«Այդ բազմահարկ շենքից իմ բակը առ այսօր ամբողջությամբ երևում է». վարչապետը՝ իր առանձնատան մասին

«Այդ բազմահարկ շենքից իմ բակը առ այսօր ամբողջությամբ երևում է». վարչապետը՝ իր առանձնատան մասին

Մամուլում վերջին շրջանում հրապարակումներ եղան վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատան և բնակարանների վերաբերյալ։ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ օրեր առաջ գնացել և շրջում էր «Հաղթանակի» այգու դիմաց  գտնվող շքեղ առանձնատների թաղամասում, ցույց էր տալիս, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները շքեղ դղյակներ կառուցել ժողովրդի փողերով ու ծառեր հատելով։ Այդ տներից մեկն էլ, ըստ Փոստանջյանի, Կարեն Կարապետյանինն է։ Թեպետ հետո նրա լրատվականից պարզաբանեցին, որ տունն իրականում, Կարապետյանի եղբորն է պատկանում, ոչ՝ իրեն։



Այսօր հրավիրված ասուլիսում Hraparak.am-ը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչպես է վերաբերվում կանաչ տարածքների ոչնչացմանն ու դրա հաշվին առանձնատների կառուցմանը, արդյոք իր եղբա՞յրն էլ է նման ճանապարհով այդ տունը կառուցել, և, ի վերջո, որտե՞ղ է բնակվում ինքը։



«Ես ասել եմ՝ եղբայրս է գնել, բայց չեմ ասել՝ դա իմս չի հենց հատուկ նրա համար, որ չասեն՝ եղբոր վրա է գցում։ Գնել ա եղբայրս, 2011 թվականին, գնել ա Ամերիկայի քաղաքացուց և մի հատ ինչ-որ «Սփյուռք» կազմակերպությունից։ Երբ որ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել։ Կառուցվել է դա 2014 թվականին։ Շատ վատ եմ վերաբերվում անտառների կտրելուն։ Երկրորդական շուկայից գնման պահին այնտեղ անտառ չի եղել։ Ավելին, ես՝ ինքս, այնտեղ եմ մեծացել և ունեմ այդ տանը շատ-շատ լավ հուշել։ Հիմա ինձ կարող եք մեղադրել, թե երկրորդական շուկայից ինչի՞ ես գնել։ Անտառ չկար, արդեն վաճառված էր, այլ սեփականտեր կար»,-ասաց վարչապետը։



Իսկ Դուք որտե՞ղ եք բնակվում,-հարցրինք մենք։ Վարչապետը խուսափեց հստակ տեղը նշել․ «Այդտեղ չեմ բնակվում»։ Նկատեցինք, որ խոսվում է նաև այն մասին, որ մեծ պարիսպներ են կառուցվել իր տան շուրջը՝ փակելով կապը արտաքին աշխարհի հետ։



«Լսեք, ես բնակվել եմ այնտեղ, և բնակվում եմ բավականին երկար ժամանակ։ Որոշ ժամանակ անց՝ բազմահարկ շենք են կառուցում իմ հարևանությամբ։ Եվ այդ բազմահարկ շենքից իմ բակը առ այսօր ամբողջությամբ երևում է։ Պարսիկներ են կառուցել․․․ ընդամենը մի փոքր, նու՝ փոքր չէ, միջավայր ենք փորձել ստեղծել, որ երբ որ դուրս ես գալիս, բոլորի աչքի առաջ չլինես։ Հնարավո՞ր է դա անել, թե՞ չէ։ Ու ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ գիտե՞ք ինչ, իմ սեփական տան հարևանությամբ բազմահարկ շենքեր մի՛ թույլատրեք, որ վաղը, մյուս օր բոլորը իմ բակը չնայեն։ Եվ այսօր այդպես է»,-պարզաբանեց վարչապետը։



Տեղեկացնենք, որ թեև Կարեն Կարապետյանը չասաց՝ որտեղ է բնակվում, բայց այն առանձնատունը, որի մասին խոսեց նա և որտեղ նա բնակվում է, գտնվում է «Երազ» բնակելի թաղամասում, և այդ բազմահարկ շենքն էլ հենց «Երազի» շենքերից մեկն է, որը կառուցվել է վարչապետի առանձնատան հարևանությամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ