Կորել է Ռաֆիկ Սահարյանի աշխատանքային 4 տարվա ստաժը․ քաղաքացին պահանջում է վերականգնել այն

Կորել է Ռաֆիկ Սահարյանի աշխատանքային 4 տարվա ստաժը․ քաղաքացին պահանջում է վերականգնել այն

Վանաձորի բնակիչ, կենսաթոշակառու Ռաֆիկ Սահարյանը 14 տարեկանից սկսած աշխատել է կոլտնտեսությունում որպես շարքային կոլտնտեսական։ Դա եղել է հեռավոր 1948-1952 թվականներին։ Հետագայում նա ստացել է բարձրագույն կրթություն։
Խմբագրություն այցելած քաղաքացին մեզ հետ զրույցում նշում է, որ այդ տարիները չեն գրանցվել իր համար որպես աշխատանքային ստաժ։ «Այն ժամանակ կոլտնտեսականները չունեին անձնագիր, գրքույկ, եւ թույլ չէին տալիս, որ մարդիկ հեռանան գյուղից։ Այդ տարիների աշխատանքը չէր մտել իմ աշխատանքային ստաժի մեջ»,- հիշում է մեր զրուցակիցը։



Ռաֆիկ Սահարյանն ասում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010թ․ հոկտեմբերին կայացրել է վճիռ, որ ճանաչեն իր աշխատանքային ստաժը։ Սակայն դրանից տարիներ անց էլ կենսաթոշակառուն չի կարողանում հասնել այն բանին, որ իր աշխատանքային ստաժը վերականգնվի։



Ռաֆիկ Սահարյանը ընկել է բյուրոկրատական քաշքշուկների մեջ, դիմել տարբեր ատյաններ՝ իր աշխատանքային ստաժը վերականգնելու համար։ Նա ասում է, որ այն վերականգնելու դեպքում ինքը մոտ 4000 դրամ ավելի կենսաթոշակ կստանա։
Քաղաքացին դատարանի վճիռն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժին։



Այս տարվա օգոստոսի 11-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմից Ռաֆիկ Սահարյանին տվել են հետեւյալ պատասխանը․ «1949-1952թթ․ ընկած ժամանակահատվածում Վրաստանի ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի կոլտնտեսությունում որպես շարքային կոլտնտեսական աշխատած լինելու ժամանակահատվածը Ձեր աշխատանքային ստաժում հաշվառվել չի կարող, քանի որ Դուք չեք ներկայացրել օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ, եւ առկա է արխիվի տեղեկանքն այն մասին, որ 1948-1952թթ․ կոլտնտեսության փաստաթղթերն արխիվ չեն հանձնվել»։



Ինչ վերաբերում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռին, ապա Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնում վրդովվել են, որ իրենք չեն մասնակցել քաղաքացիական գործի քննությանը եւ կայացված վճռի մասին իրազեկվել են 2010թ․ հոկտեմբերի 20-ին, երբ քաղաքացին վճռի օրինակը ներկայացրել է այնտեղ։ Ծառայությունն էլ հարցին իր ձեւով է փորձել լուծում տալ՝ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նշելով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացնելիս թույլ էր տվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, ինչպես նաեւ կայացրել էր ծառայության իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ ակտ՝ այդ մասին չծանուցելով վերջինիս եւ նրան գործին մասնակից չդարձնելով։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ 2011թ․ մարտի 10-ի որոշմամբ մասնակի բավարարել է ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, հայցն էլ թողել առանց քննության։
Իսկ Ռաֆիկ Սահարյանը պնդում է, որ ինքն աշխատել է այդ տարիներին, եւ իր աշխատանքային ստաժը պետք է վերականգնել։