Բանակում չծառայած պաշտոնյաներին թող զորակոչեն․ Արա Ավետիսյան

Բանակում չծառայած պաշտոնյաներին թող զորակոչեն․ Արա Ավետիսյան
Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի դեֆորմացվող համակարգերի դինամիկայի եւ կապակցված դաշտերի բաժնի վարիչ, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, որ մեր պաշտոնյաներից եւ ԱԺ պատգամավորներից ոմանք չեն ծառայել, պարբերաբար նրանց հիշեցվում է այդ մասին, արձագանքեց․ «Մինչեւ 40-45 տարեկանները, որոնք աշխատում են պետական կառույցներում, սակայն չեն մեկնել զինծառայության, թող առաջիկա տարիներին զորակոչվեն։ Թող այդպիսի հոդված ավելացնեն։ Թե չէ՝ Պողոսը ծառայել է, Պետրոսը չի ծառայել, բոլորը պետք է ծառայեն։ Առաջին հերթին նրանք, ում աշխատանքով պետք է բարելավվի մեր երկրի վիճակը»։ Հարցին, թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքը կլուծի սոցիալական արդարության խնդիրը, Արա Ավետիսյանը պատասխանեց․ «Համոզված եմ՝ այո։ Հաստատ՝ այն միտված է դրան»։ Միաժամանակ Արա Ավետիսյանն ասաց, որ մարդկայնորեն հասկանում է նրանց, ովքեր բանակում չծառայելու համար մեկնում են արտերկիր։ «Սակայն նրանք արտերկրում հոգեպես ավելի վատ վիճակում են գտնվում մինչեւ 30-40 տարին լրանալը, քան բանակում երկու տարին ծառայելու դեպքում կլիներ։ Նրանք ապրում են իրենց տան, փողոցի կարոտով»,- ասաց Արա Ավետիսյանը։ Նա առաջարկում է բանակում ծառայությունը իրականացնել ռոտացիոն սկզբունքով՝ վեց ամիսը մեկ զինծառայողին ուղարկել այլ վայր․ օրինակ՝ Տավուշից Արմավիրի մարզ կամ հակառակը։