Համահայկական խորհուրդը եւ փանջունիական կոչը

Համահայկական խորհուրդը եւ փանջունիական կոչը

Ապագա սեունդների եւ պատմաբանների համար այսօրվա հայաստանյան կյանքը թերեւս կորակվի նաեւ որպես անիմաստ ժողովների ժամանակաշրջան, որպիսիք մեր՝ այսօրվա սերնդի ներկայացուցիչներիս համար եղել են բրեժնեւյան ժամանակները: Տարբերությունը, սակայն, այն է, որ եթե Լեոնիդ Իլյիչի ժամանակ այդ ժողովները համամիութենական էին, ապա մեր դեպքում, առավելագույնը՝ համազգային, համահայկական: 



Հերթական նման ուռճացված եւ անբովանդակ համաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-20-ը, Երեւանում: Խոսքը Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մասին է, որն անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրի ներքո: Խորագիրն ինքնին արդեն տարակուսելի է, քանի որ գոնե Սփյուռքը հայաստանյան իշխանությունների հանդեպ չունի վստահություն, չի ցանկանում նաեւ ստանձնել մեծապես կասկածելի լեգիտիմություն ունեցող իշխանությունների հետ պատասխանատվությունը՝ Հայաստանում տիրող ներկայիս վիճակի հետ կապված, իսկ միասնականությունն էլ արտահայտվում է զուտ ավանդական ազգային-հայրենասիրական պաթոսի դրսեւորումներով:



Հայաստան-Սփյուռք հարաբերություններում բավական լուրջ եւ խորը հակասություններ կան, որոնք կարող են արդեն որակվել որպես ճգնաժամ: Բացի այդ, Սփյուռքն էլ իր մեջ բավական հակասական եւ ճգնաժամային է, քանի որ, լինելով բազմատարր ու կտրտված բոլոր հնարավոր ձեւերով եւ ուղղություններով, չունի միասնական օրակարգ եւ միասնական կեցվածք, ինչը բնական է, քանի որ «Սփյուռք» ասվածը, որքան էլ որ մենք պատկերացնում ենք որպես մեկ միասնական օրգանիզմ, համայնքից համայնք, թաղից թաղ տարբեր է, եւ եթե, ասենք, միայն Պոլսի օրինակով դիտենք, նույն քաղաքում հայության առնվազն երեք խումբ կա՝ մահմեդական հայեր, պոլսահայեր, հայաստանցիներ եւ այլն, իսկ համազգային համահայկական այնպիսի նախագծերն էլ, ինչպիսիք են, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Համահայկական բանկը, որն այլեւս չի գործում, եւ այլ կառույցներ, պարզապես տեղերում մեծահարուստ ազգայիններից փող կորզելու գործիքներ են դարձել՝ շահարկելով հայկական ինքնության այս կամ այն հայրենասիրական էմոցիոնալ ասպեկտը: Այս համաժողովին արդեն, եթե հավատանք սփյուռքի նախարարությանը, ստեղծվելու է Համահայկական խորհուրդ: Ի՞նչ է անելու այդ խորհուրդը, ի՞նչ լիազորություններ է ունենալու, ի՞նչ հարցեր է քննարկելու, այս եւ համանման այլ հարցեր մնում են անորոշ:



Դեռ աահմանադրական փոփոխությունների ժամանակ խոսակցություններ տարածվեցին, թե մասնավորապես, Ամարասի Արթուրի՝ Արթուր Ալեքսանյանի հիմնած կազմակերպությունը պառլամենտը երկպալատ դարձնելու քարոզչություն է իրականացնում։ Եթե նախագիծն ընդունվեր, ապա ԱԺ վերին պալատն զբաղվելու էր Սփյուռքի հարցերով: Սակայն մասնագետները պնդում էին, որ դա բարդ, մասամբ անիմաստ ու անիրականանալի գործ է, քանի որ, ասենք, ինչպե՞ս է Զիմբաբվեի կամ Զանզիբարի, կամ էլ Վանուատուի քաղաքացի հայը դառնալու Հայաստանի պառլամենտի անդամ: Հայ դասական երգիծական գրականությունը, ի դեպ, հարուստ է ժողովրդական տեսարաններով, որոնք այլ բան չեն բերի, քան «հառաջ պոռալով՝ հետ-հետ երթալու»: Մնում է հուսալ, որ այս նոր խորհուրդն էլ չի համալրելու նմանատիպ ժողովները եւ իրեն կարգախոս չի վերցնելու փանջունիական «մի քիչ փող տվեք» կոչը:



Տիգրան ՎԱՀԱՆԵ