Իմ ընկերներն ինձ ի՞նչ պիտի ասեին, մենակ շնորհակալություն

Իմ ընկերներն ինձ ի՞նչ պիտի ասեին, մենակ շնորհակալություն

Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում լուրեր էին պտտվում, թե փոխվելու է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, նոր մարզպետ է նշանակվելու։ Թեկնածուների անուններ էին շեշտվում։ Գյումրեցիներն սպասում էին, որ մարզպետի պաշտոնին նշանակվելու է դաշնակցական, ծնունդով արթիկցի Հակոբ Մաթիլյանը, որը նախկինում պատգամավոր է եղել, իսկ վերջերս ազատվել էր Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, քանի որ չէր ցանկացել աշխատել կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ։ Հնչում էր նաեւ Մաթիլյանի որդու անունը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության քարտուղարության պետ Աղասի Մաթիլյանի։ Օրերս Հակոբ Մաթիլյանը եկել էր Երեւան։ Մեր գյումրեցի աղբյուրը վստահեցնում է, որ երկու անգամ տեսել է նրան կառավարության շենքի մոտակայքում, եզրակացնելով․ «Երեւի եկել էր գործերը դզի»։ Բայց ՀՅԴ ԳՄ-ն ոչ Մաթիլյանին առաջարկեց, ոչ էլ նրա որդուն։ ՀՅԴ-ի տարածած հաղորդման համաձայն, Հովսեփ Սիմոնյանի փոխարեն կուսակցությունն առաջադրելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին։ Նա ավարտել է Ամերիկյան համալսարանը, ապրիլյան պատերազմ առաջին մեկնողներից է՝ այսպես են ներկայացրել նոր մարզպետին կուսակիցները։ Երեկ նրանք ողողել էին Արթուր Խաչատրյանի ՖԲ էջը շնորհավորանքներով։ Մենք զրուցեցինք արդեն նախկին մարզպետի հետ։ Նա արտառոց ոչինչ չէր տեսնում իր պաշտոնանկության մեջ։ «Գերագույն մարմինն ինչպես որ որոշեց ինձ նշանակել, հիմա էլ որոշում է մեկ այլ կուսակցական ընկերոջ նշանակել, դրա մեջ արտառոց բան չեմ տեսնում, ինձ էլ ուրիշ տեղ են տեսնում, որ աշխատանքը շարունակեմ»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը։ 



- Որտե՞ղ եք աշխատելու։



- Չգիտեմ, որտեղ որ առաջարկեցին։



- Ինչ-որ դժգոհություն կա՞ր Ձեր աշխատանքից։ Պատճառը Ձեզ ասե՞լ են։



- Ոչ, ինձ շնորհակալություն են հայտնել, որ ամենածանր ժամանակահատվածում պաշտոնավարել եմ, ու փոխանցել են, որ ինձ տեսնում են այլ տեղում, որտեղ որ որոշեն։ Ես կուսակցական մարդ եմ, որոշում է կայացված, ես խնդիր չունեմ, ընդամենը կարող եմ ինձ փոխարինողին հաջողություն ցանկանալ։ Ես մի քիչ լավ հայ եմ ու ուզում եմ, որ ամեն ինչ, որ անում ենք, հաջողենք, որ փոփոխությունը բարօրություն բերի բոլորի համար։ Չեմ կարծում, որ այս կամ այն անձի պաշտոնավարումն է կարեւոր։



- Տարօրինակ չէ՞, որ այդքան քիչ՝ մեկ տարի ընդամենը աշխատեցիք ու գնում եք։



- Իսկ ո՞վ է շատն ու քիչը որոշում։ Երեւի դա որոշվում է գործառույթների արագության հետ կապված։



- Ձեր ընկերները ոչինչ չասացին Ձեզ, ինչո՞ւ պետք է հրաժարական տաք։ Ի վերջո, սա լուրջ աշխատանք է, անընդհատ մարդ են տանում-բերում։



- Իմ ընկերներն ինձ ի՞նչ պիտի ասեին, մենակ շնորհակալություն։ Այլ խնդիր, եթե ասեին՝ դժգոհ ենք։



- Բա եթե շնորհակալ էին, ուրեմն չպիտի գնայիք։



- Ո՞վ ասեց, ի՞նչ գիտեք, կարող է ավելի լավ աշխատանքի են տանում։



- Այս շրջանում ի՞նչ հաջողվեց Ձեզ անել, արդյունքը։



- Դե, դուք արդեն լուսաբանել եք, համենայնդեպս, ոչ մի բան դեպի վատը չեմ տարել։ Դա ամենամեծ հաջողություններից մեկն է մարդու համար, որ եղածն ավելի վատ չի դարձրել, լավն էլ ժողովուրդը կգնահատի։



- Վերջին շաբաթօրյակին ամենալավը Դուք մասնակցեցիք։



- Դե, դա էական չէ, դուք որպես մարդու ինձ հարգում եք, որպես պաշտոնյայի, վերջ, պրծավ։ Մի բան կարող եմ ասել, որ թե հանրապետության, թե մարզի մեջ հանգիստ, միայնակ կարող եմ քայլել եւ իմ հայրենակիցների հետ շփվել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ