Անկախության տոնը խախտեց նախկին պաշտոնյաների լռությունը

Անկախության տոնը խախտեց նախկին պաշտոնյաների լռությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տևական ընդմիջումից հետո, խախտել է լռությունն ու Facebook-յան իր էջում գրել է․



«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձն է․․․Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված։ Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։ Հենց Նրա′ն պետք է անձնվեր ծառայենք։ Հենց Նրա′ կանչին ենք պարտավոր առաջինը ենթարկվել։



Այսօր ընդգծված ուզում եմ շնորհավորել բոլոր այն Հայորդիներին, որոնք Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչեւ այսօր համեստ ու լռելյայն մարտական գործողությունների կիզակետում են եղել: Նրանք են արիության, նվիրումի եւ հայի հավերժական արժեքների կրողը։ Նրանք ապրել են մեր բերդ-ամրոցի գրված եւ չգրված օրենքներով․․․ եւ կերտելով Հայաստանի անկախությունը՝ պաշտպանել ու պահպանել են այն։



Փա′ռք ու պատիվ բոլոր այն Քաջերին, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, եւ առաջնահերթորեն նրանց, ովքեր հանուն նրա փրկության իրենց կյանքն են զոհաբերել»,- նշել է Օհանյանը։



Անկախության տոնը խախտել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:



Հայոց պետականության վերածննդի օրը՝ սեպտեմբերի 21-ը, տոնական օր է բոլորիս համար: Այն հայ ժողովրդի ամրակուռ ոգու և անկոտրում կամքի, մեր պայքարող ու սեփական իրավունքները հաստատող տեսակի վառ ապացույցն է:



Դարեր ի վեր ենթարկվելով բազում փորձությունների, հայ ժողովուրդը դիմագրավել է թշնամիների ոտնձգություններին, կրել ծանր զրկանքներ՝ պահպանելով ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն: Ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր երազանքն էլ ստիպել է կայացնել պատմական որոշում:



Այսօր յուրաքանչյուր հայ հաստատակամ է իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարօրության ապահովմանը:



Վստահ եմ, որ համերաշխության շնորհիվ ազգովի հասնելու ենք մեր առջև դրված մեծ նպատակների իրականացմանը:



Կրկին շնորհավորում եմ՝ խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթելով համայն հայությանը»: