Եթե մեկը ցանկանում է եկեղեցի կառուցել, չես կարող նրան համոզել այլ շինություն կառուցելու. Գարեգին Բ

Եթե մեկը ցանկանում է եկեղեցի կառուցել, չես կարող նրան համոզել այլ շինություն կառուցելու. Գարեգին Բ

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, ի զարմանս բոլորի, լրագրողների հետ հարցուպատասխան ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ն։ Նա նշեց, որ, եթե Հայաստանում կառուցվող եկեղեցիների համար ինչ-որ մեկը անազնիվ ճանապարհով է գումարները հայթայթել, ապա դրա համար գոյություն ունեն համապատասխան կառույցներ:



Ամենայն հայոց կաթողիկոսը ավելորդ համարեց այն հարցը, թե համաձա՞յն է այն պնդումներին, որ Հայաստանում միակ ճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է: «Ես կարծում եմ, որ ավելորդ է այդ հարցումը, որովհետեւ յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր անհատ ունի իր նպատակը, իր ցանկությունը եւ իր ուխտը: Եւ գործում է համաձայն իր համոզումների, իր ցանկությունների, իր նպատակների եւ իր ուխտի: Եթե մեկը ցանկանում է եկեղեցի կառուցել, չես կարող նրան համոզել այլ շինություն կառուցելու: Եկեղեցին կառուցում է դպրոց, եկեղեցին կառուցում է այլ կրթական հաստատություններ, եկեղեցին կառուցում է եւ շատ բարեսիրական հաստատություններ: Չի կարելի այդպես մերկապարանոց հայտարարություններ անել եւ մեղադրանքներ հնչեցնել, որ եկեղեցի են կառուցում»:



Աննա Պապիկյան