Դուխի պակաս

Դուխի պակաս

Բրյուսելյան հանդիպման եւ վերջին զարգացումների մեկնաբանություններն իրարամերժ են։ Նրանք, ովքեր ձգտում են ամեն գնով արդարացնել այս իշխանություններին, ամեն ինչի մեջ դրականը տեսնել, համարում են, որ Շառլ Միշելի հայտարարության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ ոչ մի վատ բան չկա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե հետագա իրադարձություններն ինչպես կծավալվեն։ Ասենք՝ կկարողանա՞նք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովում մենք ավելի ուժեղ լինել եւ Հայաստան-Ադրբեջան սահմանը գծելիս մեր շահերը պաշտպանել։ Կկարողանա՞նք «խաղաղության պայմանագրի» մշակումների ժամանակ մեզ համար շահեկան կետեր մտցնել եւ պարտադրել, որ մեր շահերին հակասող դրույթները հանվեն։ Կկարողանա՞նք Արցախի հարցը նորից բերել օրակարգ եւ վերակենդանացնել մեր շահը պաշտպանող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը։

Կկարողանա՞նք ճանապարհների եւ հաղորդակցության ուղիների՝ մեզ համար շահեկան քարտեզ գծել եւ այնպես անել, որ դրա կառուցման կամ գործարկման ծախսերը չմնան միայն մեր աղքատ պետության ուսերին։ Կկարողանա՞նք դիմակայել ադրբեջանական ճնշումներին։ Լավատեսները, իշխանական քարոզիչները համարում են, որ կկարողանանք՝ մեր շահերն առաջ մղելու դուռը դեռ փակ չէ։ Բայց այս մարդիկ մոռանում են, որ եթե պետության առաջին դեմքն ամենաբարձր ատյաններում բանակցելիս չի կարողանում հայկական շահն առաջ մղել, շատ ավելի բարդ է այդ շահն առաջ մղել ցածր օղակներում։

Եթե Փաշինյանը պարտվում է Ալիեւին, ինչպե՞ս է Արարատ Միրզոյանը հաղթելու Ջեյհուն Բայրամովին, Վահան Քերոբյանը՝ Միխայիլ Ջաբարովին, Սուրեն Պապիկյանը՝ Զաքիր Հասանովին, դելիմիտացիայի հայկական հանձնաժողովի անդամները՝ ադրբեջանականին։ Այդ դուխը պետք է վերեւից գա, եւ հիմքերը պետք է վերեւում արդեն գցված լինեն։