69 մլն. դոլարը պետք է վերադարձվի էլեկտրաէներգիա սպառողներին

69 մլն. դոլարը պետք է վերադարձվի էլեկտրաէներգիա սպառողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 4-ին այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Նախարար Աշոտ Մանուկյանը, խոսելով Մեծամորի ատոմակայանի գործող՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի մասին, հայտնել է, որ կատարվել է խնայողություն՝ նախատեսված 205 մլն․ դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն․:



Նախարարի այս հայտարարությունը երեւի թե ուրախացրել է վարչապետին, բայց մի քանի մտահոգիչ հարցեր է առաջացնում: Մեր ատոմակայանի ռեակտորը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է ու ժամկետանց, բացի այդ, այն ենթարկվել է ատոմակայանների պատմության մեջ չտեսնված-չլսված փորձության՝ ավելի քան 6,5 տարի չաշխատելուց հետո նորից շահագործվել է: Այդ պարագայում անհասկանալի է, թե ինչ է նշանակում այդպիսի ողորմելի վիճակում գտնվող ատոմակայանի անվտանգության հաշվին կատարել 69 մլն․ դոլարի խնայողություն: Գուցե ինչ-ինչ նկատառումներից ելնելով նախահաշի՞վն էին ուռճացված կազմել: Եվ հետո, այդ ո՞ւմ փողերն են փրկվել վատնումից: Արդյո՞ք պետության՝ պետբյուջեի: Իհարկե, ոչ:



Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի աշխատանքն ընդամենը 10 տարով երկարաձգելու համար Ռուսաստանից ստացված 270 մլն․ դոլարի վարկը 2015 թվականից ներառված է էլէներգիայի սակագնում, եւ մենք՝ սպառողներս ենք ֆինանսավորում այդ նախաձեռնությունը: Հետեւաբար, ՌԴ վարկից ավելացած այդ 69 մլն․ դոլարի «խնայողությունը» պետք է վերադարձվի ոչ թե պետբյուջե, այլ այդ վարկը մարողներին՝ էլեկտրաէներգիա սպառողներին: Դա կարող է արվել սակագնի նվազեցման ձեւով:



Այժմ փորձենք հասկանալ, թե որտեղ եւ ինչի հաշվին է կատարվել խնայողությունը: Այդ նպատակով ուսումնասիրենք նախարարության կայքը եւ, որպեսզի չծանրացնենք մեր տեքստը ձանձրալի մեջբերումներով, վերաշարադրենք դրանց կարեւոր մասերը՝ կատարելով հղումներ:



Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը պետք է իրականացվի երկու փուլով:



Առաջին փուլում պետք է կատարվեր սարքավորումների եւ համակարգերի զննում, դրանց վիճակի գնահատում՝ http://www.minenergy.am/article/796, երկրորդ փուլում «նախատեսվում է ձեռք բերել եւ տեղադրել նոր սարքավորումներ, ինչպես նաեւ կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ»՝ http://www.minenergy.am/article/640:



Տրամաբանությունը հուշում է, որ հիմնական ծախսերը պետք է կատարվեին երկրորդ փուլում, որը պետք է սկսվեր մայիսի 10-ին, այսինքն, վարչապետի՝ նախարարություն այցից 6 օր հետո միայն՝ http://www.minenergy.am/article/874: Մինչդեռ վարչապետին զեկուցում են, որ հենց առաջին փուլում՝ սարքավորումների եւ համակարգերի սոսկ զննման եւ դրանց վիճակի գնահատման վրա ծախսվել է 136 մլն․ դոլար, իսկ դրանց ձեռքբերման, փոխարինման եւ վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքների համար կհերիքի այդ գումարի կեսը՝ 65 մլն․ դոլարը: Ըստ ամենայնի, «խնայողությունը» կատարվել է երկրորդ փուլի հաշվին եւ այն բանի արդյունքն է, որ զննումից հետո ատոմակայանի եւ «Ռոսատոմ սերվիսի» մասնագետները հայտարարել են, թե նախատեսվածից քիչ սարքավորում է պետք փոխարինել կամ վերանորոգել: Այսինքն, ատոմակայանի պարագայում եւս գործում է Հայաստանում ամենուր գործող ռուսերենով ասված «авось» սկզբունքը. ասել է թե՝ Աստված տա, ամեն ինչ նորմալ կանցնի, «կպլստանք», աղետ եւ զոհեր չեն լինի: Մինչդեռ, եթե այդ սկզբունքի կիրառման հետեւանքով Ղարաբաղում կորցրինք 800 հա տարածք եւ զինվորների կյանքեր, բնակելի շենքերի բարոյապես ու ֆիզիկապես մաշված եւ ժամկետանց վերելակների, նույնպիսի վիճակում գտնվող երթուղային տաքսիների շահագործման պատճառով՝ բնակիչների կյանքեր, ՀԱԷԿ-ի դեպքում կարող ենք ստանալ հայոց երկրորդ ցեղասպանություն:



Սակայն թվում է, թե մեր որոշ ղեկավարների եւ ատոմային մասնագետների համար դա չէ կարեւորը, այլ այսօրվա իրենց շահը: Նրանք գլխավոր կապալառու «Ռոսատոմ սերվիսի» եւ տեղի իրենց գործընկերների հետ հաջողությամբ իրականացրել են այդ չափազանց թանկ «զննումը»՝ իրացնելով ռուսաստանյան վարկի կեսը՝ 136 մլն․ դոլարը, նաեւ ՌԴ-ի կողմից տրված 30 միլիոն դոլար դրամաշնորհը: Մնացածն արդեն կարեւոր չէ: Վարչապետն էլ գոհ է, որ կատարվել է հերթական «օպտիմալացումը», ինչի հետեւանքով պետբյուջե կմտնի 69 մլն․ դոլար: Իսկ թե մեզ բոլորիս ինչ արհավիրք է սպառնում այս մի «авось»-ի դեպքում՝ երկրորդական հարց է:



Չի բացառվում, որ մեզ կարող են մեղադրել «ցեխ շպրտելու», ատոմակայանի ղեկավարության բարի համբավն արատավորելու մեջ: Բայց դե՝ ինչքան էլ իշխանությունները փորձեցին գաղտնի պահել, կոծկել ատոմակայանում կատարված չարաշահումների մասին տեղեկատվությունը, «Հրապարակ» օրաթերթից չկարողացան թաքցնել:



Ընդամենը կես տարի առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 7-ին է ավարտվել առանձնապես խոշոր չափի գումարի՝ 783 մլն. դրամի հափշտակության դեպքի դատական քննությունը։ Ըստ հոդվածագրի, դատաքննության նյութերից երեւում է, որ ամբաստանյալները՝ նախկինում ատոմակայանի տնօրեն աշխատած Գագիկ Մարկոսյանը, ՀԱԷԿ-ի կոմերցիոն գծով տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման նախկին ղեկավար Էդիկ Ղազարյանը, «մշտապես լինելով մրցութային հանձնաժողովի կազմում, շուկայականից էականորեն բարձր գներով մրցույթներ են կազմակերպել ու անցկացրել եւ դրանց շրջանակներում նախընտրելի իրավաբանական անձանց հետ գործարքներ են կնքել։ Ատոմակայանի տնօրենն ու խմբի մյուս անդամներն այլ մախինացիաներ են կատարել։ Օրինակ, միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկների ձեռքբերման պատրվակով 2012 թ. օգոստոսին 222.122.400 ՀՀ դրամ գումար են դուրս գրել, որի փոխարեն ձեռք են բերել 5 սկավառակից բաղկացած համակարգչային ծրագիր, բանակցային ընթացակարգով կեղծ գնումներ են իրականացրել, շուկայականից ակնհայտ բարձր գներով հատուկ հանդերձանք են ձեռք բերել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ։ Բազմաթիվ կազմակերպություններ են ներգրավված եղել մեքենայությունների ցանկում, հանցավոր արարքների նկարագրությունն ահռելի ծավալ է զբաղեցնում դատական գործում»,- ասվում է Սյուզան Սիմոնյանի հոդվածում։



Ո՞վ կարող է երաշխավորել, որ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլում նման բաներ չեն կատարվել: Հաշվի առնելով ատոմակայանի գաղտնի օբյեկտ լինելը, ավելին չենք կարող ասել: Սակայն մեկ անգամ եւս ուզում ենք նկատել, որ շատ զարմանալի եւ կասկածելի է, թե որքան թանկ են գնահատվել ՀԱԷԿ-ի եւ «Ռոսատոմ սերվիս» ՓԲԸ-ի մասնագետների «զննումները»: Նաեւ հուշել, որ ՌԴ վարկից «խնայված» 69 մլն․ դոլարը պետք է վերադարձվի այդ վարկը մարողներին՝ էլեկտրաէներգիա սպառողներին:



Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ