«Խուստուփ» արգելավայրի երեկն ու այսօրը․ հրդեհը կարող է նորից ակտիվանալ

«Խուստուփ» արգելավայրի երեկն ու այսօրը․ հրդեհը կարող է նորից ակտիվանալ

Բնապահպանության նախարարությունից այսօր ավետեցին՝ «Խուստուփ» արգելավայրի հրդեհը մեկուսացված է։ Հաղորդվեց միայն «վնասի» չափը. 100 մ2 խոտածածկույթ։ Պատճառների, հետևանքների մասին նախարարությունն ավելորդ համարեց «խոսել»։ Տարածած հաղորդագրությունն էլ, ըստ էության, ենթատեքստ ուներ. հերթական «պաժառն» է եղել, անհանգստանալ պետք չէ։



«Խուստուփի» շրջանում պարբերաբար հրդեհներ եղել են



Ու չնայած հրդեհի հիմնական օջախները մեկուսացվել են՝ «Խուստուփը» շարունակում է ծխալ, իսկ ծուխն էլ հասել է հարևան գյուղեր։ Լեռնաձոր համայնքում հենց այդ ծխի հոտից են իմացել, որ հրդեհ է։ «Մեր գյուղից ուշադիր նայում էինք, չէր երևում հրդեհը, որովհետև քաղաքացիներից ասում էին՝ ծխի հոտ ա գալիս և այլն։ Մեր տարածքում չէր հրդեհը։ Ձագեձորի մոտ է եղել, բայց ոչ Ձագեձորի տարածքում, որը մտնում է Լեռնաձոր համայնքի մեջ։ Խուստուփի մյուս լանջում ա եղել, մենք չենք տեսել»,- մեզ հետ զրույցում նշեց Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանը։ Հրդեհի պատճառների մասին նա դժվարացավ խոսել, համայնքում էլ այդ թեմայով չեն շատախոսում. «Դե, մեր տարածքում չի եղե, մեր մոտ դրա համար էլ չեն էլ խոսում։ Հիմա շատ չորային եղանակ ա, 3 ամիս ա՝ մի կաթիլ անձրև չի եկել, դե կարող ա դրանից ա»։ Համայնքապետը հիշում է խորհրդային տարիներին նույն տարածքում պարբերաբար բռնկված հրդեհների մասին. «Հրդեհներ էին ըլնում, արագ արձագանքում էինք, ժողովրդով, բանով հանգցնում էինք»։



Հրդեհի պատճառը մարդկային գործոնը չի եղել



«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հայտնի՞ է՝ ինչն է եղել հրդեհի պատճառը։ Գևորգյանը պատասխանեց.«Տարածքը, որտեղ հրդեհ է եղել, 7կմ ոչ մի բան չկա, ճանապարհ, ոչ մի բան, ամայի, խոտածածկ տարածք ա, էնտեղ մեքենա չի գնում, այսինքն՝ մարդկային գործոնը բացառվում ա, որ ինչ-որ մեկը մեքենայով գնացել ա, ինչ-որ մի բան ա արել, 2800մ բարձրության վրա տարածք ա, այսինքն՝ մեր աշխատակիցները 2 ժամից ավելի ոտով են գնացել հրդեհի գոտի։Դրա համար մարդկային գործոնը բացառում եմ»։ Վնասներին անդրադառնալով՝ ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ հրդեհի օջախը մոտակա անտառային ծածկույթից 6-7կմ բարձրության վրա է եղել, ուստի որևէ վնաս չի եղել հարակից անտառներին։ Հետաքրքրվեցինք, թե նախորդ տարիներին նման հրդեհներ ևս եղե՞լ են. «Էս ընթացքում չի եղել, ես, ճիշտն ասած, նախորդ տարի նոյեմբերից եմ ընդունվել աշխատանքի այստեղ, իմ ժամանակ չի եղել»։ Հարցին, թե «Շիկահող» արգելոցում հրդեհ նույնպես եղե՞լ է վերջին օրերին, Վարդան Գևորգյանը նշեց, որ արգելոցի անվանումն է պարզապես մամուլին խաբկանքի մեջ գցել.«Կա «Շիկահող» արգելոց և «Շիկահող» մասնաճյուղ, դրանք տարբեր բաներ են։ «Շիկահող» մասնաճյուղը ներառում ա 3 պահպանվող տարածք, ներառում ա «Շիկահող» արգելոցը, ներառում ա «Սոսիների պուրակ» և «Խուստուփ» արգելավայրերը։ Հիմա էդ հրդեհը «Շիկահող» մասնաճյուղի «Խուստուփ» արգելավայրում ա եղել, դրա համար էլ ինֆորմացիան մի քիչ ճիշտ չի եղել»։



«Խուստուփի» արգելավայրի հրդեհը կարող է նորից ակտիվանալ



Չնայած հրդեհի հիմնական օջախները մարվել են, սակայն դեռ վտանգ կա, որ հնարավոր է՝ ակտիվանա կրակը։ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյան մեզ հետ զրույցում նշեց, որ 3 օր շարունակ հրդեհը մարել են, սակայն վերջին 2 օրը, ժամը 12։00-ի սահմաններում հրդեհի օջախները սկսում են ակտիվանալ. «2 օր մենք ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին շատ համագործակցված կազմակերպվեցինք, տեղափոխվեցինք էնտեղ և առավոտը հաշվարկով էնպես էինք անում, որ 6-ին առավոտյան մի 60 հոգով դուրս էինք գալիս, գնում էինք, 2 ժամվա ճամփեն էնպես էինք հաշվարկում, որ ժամը 12-ին էնտեղ լինենք։ Հենց ուզում էր օջախը հրդեհի ակտիվանար, խեղդում էինք։ Էսօր արդեն ոչ մի օջախ չէր ակտիվանում, կարծում ենք, որ վաղն էլ չլինի, արդեն վերջ։ Վաղն էլ հերթապահությունը կանենք, որ վերջնական համոզվենք՝ մարվել ա։ Հնարավոր ա, որ վաղը, ով գիտի, էլի ակտիվանան»։



Վով Մուշեղյան