Թիվ 1 տրոլեյբուսի վարորդը երկար տարիների փորձ ուներ

Թիվ 1 տրոլեյբուսի վարորդը երկար տարիների փորձ ուներ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Ասքանազ Պետրոսյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին դեռ հաշվարկներ չկան, թե որքան վնաս են կրել երեկ տրոլեյբուսի վթարի հետեւանքով։ 



Հիշեցնենք, որ երեկ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում վթար է գրանցվել՝ Թիվ 1 տրոլեյբուսի լարերը դուրս են եկել գծերից, որից հետո վարորդն իջել է տրոլեյբուսից, որպեսզի լարերը ուղղի։ Այդ ընթացքում սակայն տրոլեյբուսն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել: Հոսպիտալացվել է 9 քաղաքացի։



Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք տրոլեյբուսի վարորդները հաճա՞խ են կայանում մեքենան լարերն ուղղելու համար, ընկերության գլխավոր ինժեները պատասխանեց, որ նման դեպքերում կրկնակի անվտանգության միջոցառումներ են կիրառում՝ ձեռքի արգելակն են գործի դնում և սեպ կամ քար են դնում անվադողին, որը տեղի չի ունեցել, և վարորդն ինքն էլ չի արդարանում։ Միաժամանակ տեղեկացանք, որ տրոլեյբուսի վարորդը երկար տարիների փորձ ունեցող վարորդ է․ «Սովորաբար նման վթարները տեղի են ունենում ինքնավստահ վարորդների մոտ»․- նկատեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ դեպքը ողջ աշխատակազմի վրա բացասական ազդեցություն է թողել։



Տեղեկացնենք նաև, որ պատահարի հետևանքով  «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից․ «Քաղաքացիներից մեկը հետազոտման փուլում է գտնվում, իսկ 4 անձ գտնվում է կայուն-ծանր վիճակում»․- հայտնեցին հիվանդանոցից։ Ի դեպ, 3 անձ էլ տեղափոխվել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկի վիճակը կայուն է, մի անձի էլ տեղափոխել են տրավմոտոլոգիայի բաժանմունք։



Տեղեկացնենք, որ այս պահին գործ դեռևս չի հարուցվել։ Ներկայացնում ենք նաև ոստիկանության տեսանյութը։