ԽՍՀՄ գործիչները՝ պատվավոր քաղաքացիներ

ԽՍՀՄ գործիչները՝ պատվավոր քաղաքացիներ

Հայաստանը արժեքային վերանայումների, անցյալը վերաիմաստավորելու շեմին է։ Երեւանի փողոցներն անվանափոխելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն իրականում շատ ավելի խորքային հարցեր է առաջ քաշում, քան զուտ անվանափոխությունն է։ Այդ առթիվ արդեն հնչել են արձագանքներ, որ այդ նախաձեռնությունը պայքար է Սովետի դեմ։ Իսկ Սովետը, ցավոք, միայն Երեւանի փողոցների անվանումներում չէ լռվել-մնացել։ 



Ժամանակին անդրադարձել ենք տարբեր տարիներին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը ստացած քաղաքացիներին, որոնց մեջ կան այդ կոչմանն արժանանալու համար միայն տարակուսանք ու հարցականներ առաջացրած անուններ։ Ակնհայտ է, որ նրանց դեպքում գործել է խորհրդային տարիների իներցիան։ Սակայն Երեւանը բացառություն չէ։ Փորձեցինք ծանոթանալ, թե ովքեր են անկախ Հայաստանում Գյումրու եւ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձինք, եւ․․․․ ոչ պակաս տարակուսանք ու զարմանք ապրեցինք։



Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը շնորհելիս էլ, ակնհայտ է, որ չեն գործել հստակ չափանիշներ։ Նրանց թվում, ինչ խոսք, քիչ չեն բարերարները (Ջոն Հանթսման, Վահագն Հովնանյան, Սիմոն Եզնիկ Բալյան, Հովհաննես Օյունջյան, Ալբեր Պողոսյան, Ժան Պողոսյան, Ռոբեր Պողոսյան, այլք), մշակույթում, գիտության մեջ եւ սպորտում վաստակ ունեցող հայտնի անձինք՝ Շառլ Ազնավուր, Հասմիկ Պապյան, Վարդուհի Վարդերեսյան, Վլադիլեն Բալյան, Լեւոն Ջուլֆալակյան, Ռոբերտ Էմիրյան, Արտավազդ Փելեշյան, Կառլեն Ադամյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Յուրի Վարդանյան։ Նրանց շարքում հանդիպում ենք նաեւ Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանի, պետական գործիչներ Դոնարա Հարությունյանի, Մուրադ Մուրադյանի, «Տիրամայր Հայաստան» կուսաստանի մենավորուհի Ջենեթ Սաջոնյանի (քույր Արուսյակ) անունները։ Սակայն անցում կատարենք եւ տեսնենք, թե Գյումրին որքան շնորհառատ է գտնվել ԽՍՀՄ տարբեր տրամաչափի չինովնիկների հանդեպ։ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովն ու ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բորիս Շչերբինան կհիշվեն որպես Գյումրու պատվավոր քաղաքացիներ նույնիսկ այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ի մասին այլեւս ոչ ոք չհիշի։ Եթե կարելի էր այդքան շռայլ գտնվել փլուզված եւ պատմության գիրկն անցած ԽՍՀՄ չինովնիկների հանդեպ, ապա ինչո՞ւ պետք է մոռանային մերոնց՝ ՀՀ պաշտոնյաներին, որոնք իրենց գործունեության ընթացքում ոչ մի առիթ բաց չեն թողել սեփական PR-ն անելու՝ Ռոբերտ Քոչարյան, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան։ Թե ինչ է տվել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը մեր նախկին պաշտոնյաներին, որոնք երբեք էլ չեն վայելել հանրության համակրանքն ու հարգանքը, թերեւս, միայն իրենք իմանան։



Ոչ պակաս հետաքրքիր եզրահանգումների եկանք Էջմիածնի պատվավոր քաղաքացիների անունները կարդալիս։ Նրանց մեջ, իհարկե, կային հանրության լայն շրջանակներին անհայտ անուններ։ Իսկ նրանք, ում անունները հայտնի են տարբեր առիթներով, չեն զլացել իրենց բազմաթիվ կոչումների, պարգեւների կողքին այս մեկն էլ ավելացնել։ Միգուցե՝ կենսագրությունն ավելի հարուստ ներկայացնելու նկատառումով։ Եթե Սերժ Սարգսյանը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացել էր, երբ պաշտպանության նախարար էր, ապա Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացել է արդեն որպես երկրի ղեկավար։ Նրան հաջորդում են անվանի երկրապահներ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, գեներալ-մայոր, ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Հայոց հոգեւոր մայրաքաղաքն իր սերը երկրապահների նկատմամբ, սակայն, չի սահմանափակել Մանվել Գրիգորյանով եւ Սեդրակ Սարոյանով եւ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչմանն է արժանացրել նաեւ ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանին։ Իսկ ահա Էջմիածնի պատվավոր քաղաքացիներից Գագիկ Ավագյանը «Բապշին» ՍՊԸ-ի տնօրենն է, Նորայր Մուրադյանը՝ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ, Զարզանդ Կարապետյանը՝ «Մոնոլիտ» գործարանի ԲԲԸ նախագահ, Մկրտիչ Չիրքինյանը՝ հանրապետության ըմբշամարտի հավաքականի մարզիչ, Լեւոն Թոքմաջյանը՝ քանդակագործ։ Միակ մխիթարությունն այս դեպքում մնում է այն, որ գոնե Էջմիածնում չեն փորձել վերակենդանացնել Ռիժկովի տիպի գործիչներին՝ փոխարենը նախապատվություն տալով յուրային գեներալներին։



Թագուհի Հակոբյան