Ռեկտորները, ի տարբերություն ուսանողների, կողմ են տարկետման իրավունքի վերացմանը

Ռեկտորները, ի տարբերություն ուսանողների, կողմ են տարկետման իրավունքի վերացմանը
Ուսանողությունն արդեն մի քանի օր է՝ դասադուլ եւ բողոքի ակցիաներ է անցկացնում ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով։  Համաձայն դրա՝ տարկետում տրվում է այն դեպքում, եթե քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։ Այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի: Մինչդեռ, ուսանողների կարծիքով, այս օրենքի նախագծով նրանք կզրկվեն գիտությամբ զբաղվելու հնարավորությունից, կխախտվի ուսումնառության շարունակականությունը, եւ մի շարք այլ խնդիրներ կծառանան, որոնք ուսանողները պահանջում են վերանայել։



Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր **Ռուբեն Միրզախանյանի** գնահատմամբ՝ խնդիրը բավականաչափ բարդ է եւ ավելի խորը, քան պատկերացնում ենք․ «Իմ կարծիքով՝ տարկետման վերացումն ավելի արդար իրավիճակ է ստեղծում, քանի որ մեզանում կա պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական պահանջը․ իհարկե, այն պետք է հնարավորինս տարածվի արական սեռի մեր ազգաբնակչության վրա։ Ինչպիսին կլինի օրենքից հետո իրավիճակը, իմ կարծիքով՝ ցույց կտա ժամանակը։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ խնդիրներ առաջանում են որոշակի խմբի համար, դա, իհարկե, արվեստի ասպարեզում բացառիկ շնորհներ եւ գիտական մեծագույն օժտվածություն ունեցող երիտասարդներն են, բայց այն իրավիճակը, որ գոյություն ունի այսօր, բացարձակ ձեւով չի արտահայտում օբյեկտիվ իրավիճակը»։ Միրզախանյանն ասում է, որ իր նշած բացառիկ օժտվածությամբ երիտասարդները շատ ավելի փոքրաթիվ են, քան թե այն արտոնությունները, որ տրվում են բազմաթիվ խմբերի, եւ դրանով շատ անարդար իրավիճակ է ստեղծվում։



Այն դիտարկմանը, որ, օրինակ, Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի նախկին ռեկտոր, ներկայում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մեր թերթի հետ զրույցում նշել էր, որ դեռ Վազգեն Սարգսյանի ժամանակ շատերն են դեմ արտահայտվել տարկետման իրավունքի վերացման դեմ, այդ թվում՝ ինքը, եւ այժմ էլ նույն կարծիքին է մնում, Ռուբեն Միրզախանյանը չցանկացավ մեկնաբանել՝ էթիկայից դուրս համարելով իր գործընկերոջ կարծիքը մեկնաբանելը։



Միրզախանյանը համակարծիք չէ նաեւ ուսանողների այն փաստարկին, որ եթե մարդը գիտությամբ է զբաղվում, ուրեմն արդեն ծառայում է պետությանը․ «Գյուղացին, որն զբաղվում է բոլորին կերակրելով, ծառայում է պետությանը, բանվորը, որն զբաղված է արտադրության մեջ, ծառայում է պետությանը, էլ չեմ ասում՝ զինվորն ու սպան, յուրաքանչյուրն իր տեղում ծառայում է պետությանը»։



Թե գիտությունը, դրա զարգացումը որքանով կտուժի նոր օրինագծով նախատեսված այս փոփոխությունից, ապա, ըստ Ռուբեն Միրզախանյանի, ցույց կտա միայն ժամանակը։ «Ինչ վերաբերում է գիտության զարգացմանն ընդհանրապես մեր երկրում, ապա դա բաղկացած է բազմաթիվ կոմպոնենտներից, ու նախեւառաջ կնշեի, ոչ թե երիտասարդ կադրերով համալրելը, որը շատ կարեւոր է, այլ պետք է նշեմ նյութատեխնիկական, ֆինանսական ապահովումը»։



[Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա](https://hy.wikipedia.org/w/index.php?title=Երևանի_գեղարվեստի_պետական_ակադեմիա&redirect=no)յի ռեկտոր **Արամ Իսաբեկյանը,** անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման խնդրին, նշեց, որ, ինչքանով տեղյակ է, ակադեմիայում ուսանողների տրամադրություններն այլ են․ «Մեր բուհում այդպիսի բան չկա, մեր ուսանողների տրամադրությունները լրիվ ուրիշ ձեւ են»։ Այն դիտարկմանը, որ արվեստի բուհերից էլ են երեկ գնացել եւ աջակցություն հայտնել դասադուլ ու հացադուլ անողներին, Իսաբեկյանն ասաց․ «Չգիտեմ՝ ով եւ ինչ է աջակցում, ես տարիներ առաջ էլ կողմնակից էի դրան, երբ առաջին անգամ այդ հարցը բարձրացվեց, դարձյալ կողմ էի, որ բոլորը գնան ծառայեն ու նոր հետո շարունակեն իրենց ուսումը, նույնիսկ արվեստագետները»։ Նա ընդգծեց, որ դա խնդիրներ չի առաջացնի, ավելին՝ խորապես համոզված է դրա մեջ․ «Ոչ թե նոր է իմ այդ համոզմունքը, այլ շատ վաղուցվանից»։ Իսաբեկյանը համաձայն չէ, որ ուսումնառության շարունակականությունը հատկապես գիտությամբ զբաղվողների համար ընդհատվում է․ «Այ, հիմա իմ արվեստանոցում ես նոր բանակից եկած ուսանողներ ունեմ, ծառայած տղաներ, ովքեր ավելի շնորհալի, մտածված, նպատակային գործեր են անում, քան թե նրանք, ովքեր պարզապես այդ ժամանակ ման են եկել այստեղ»։ Այսինքն՝ բացառություններ չտրվեն նաեւ արվեստով եւ գիտությամբ զբաղվող ուսանողների՞ն։ «Կարծում եմ՝ ամեն ինչ ճիշտ է, պարզապես պետք է բանակում իրենց ծառայության որակն ավելի բարձր կարգի լինի»։



Հյուսիսային համալսարանի ռեկտոր **Բորիս Մակիչյանը** կարծում է, որ ուսանողներն օրինագծի էությունը լավ չեն ընկալել։ «Հիմա ազգ-բանակ հայեցակարգում կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն իր մեջ պարունակում է ոչ միայն տարկետում, այլ նաեւ ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից՝ երկուսուկես տարի, եւ եթե այն ժամանակ տարկետումից հետո գնում, որպես շարքային էիր ծառայում, հիմա որպես սպա հնարավորություն են տալիս աշխատել, այսինքն՝ այս ազգ-բանակ հայեցակարգը շատ հրաշալի է, կրթության համակարգը պաշտպանության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը զուգակցվում է, հատկապես որ մենք հիմա պատերազմի մեջ ենք, եւ մեր հիմնական խնդիրը պաշտպանությունն է»,- ասում է Մակիչյանն ու հավելում, որ պաշտպանությունը գիտության հաշվին չպետք է արվի․ «Պետք է պայմաններ ապահովենք տաղանդավոր երիտասարդների գիտական զարգացման համար, եւ եթե հիմա ինձ ասեին, որ քեզ զորակոչում են, ես մեծ սիրով կգնայի բանակ։ Մեր համալսարանի աղջիկները ժողով են արել եւ միաձայն որոշեցին, որ աղջիկների համար կամավոր ծառայության հնարավորություն ապահովվի, որ ով ուզում է, ով հղիության խնդիր չունի, գնան ծառայեն։ Դա իրենց գործն է ամեն դեպքում, բայց այնպես պետք է անեն, որ երկուսն իրար հետ զուգակցվեն՝ ե՛ւ կրթությունը, ե՛ւ ծառայությունը»։ Մակիչյանը կարծում է, որ այսօր մեր բուհերում պետք է ռազմագիտության կաբինետներ բացվեն, ռազմագիտություն դասավանդվի, իսկ բանակում էլ էլեկտրոնային գրադարաններ, համակարգչային լսարաններ լինեն, ինչը կնպաստի ծառայության ընթացքում հեռահար կրթություն ստանալուն։ Նա հավատում է պաշտպանության եւ ԿԳ նախարարների արտահայտած այն մտքին, որ տաղանդավոր երիտասարդների համար զինծառայության շրջանում պայմաններ կապահովեն՝ նրանց գիտական հետազոտությունները բավարարելու համար։ «Ես կողմ եմ, որ տաղանդավոր երիտասարդների համար լիիրավ պայմաններ ապահովվեն, նախկին տարկետումը շատ դոգմատիկ էր, հիմա պետությունը երկուսուկես տարվա ուսման վարձը փոխհատուցում է, բացի այդ՝ պետք է գիտակցենք մեր այսօրվա վիճակը»,- ընդգծում է ռեկտորը։   



**Սոնա Ադամյան**