Մեր միակ հույսը Դուք եք

Մեր միակ հույսը Դուք եք

Մեծարգո պարոն նախագահ, մեծ հույսով ու հավատով Ձեզ են դիմում մահապատժի, իսկ այնուհետեւ «ներված» ու ցմահ դատապարտվածների ծնողներն ու հարազատները։ Մենք երկու տասնամյակից ավելի տեսել ենք բազմաթիվ անարդար որոշումներ ու սուտ խոստումներ՝ տրված տարբեր պետական պաշտոնյաներից՝ սկսած նախկին նախագահ պարոն Ռ․ Քոչարյանից մինչեւ այսօրվա արդարադատության ոլորտի բոլոր կառույցները, որոնց երբեւէ չի հետաքրքրել, թե ինչ են զգում դատապարտյալների հարազատներն իրենց ամեն մի սուտ խոստումից հետո։ Ինչեր ասես, որ չեն խոստացել ու ստել․ գործերի վերանայում, ներում, վաղաժամկետ ազատման հնարավորություն եւ այլն։ Մեր երկրում իրավական լուրջ խնդիր կա, որը պահանջում է անհապաղ լուծում, քանի որ ցմահ դատապարտյալների թիվն ամսեամիս նվազում է նրանց առողջական վատ վիճակի պատճառով։ Եվ այդ իրավական խնդիրն ունակ եք լուծելու միայն Դուք։



Մենք կարծում էինք, որ 2017թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ մտած վաղաժամկետ պայմանական ազատման մասին օրենքը գոնե սայլը տեղից կշարժի, բայց դա էլ էր խաբեություն։ Վերջապես՝ ինչո՞ւ օրենքը չի գործում, ինչո՞ւ պայմանական վաղաժամկետ չեն ազատվում, ինչո՞ւ ներում չի շնորհվում։ Ինչո՞ւ Հայաստանը ցույց չի տալիս ամբողջ աշխարհին, որ մեր երկրում գործում է օրենքը, որ մենք ունենք արդարադատություն։ ՔԿՀ-ի կողմից լավ բնութագրեր ստացած դատապարտյալներին անկախ, «անկողմնակալ ու անաչառ» հանձնաժողովի անդամները որակում են «ոչ պատշաճ վարքագիծ» ունեցողների, ինչը շատ չի տարբերվում նախորդ որակումից՝ «բարձր ռիսկայնություն» ունեցող, եւ մերժում են վաղաժամկետ ազատումը։ Այս անելանելի իրավիճակն ստիպում է մարդկանց գնալ ծայրահեղ, անկանխատեսելի քայլերի, ինքնասպանության փորձերի։ Արդեն կան հոգեպես խախտված անձինք, մահվան դեպքեր։ Այս խնդիրը լուծում է պահանջում, կտրուկ քայլեր, հստակ դիրքորոշում։ Հարգարժան պարոն նախագահ, Դուք մեր միակ հույսն եք, Ձեր ներումը միակ հնարավորությունն է՝ մեր ընտանիքի անդամին նորից վերագտնելու։ Խնդրում ենք լուծում տալ այս հարցին՝ միավորելով ու երջանկացնելով մի քանի տասնյակ ընտանիքների։



Ցմահ դատապարտյալների հարազատներ