ԱՆ-ն ու առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը միջգերատեսչական պատերազմի մեջ են

ԱՆ-ն ու առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը միջգերատեսչական պատերազմի մեջ են


Օրերս առողջապահությանն առնչվող 2 կառույց՝ առողջապահության նախարարությունը եւ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը, սոցիալական ցանցերում՝ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումների եւ պատասխան պաշտոնական հաղորդագրությունների ձեւաչափերով միջգերատեսչական  պատերազմ էին մղում։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ դպրոցներից մեկում  երեխաներին հավաքել-տարել են «Գարդասիլ» ներարկելու։ Մի տղայի էլ, ի դեպ, չգիտես ինչու՝ փայտացման դեմ։   Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն էլ պաշտոնական հաղորդագրությամբ անմիջապես արձագանքեց․ «Ի պատասխան վերջին օրերին մամուլում շրջանառվող այն ահազանգերի, ըստ որոնց՝ դպրոցներին, առանց ծնողներին զգուշացնելու, տանում են «Գարդասիլ» պատվաստելու, տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Գործի ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ 

Սա, ըստ ամենայնի, խիստ զայրացրել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով Ֆեյսբուքում գրել է․ «Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին եւ ջուր լցնում վախ եւ խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյոք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, սեփական PR-ով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում, հասկանո՞ւմ է իր քայլերի եւ հայտարարությունների հետեւանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը եւ ո՛չ հակառակը: Հույս ունեմ՝ վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն եւ լայնորեն կլուսաբանվեն»։ 

Անկախ պատվաստանյութին կողմ կամ դեմ լինելուց, արձանագրենք, որ, փաստորեն, պետական մի մարմին կասկածի տակ է դնում մեկ այլ պետական մարմնի քաղաքականությունը։ Այն էլ՝ «Գարդասիլի» նման նուրբ հարցում։ Ինտրիգի ողջ խորությունը ներկայացնելու համար հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն է մշակում քաղաքականությունը ոլորտում, առողջապահական տեսչական մարմինը՝ կատարում ԱՆ մշակած քաղաքականությունից բխող ենթաօրենսդրական ակտերի՝ հրամանների, կառավարության որոշման նախագծերի կատարման հետագա հսկողությունը։ Այսինքն՝ դա կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ 

 Իսկ մյուս նրբությունն այն է, որ այս կառույցներն իրարից անկախ են․ մեկը նախարարություն է, մյուսը՝ տեսչական մարմին, որը ենթակա է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակին։ Փաստորեն, որոշումները կատարողը կասկածի տակ է դնում քաղաքականություն մշակողի կոմպետենտությունը, միգուցե՝ անաչառությո՞ւնը։ Ի դեպ, նշենք, որ հենց Արսեն Թորոսյանն է տեսչական մարմնի՝ ԱԱՏՄ հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Չնայած օրերս իր երկարատեւ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր կառավարությունում չեն կարող լինել թեւեր, քաոսներ ու կոլապսներ, իսկ թեւերը եթե աճեն, կկտրվեն սաղմնային վիճակում։

Իրականում, հիմա փաստացի ստեղծված է իրավիճակ, երբ առողջապահության նախարարության իրավական ակտերի կատարման հսկողությանը կոչված մարմինը մատը մատին չի տալիս՝ կատարելու ԱՆ ենթաօրենսդրական ակտերը՝ որպես վերահսկող մարմին։ Օրինակ, վերջերս Թորոսյանն արձակել էր հրաման, ըստ որի՝ արտահիվանդանոցային բլոկում աշխատող բժիշկների աշխատավարձը պետք է  բարձրանա x տոկոսով՝ համաձայն չափորոշիչների, բայց ԱԱՏՄ-ն մատը մատին չի տվել։ Կամ՝ լավատեղյակներն ասում են, որ նույնկերպ ոչինչ չի արվում հանրային սննդի վայրերում սանիտարահիգիենիկ վիճակը ստուգելու ուղղությամբ։ Կամ ստուգել՝ օրինակ, թե իրականացվո՞ւմ են, թե ոչ տարբեր գործատուների մոտ աշխատողների առողջական վիճակի պարբերական բուժզննությունները։ Դեղերի վերահսկողությունը Հայաստանում աշխատանքի մի ահռելի դաշտ է՝ պահպանման պայմաններ, լիցենզավորում, գրանցված լինել-չլինելը։ 

Ինչպես նշում է մեր աղբյուրը՝ բացարձակ զրո։ Բայց պատճառը, նրա խոսքով, ինտրիգներն ու միջգերատեսչական շահերի բախումը չէ, պարզապես ոչ պրոֆեսիոնալիզմն է ու այն, որ այս կառույցն իր ստեղծման առաջին իսկ օրից ոչ մի բան չի արել, հիմա էլ շարունակում է չանել, բացի աշխատողներ հանելուց ու նշանակելուց, խիստ կասկածելի ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից։  Եվ ինչպես պնդում են՝ այս կառույցում տեղից շարժվում են միմիայն, այն դեպքում, երբ թիրախային բողոքներ են ստանում։ 
Հիշեցնենք, որ այս մարմնի ղեկավարը 2018-ի սեպտեմբերից Էդգար Խուրշուդյանն է։ Իսկ տեղակալը Սամվել Սողոմոնյանն է՝ Արմեն Աշոտյանի ազգականը, ում բնութագրում են որպես ընտրական նախկին բակային «տասովշչիկ», որը կարող է սեղանից մի գրիչ վերցնելու փոխարեն  40 րոպե բացատրել, թե ինչու գրիչը չպետք է դրվի սեղանին, կամ որոնք են լինելու այն դնելու հետեւանքները։