Կան 6 տարին լրացած երեխաներ, որոնք չեն հաճախում դպրոց․ Աշոտ Արշակյան

Կան 6 տարին լրացած երեխաներ, որոնք չեն հաճախում դպրոց․ Աշոտ Արշակյան

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ 12-ամյա պարտադիր կրթությանը։ Նա նշեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում օրենսդրական պահանջը՝ 12-ամյա կրթության պարտադիր լինելու մասին։



«Սա նշանակում է, որ արդեն 9-րդ դասարանն ավարտելուց հետո մեր աշակերտները շարունակելու են կրթությունը պարտադիր՝ դա կլինի ավագ դպրոցներում, արհեստագործական ուսումնարաններում, ինչպես նաեւ միջին-մասնագիտական ուսումնական հաստատություններում»,- ասաց նա։



Աշոտ Արշակյանը հիշեց նաեւ վեց տարին լրացած, սակայն դպրոց չհաճախած երեխաներին։ Լոռու մարզում նախարարությունն իրականացրել է փորձնական ծրագիր եւ հայտնաբերել 200 երեխաների, որոնք տարբեր պատճառներով չեն հաճախել դպրոց։
Ինչ վերաբերում է 12-ամյա պարտադիր կրթությանը, ապա ԿԳՆ պաշտոնյան նշեց, որ մինչեւ 2025թ․ անցում է լինելու ներառական կրթության։



«Հատուկ դպրոցները, որոնք հիմա Հայաստանում 21-ն են, վերակազմակերպվելու են եւ դառնալու են բժշկամանկավարժական աջակցություն ցուցաբերող կենտրոններ»,- ասաց նա։



Ծրագրային փոփոխություններ ավագ դպրոցում դեռ չկան, բայց նախատեսված են՝ իրազեկեց ԿԳՆ պաշտոնյան։ Փոփոխվում է դպրոցների ֆինանսավորման ձեւը։
Ըստ Աշոտ Արշակյանի՝ կլինեն դպրոցներ, որոնք կֆինանսավորվեն նոր բանաձեւով, որպեսզի ֆինանսավորումը կախված չլինի միայն աշակերտների թվից։ Նա հիշեցրեց, որ գյուղական դպրոցները, կախված աշակերտների թվաքանակից, ունենում են խնդիրներ։