Գյումրեցի կինը խնդրում է՝ իրեն եւ իր փոքրիկներին դուրս բերել անմարդկային պայմաններից

Գյումրեցի կինը խնդրում է՝ իրեն եւ իր փոքրիկներին դուրս բերել անմարդկային պայմաններից

Գյումրու Երևանյան խճուղու՝ առավել հայտնի Ստրոյմաշ կոչվող տարածքում տեղակայված 147/134 խղճուկ տնակում են բնակվում 25- ամյա Գոհար Ավոյանն իր երկու անչափահաս փոքրիկների եւ ամուսնու հետ: Հույս ունեին, որ մի օր ամեն ինչ փոխվելու է՝ դեպի լավը, բայց երկրի վիճակի վատանալուն զուգահեռ իրենց վիճակն էլ ավելի վատթարացավ: «Տղաս՝ Վահանը, 1.6 ամսական է, աղջիկս՝ Մարիամը 5 ամսական: Շատ փոքր են, իմ խնամքին, թե չէ մի աշխատանք կփնտրեի: Ամուսինս ձեռքով տղա է, բայց հիմնական գործ չունի, օրավուր հացն հազիվ է վաստակում»,-պատմում է երիտասարդ կինը՝ մատնացույց անելով տնակի տանիքը, որն արդեն փտել է:



Գոհարն հենց այս տնակ էլ հարս է եկել: 5 տարի է՝ ամուսնացած է, անօթևանի կարգավիճակ չունեն. պատմությունը փոքր-ինչ խճճված է: Երկրաշարժից հետո ամուսնու ծնողներն հաստատվել են այդ տնակում: Մեծացրել են երեք որդիներին, քանի որ բազմանդամ էին, երկրաշարժին կորցրած հայրական տան դիմաց պետությունը հատկացրել է միայն մեկ բնակարան, որն էլ բաժին է հասել միջնեկ տղային: «Ցուրտը մի կերպ հաղթահարում ենք, բայց սարսափելին առնետներն են, հիմա երեխաների համար եմ անհանգստանում, փոքրիկ են, հնարավոր է վնասեն»,-ասում է Գոհարը՝ օրհնելով վերջերս Ռուսաստան մեկնած հարևանին, որ տան իրերը վաճառելու փոխարեն իրեն է տվել: «Նույնիսկ տան փալասն ինձ տվեց, երեխաներիս հագուստ, բավական գույք տվեց , շնորհակալ եմ, որ դեռ նման մարդիկ կան, ինչ ասեմ: Բայց դե տեսնում եք, պայմաններս անմարդկային են, խնդրում եմ՝ գոնե ժամանակավորապես օգնեք, դուրս գանք այս վիճակից»,-խնդրանքով մեզ է դիմում երիտասարդ կինը:



Հ. Գ. Գոհար Ավոյանին եւ նրա ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հեռախոսահամարին ՝ 094505793։ 



Արևիկ Հակոբյան