, որ Լիլի Սարգսյանը եզրափակիչ փուլ չի անցել, շա՞տ է տխրեցրել իրեն, Գոհար Հարությունյանը տվեց բացասական պատասխան․ «Բացարձակ ոչ, ես նման սպասումներ չունեի, պետք է ռեալ գնահատել երկրի մասնակցություն։ Այստեղ իր արտաքինի խնդիրը չի, այլ պարզապես ուրիշ խնդիրներ կան երկրի հետ կապված, մասնակցության առաջին անգամ»։



**-Ի՞նչ խնդիրներ։**



-Ես հետո կպատասխանեմ Ձեր հարցերին։



**-Մեր մասնակիցը ինչո՞վ էր զիջում մյուս գեղեցկուհիներին։**



-Ես այս պահին չեմ կարող հարցերին պատասխանել։



**Ընդդեմ «Միսս Արմենիայի»**



Ինչպես արդեն հայտնի է, «Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար։ Հանցագործության մասին հաղորդումն իրավապահ մարմիններին տվել է «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը` Կարեն Արիստակեսյանի ղեկավարությամբ, այս մասով նախաքննությունը դեռ շարունակվում է։



Մրցույթի հետ կապված եւս երկու հայց էլ քննվում է դատարանում։ Հայցվոր կողմի փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Առաջինի դեպքում քաղաքացիական գործ է, որով խնդրում ենք պարտավորեցնել հրապարակայնորեն հայտարարել, որ ապրանքային նշանը պատկանում է «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն»-ը, երկրորդ պահանջը՝ մամուլի միջոցներով հրապարակվի դատական ակտը ամբողջությամբ։ Վարչական դատարանից պահանջում ենք «Միսս Արմենիա» մշակութային հիմնադրամի գրանցումն անվավեր ճանաչել։ Փաստաբանը նաեւ նշեց, որ գործերով նախնական դատական նիստ է նշանակված։



**Աննա Պապիկյան**