Մի վարդապետի հոդվածի առիթով

Մի վարդապետի հոդվածի առիթով

Օրեր առաջ մամուլի էջերը թերթելիս պատահաբար հանդիպեցի սեպտեմբերի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված Պարթեւ վարդապետ Բարսեղյան հեղինակի անունը կրող «Վարդապետը հակադարձում է եկեղեցաշինության ընդդիմախոսներին» հոդվածին:



Տրամադրված չէի կարդալ հոդվածը, սակայն փորձում էի հույսս դեռ չկտրել, թե եկեղեցու ներկայացուցիչը կկարողանա գոնե մեկ անգամ անկեղծ լինել եւ ասել ճշմարտությունը: Հերթական անգամ հուսահատվեցի` կարդալով ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ վարդապետի ձեռքով գրված երկարաշունչ մի դատարկաբանություն: Անկեղծորեն ափսոսեցի կորցրածս ժամանակի համար: Մի պահ մտածում էի անտեսել, շատ լավ հասկանալով հոգեւոր ծառայողի` իր անմիջական շեֆերին՝ կաթողիկոսին կամ նրա համագյուղացի դիվանապետին հաճոյանալու, էժանագին ձեւով դիվիդենտներ քաղելու եւ աչքի ընկնելու հերթական փորձը: Սակայն որոշեցի արձագանքել` ոչ այնքան ընդգծելու խնդրի կարեւորությունը կամ էլ շեշտելու հերթական այս անհեթեթության «մտքի գոհարները», որքան սաստելու եւ սանձահարելու բախտախնդիր կամակորին:



Առաջին հայացքից թվում է, թե հոդվածի հեղինակն անկեղծ մտահոգությամբ փորձում է պաշտպանել եկեղեցին, հանդես գալ եկեղեցաշինության դեմ արտահայտվողներին խրատելու եւ կարգի հրավիրելու դիրքերից: Աչքերս արցունքով լցվեցին, եւ սիրտս մղկտաց այն բացահայտումից, թե եկեղեցին ֆինանսապես ինքնաբավ կառույց չէ եւ իր գոյությունը պահպանելու համար ապավինում է բարեգործների նվիրատվություններին: Միամիտ մարդիկ գուցե հավատային հոդվածի տողերին եւ գովեստի խոսքեր շռայլեին հարգելի վարդապետին՝ «խորիմաստ» դատողությունների համար: Իսկապես զարմանալի է, թե այս վարդապետն ո՞ւմ կամ ի՞նչ շրջանակի մարդկանց հետ է շփվում, որ այդքան լավ գիտի մեծահարուստների փողերի մասին, հատկապես, թե նրանք ինչպես են գումարներ վատնում խաղատներում կամ զվարճանքի վայրերում: Գուցե վարդապետը նրանց հանդիպել է հենց կարաոկեներ կամ գիշերային ակումբներ հաճախելի՞ս:



Կուզենայի հավատալ, թե եկեղեցին նյութական միջոցների կարիք ունի: Բայց ինչպե՞ս հավատամ, երբ բարեկամներիցս մեկի հաստատմամբ՝ աղքատասեր այս վարդապետն իր թանկագին «Լեքսուս», «Մերսեդես», «Հյունդայի» մեքենաների կողքին Երեւանի Կոմիտաս 1շ., բն. 39, Ն. Զարյան 21շ., բն. 76, Ն. Զարյան 1/2շ., բն. 5 հասցեներում ունի իր անունով գրանցված էլիտար բնակարաններ: Հարց է առաջանում` որտեղի՞ց այդ փողերը: Միգուցե հենց ա՞յս պատճառով է եկեղեցին հայտնվել նման ծանր վիճակում: Ինչեւէ, վարդապետ Պարթեւին կցանկանայի վերջում մի խորհուրդ տալ, որ չմտնի հարուստների գրպանը եւ սկսի փորփրել այնտեղ, ուր ինքն անելիք չունի, այլ թող ձեռքերը երկարի դեպի իր սեփական գրպանները եւ փորձի իր առատ միջոցներից բաժին հանել հօգուտ իր եկեղեցու:



Նելլի ՈՍԿԱՆՅԱՆ