Եթե կարելի է նրան բժիշկ համարել․․․

Եթե կարելի է նրան  բժիշկ համարել․․․

Չէի կարող չգրել այս դեպքի մասին, որովհետև ցավոտ է։ 



Լսել էի, որ լավ վիրաբույժ է, ճանաչված ու որոշեցի մտերմիս հարցով նրան դիմել։ Խոսակցությունս ամբողջովին ներկայացնում եմ․



-Խնդրում եմ դուք վիրահատեք․․․
-Բայց ես ապահովագրված հիվանդներին չեմ վիրահատում։
- Ինչու՞։
- Ապահովագրված հիվանդներին մյուս մասնագետներն են վիրահատում, իմ կլասը շատ բարձր է՝ նման վիրահատություն կատարելու համար։ Ես տուն եմ պահում, կներեք, չեմ կարող։
- Ստացվում է, որ ապահովագրված հիվանդներն իրավու՞նք չունեն լավ մասնագետի մոտ վիրահատվելու։
- Գնացեք հերթագրվեք,- ասաց,- բայց հաստատ ես չեմ լինի։
-Բայց չէ՞ որ ապահովագրված հիվանդները վիրահատող բժշկին նույնպես վճարում են։
- Այո, բայց ոչ վիրահատության չափով։
- Ինչքա՞ն է ձեր գինը,- հարցրի,- անկախ ապահովագրությունից՝ մենք կվճարենք։



Ինչ որ վատ հոտ առավ, տոնս խիստ ինտրիգային էր․



-Ես ձեր հիվանդին կվիրահատեմ ապահովագրության սահմաններում, անվճար,- միանգամից փոխվեց։



- Բայց չէ՞ որ դուք տուն եք պահում։ Մենք «տուն պահելու փողը կտանք»։
- Ինձ ոչինչ պետք չի, ես կվիրահատեմ։



ՀԳ Մարդը տասնյակ տարիներ աշխատում, անուն, պատիվ, հարգանք է ստեղծում ու մի օրում, մի դիպվածով կարող է ջուրը նետել։ Հենց դա է պատճառը, որ բժշկի անունը չեմ գրում, եթե կարելի է նրան բժիշկ համարել, այն էլ «բարձր կլասի բժիշկ»։ Հիվանդանոցի անունը նույնպես չեմ նշում, որովհետև  ճանաչված հիվանդանոցի համար ամոթ է նման վիրաբույժ ունենալը, առավել ևս, երբ այնտեղ կան իրենց կոչումը հարգող բազում լավագույն բժիշկներ։



Անկախ «տուն պահելու մոլուցքի», բժիշկը չի՞ մտածում, որ վիրահատվողն էլ մի տան սյուն է, ու ինքն էլ է «տուն պահում»․․․ 



Հասմիկ Բաբաջանյան