Պոեզիայի երեկո ՊԵԿ նախկին աշխատակցի էջում

Պոեզիայի երեկո ՊԵԿ նախկին աշխատակցի էջում

Ինչպես հայտնի է, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան փեսային՝ Վահան Մամիկոնյանին Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխեց օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնին, իսկ նրա եղբորը՝ «Զորավար» մականունով հայտնի Վարդան Մամիկոնյանին էլ հայրենի Արտաշատից աքսորեց Աշտարակ: Այս ամենից բացի՝ Վարդան Հարությունյանը նաեւ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Մամիկոնյանին՝ ծառայողական քննության արդյունքում նրան հայտարարելով բանավոր նկատողություն:



Այս «ռեպրեսիաները» ոչ միայն նախկին պաշտոնյաների հարազատների վրա են ազդում, այլեւ նրանց արբանյակների։ Հովիկ Աբրահամյանի փեսայի Շենգավիթից հեռանալուց հետո պաշտոնից ազատվել էր նաեւ Շենգավիթի հարկային տեսչության գլխավոր հաշվապահ Էմիլյա Խաչատրյանը։ Վերջինս հարկայինից տեղափոխվելուց հետո իրեն նվիրել է պոեզիային՝ սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով լալահառաչ բանաստեղծություններ սիրո մասին։



«Թե գնում ես, այնպես գնա,
Որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա..
Թե մնում ես, այնպես մնա,
Որ իմ սրտի ամեն անկյուն
Քեզնով լցվի ու լիանա...
Թե սիրում ես, այնպես սիրիր,
Որ հիանամ, որ հայացքիդ հանդիպելիս
Մի պահ կյանքից անէանամ,
Որ չլսեմ ոչ մի շշուկ,
Չտարբերեմ ցերեկ ու մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
Եվ զովանամ շոգ ամռանը...
Այնպես սիրիր, որ իմ սիրտը
Անվերջ թնդա, որ այլ աչքեր եթե ժպտան,
Չնկատեմ ու լուռ անցնեմ...
Սիրիր այնպես, որ արթնանամ
Քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ` քեզ երազիս
Այցելելու համար միայն...
Այնպես սիրիր, որ խենթանամ,
Այնպես սիրիր, որ արբենամ...
Սիրիր այնպես, ինչպես... Ես... Քեզ»։