Մանրամասներ տաքսիստի սպանությունից

Մանրամասներ տաքսիստի սպանությունից

Փետրվարի վերջին Արագածոտնի Թլիկ գյուղի մոտակայքում զարհուրելի սպանություն տեղի ունեցավ։ 24-ամյա մի երիտասարդ Երեւանից՝ Լենինգրադյան փողոցից տաքսի էր կանգնեցրել, ուղեւորվել Գյումրի, ճանապարհին առանձնակի դաժանությամբ մորթել էր տաքսու վարորդին՝ 20-ամյա Կառլեն Գրիգորյանին, եւ տարել նրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Բայց մեքենան թաղվել էր ձյան մեջ, իսկ մարդասպանը փորձել էր ոտքով փախչել, բայց սահմանապահների շները հետքի վրա էին ընկել։ Սպանության համար կալանավորվեց գյումրեցի, 24-ամյա Վարդան Հովսեփյանը։ Մեր տեղեկություններով, նա իր մեղքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը ոչ թե մարդասպան է, այլ ստիպված է դիմել այդ քայլին՝ պաշտպանվելով տաքսու վարորդից։ Կան վկաներ, որոնք տեսել են, թե ինչպես է Վարդանը կտրում երիտասարդի պարանոցը։ Այդ նույն օրը Վարդան Հովսեփյանը մեկ այլ տաքսիստի է կանգնեցրած եղել, կրկին «Մերսեդես» մեքենայով, բայց վերջինս հրաժարվել է նրան Գյումրի հասցնել եւ, փաստորեն, փրկվել է։ Կառլենը երկրորդ տաքսիստն է եղել։ Ակնհայտ է, որ մարդասպանը զոհ է փնտրել։ Կառլենն էլ իր նվազ կազմվածքով գրավել է նրա ուշադրությունը։ Այս ոճիրը մեծ աղմուկ բարձրացրեց ու արագ մոռացվեց։ Բայց կուլիսների հետեւում բավականին հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում այս գործով մեղադրյալի շուրջ։



Պարզվում է՝ փետրվարի 26-ին, երբ տեղի է ունեցել սպանությունը, Վարդան Հովսեփյանը մեկ այլ գործով ստորագրություն է տված եղել չհեռանալու մասին։ Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 20-ին դատապարտել էր Վարդան Հովսեփյանին 8 ամսվա ազատազրկման՝ զգալի չափով թմրամիջոցների ապօրինի պատրաստման, ձեռքբերման համար, սակայն վճռել էր Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով։ Գործով մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ գտնելով, որ պատիժը պայմանականորեն կիրառելը հիմնավորված չէ։ Եվ, ահա, երբ գործը վերաքննիչ դատարանում քննության մեջ էր, դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, Հովսեփյանին նոր մեղադրանք են առաջադրում՝ առանձնակի դաժանությամբ սպանության, եւ կալանավորում են։



Թվում էր, թե վերաքննիչ բողոքի ելքը որոշված է, եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք այլեւս չկա։ Բայց վերաքննիչի դատավորը՝ Սեւակ Համբարձումյանը, այլ կերպ է մտածում եւ մերժում է վերաքննիչ բողոքը, պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը թողնելով անփոփոխ։ Սեւակ Համբարձումյանը գտնում է՝ քանի որ այս ընթացքում Վարդան Հովսեփյանն իրեն չի արատավորել այլ հանցավոր արարքով, հետեւապես, պատժի պայմանական կիրառումը բացառող հանգամանքներ չկան։ Թլիկ գյուղի մոտ կատարվածը որեւէ կերպ, փաստորեն, չի արատավորել Հովսեփյանին։ Ենթադրենք, դատավորը չգիտեր տաքսիստի սպանության մասին, թեեւ այս ոճիրը եւ տղայի պարանոցը կտրելու մանրամասները Հայաստանով մեկ թնդացին։ Բայց նա չէր կարող չիմանալ, որ ամբաստանյալը կալանավորված է, որ նրան բերում են դատական նիստերի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, նա չէր կարող չհետաքրքրվել, թե ինչու է նա կալանավորված, ինչ հանցանքի համար, եւ նոր եզրակացություններ անել Հովսեփյանի «անարատ» համբավի մասին։ Դատավորի վարքն առնվազն կասկածելի է։ «Սխալ էր արդեն այն, որ Հովսեփյանին առաջին հանցանքը գործելուց հետո չէին կալանավորել,- ասում է տուժողի իրավահաջորդի պաշտպան Արմինե Հարությունյանը,- եթե նրա խափանման միջոցը կալանք որոշված լիներ՝ նարկոտիկի հոդվածով, հիմա Կառլեն Գրիգորյանը ողջ կլիներ»։



Փաստաբանն այժմ վճռաբեկ բողոք է գրում դատավորի որոշման դեմ՝ տղայի ծնողների խնդրանքով, որոնք շոկի մեջ են վերաքննիչ դատարանի որոշումից։ «Այսպիսի բան չի կարող լինել, դեռ մի գործից չպրծած, նա մարդ կարող էր սպանել, ու դեռ նրա նկատմամբ պայմանական պատիժ է կիրառվում»,- ասում է Արմինե Հարությունյանը։ Խոսեցինք նաեւ մյուս կողմի պաշտպանի հետ՝ նախկին դատախազ Աշոտ Հովսեփյանի։ «Էդպիսի արարք նա չի գործել, նա ինքնապաշտպանության է դիմել, դա ոչ թե սպանություն էր, այլ ինքնապաշտպանություն»,- ասաց Աշոտ Հովսեփյանը։ Ըստ նրա, տաքսիստն է փորձել սպանել Վարդան Հովսեփյանին, իսկ թե ինչու, նա չասաց․ «Ինքն ու իր հարազատները թող ասեն։ Այստեղ շահերի ընկալում, ըմբռնում ու պաշտպանություն է, հակառակ դիրքորոշումներ են, դուք հասկանում եք, չէ՞»։ Թլիկի բնակիչները, որոնք վկայում են, որ Վարդան Հովսեփյանն իրենց աչքի առաջ մորթել է տաքսիստին, կտրել է նրա կոկորդը, ստո՞ւմ են։ «Էդ բոլորը հորինված, ծաղկեցրած, ստեղծագործած, սարքված են»,- պատասխանեց փաստաբանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ