Ավտոբուսի վթարից ծանր վիրավորներ չկան, 5 տուժած դուրս է գրվել հիվանդանոցից. Հենրիկ Նավասարդյան

Ավտոբուսի վթարից ծանր վիրավորներ չկան, 5 տուժած դուրս է գրվել հիվանդանոցից. Հենրիկ Նավասարդյան

Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, չի կարողացել կառավարել ավտոբուսը, այդ իսկ պատճառով՝ ավտոբուսը հարվածելով մայթին՝ կողաշրջվել է, «Ազատությանը» տված հարցարզրույցում՝ խոսելով Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման պատճառների մասին՝ ասել է Երևան քաղաքի Տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:



«Մեքենան սարքին էր: Վարորդը 60 տարեկան է, բավական փորձված վարորդ է: Նրանից շատ գոհ են: Առավոտյան վարորդն անցել է բուժզննում, հետո անցել աշխատանքի: Ընթացքում է իրեն վատ զգացել»,- ասաց նա:



Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել է նաև, որ նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 25 ուղևոր, վթարի հետևանքով տուժել են նրանցից 10-ը, այդ թվում՝ վարորդը: Տուժածները տեղափոխվել են երևանյան հիվանդանոցներ:



«Ծանր վիրավորներ չկան: Հինգ հոգին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից»,- տեղեկացրել է Նավասարդյանը:



Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուս է կողաշրջվել, կան տուժածներ: