Ընտրություններ` նախքան ընտրությունները

Ընտրություններ` նախքան ընտրությունները
Եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ վաղը հրաժարական տա, ապա մեկ անուրանալի ծառայություն նա պետությանը մատուցել է: Նա քաղաքական, հասարակական դաշտը մաքրեց տիղմից: Մեծամասամբ նրա շնորհիվ բազմաթիվ կուսակցություններ եւ անհատներ, որոնք տարիներ շարունակ հրապարակային գործունեության եւ կառավարման համակարգում տեղ գրավելու հայտ էին ներկայացնում, շատ կարճ ժամանակահատվածում ճշտեցին իրենց շուկայական արժեքը: Մի մասը՝ ինքնակամ, մյուսը` իրավիճակից ելնելով: Բայց սա արդեն կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ դաշտը արագ տեմպերով մաքրվել է: Այն, ինչն անիրականանալի էր թվում 10-15 տարի, լուծվեց  երկու տարում:

Հասարակության զարգացման համար սա չափազանց կարեւոր հանգամանք է: Բոլոր նրանք, ովքեր մտածելու եւ կարծիք ձեւակերպելու կարողություն ունեն, պարբերաբար իրենց տալիս են հետեւյալ հարցը` "ո՞ւմ ենք թողել հասարակական դաշտը, ովքե՞ր են մեզ կառավարում": Այս անվերջ թվացող հարցի առաջին մասը նկատելիորեն լուծվում է, մյուսը դեռեւս կարիք ունի խմորումների:

Թեկուզ վերջերս աղմուկ հանած օտարալեզու դպրոցների մասին օրինագծի վրա քննարկենք հարցը: Մենք ականատեսը եղանք ինքնաբուխ, գրագետ դիմադրության: Միանգամայն կամավոր, առանց պարտադրանքի, առանց մեկը մյուսի ճնշման տարբեր  քաղաքական հայացքներ ունեցող անձինք եւ շրջանակներ ձեւակերպեցին մեկ ընդհանուր կարծիք, որը դարձավ գերակշռող: Սա առողջ հասարակության մոդելն է: Իհարկե, սա դեռեւս մի դրվագ է, եւ այլ կարեւոր հարցերում հասարակությունը առայժմ ինդեֆերենտ կեցվածք ունի, բայց միտումն այնպիսին է, որ ժամանակի ընթացքում սա կդառնա մշակույթ:

Եթե այս խնդիրն առաջանար երկու տարի առաջ, պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր պետք է իրենցից գոհ կարծիք հայտնեին` անիմաստ կուսակցությունների մի անվերջ շարք: Բայց հիմա հարթակում այլ մարդիկ են, այլ շրջանակներ` գիտնականներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, տնօրեններ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ: Մեկ կարեւոր հանգամանք եւս. մամուլը, թերեւս նորագույն պատմության մեջ առաջին անգամ, այսքան քաղաքացիական կեցվածք դրսեւորեց, ասել է թե  իրականացրեց իր ֆունկցիան: Դառնանք հարցի երկրորդ մասին:



ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ




Ունենք  քաղաքական իրականություն, որը թեեւ չի կարող գոհացնել, բայց ունի առողջ զարգացման բոլոր հնարավորությունները: Երբ քաղաքական դաշտը մաքրվեց տիղմից, մնացին հետեւյալ ուժերը եւ դրանք պայմանավորող տրամադրությունները` Հանրապետական կուսակցություն, "Բարգավաճ Հայաստան", Հայ ազգային կոնգրես: Սրանք երեք հիմնական ուժերն են: Ավելի թույլ դիրքերում են Դաշնակցությունը եւ ավելի թույլ` "Ժառանգությունը": Սա՝ կառուցվածքային տեսք ունեցող ուժերի մասով: Եւ կա հասարակության մի զգալի մաս, որն իրեն չի տեսնում այս կառուցվածքներում եւ ձեւավորում է նոր, մնացածներից  էապես տարբերվող ուժի անհրաժեշտություն: Մնացած տարբերակներն  արհեստական են եւ անկենսունակ: Բայց այս սխեման ունի զարգացման երկու տարբերակ` կամ գործել, ապահովելով բնականոն զարգացում, կամ չգործել, ձեւավորելով ճահճացման երկրորդ փուլը:



ՍՏԻՊԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾԵԼ



Կուսակցություններն իրենք ինքնակամ գործելու թույլ ռեսուրս ունեն: "Գործել" ձեւակերպման տակ հասկացվում է մի քանի բան: Առաջին՝ հանրությանը հուզող բոլոր կարեւորագույն  հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշման ձեւակերպում: Այժմ ավելի հաճախ ականատեսն ենք լինում պաթետիկ բարբաջանքի եւ ոչ թե քաղաքական տեսակետի: Երկրորդ կարեւոր քայլը հասարակության տարբեր շերտերի հետ իրական կոնտակտի ապահովումն է: Այն կուսակցությունը, որը բազմաթիվ թելերով կկապվի իրական մարդկանց, իրական պրոբլեմներին, նա էլ կուժեղանա: Եւ երրորդ` ճիշտ կկազմի իր նախընտրական ցուցակները: Բայց կուսակցություններն իրենք իրենց կամքով դժվար են դրան գնալու, պետք է պայմանները դրան դրդեն: Խնդիրը դիտարկենք օրինակներով. հայ-թուրքական հաշտեցումը ձախողված է: Եթե "Հայլուրն" օրը տասն անգամ էլ ասի, թե  դա աննախադեպ հաջողություն է, միեւնույն է՝ նախարարից մինչեւ հնձվոր բոլորը հասկանում են, որ երկու տարի առաջ Թուրքիան մեզ համար անվտանգ երկիր էր, իսկ հիմա մեզ սպառնում է: Մենք մեր ձեռքով ամրացրեցինք  թուրք-ադրբեջանական դաշինքը: Եթե այս պայմաններում ՀՀԿ-ն գնա ընտրությունների հայլուրական լոզունգներով, ապա շատ դժվար է լինելու լուրջ ձայն ստանալ: Սա հասկանում են նաեւ ՀՀԿ-ում: Պայմանը պարտադրված է, լուծումը մնում է իրենց:

Այլ օրինակ` վարչապետը կազմաքանդում է բիզնեսի մի հսկայական շերտ: Տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկվում են ապրուստի միջոցներից: Նրանք օբյեկտիվորեն կողմնորոշվել են դեպի ԲՀԿ: Այս կուսակցությունը կամ կարողանալու է տարանջատվել ներկայիս իշխանություններից, գոնե տնտեսական քաղաքականության մասով, այդ դեպքում ստանալու է այս մարդկանց ձայները՝ լրացուցիչ 300 հազար ձայն, կամ խուսափելու է տարանջատումից, ու այս ձայները փոշիանալու են: Սա նույնպես ընտրության հարց է:

Դաշնակցության մասով: Իշխանությունն ասում է, որ հայրենիքը երբեք այսքան համախմբված չի եղել սփյուռքի հետ: Դաշնակցությունը հիմա լռում է: Կամ պետք է այդպես շարունակի եւ ստանա այնքան ձայն, որքան քաղաքապետի ընտրությունների ժամանակ, կամ պետք է հստակ ցույց տա, որ սփյուռքի հետ առկա է ահռելի ճեղքվածք, եւ տարաձայնությունները հայրենի իշխանությունների հետ  երբեք այսքան խորը չեն եղել: Այդ դեպքում ձախողված հայ-թուրքականի ֆոնին կստանան լուրջ ձայներ:

"Ժառանգությունը" եթե շարունակի որեւէ հարցի շուրջ երբեւէ հստակ բան չասել եւ պահպանել խռոված հարսի իր կարգավիճակը, ապա հաջորդ խորհրդարանում, անշուշտ, չի լինելու: ՀԱԿ-ը, որպես գործող տիտղոսային ընդդիմություն, եթե շարունակի այսօրվա իր ամորֆ գործելաձեւը, շարունակի պայքարել ոչ թե գործող իշխանության, այլ Ռ. Քոչարյանի դեմ, ապա հաջորդ ընտրություններում կստանա իր վաստակած 8 տոկոսը խորհրդարանում: Փոխարենը, եթե ուժ եւ թարմություն գտնի իր մեջ, ի վիճակի կլինի էապես փոխել իրերի դրությունը: Գործելու համար անհրաժեշտ պայմաններ ասվածը հենց սա է: Կամ կուսակցություններն ընդունում են մարտահրավերը եւ շարժվում դրան համապատասխան, ինչից առաջին հերթին շահելու է պետությունը, կամ նրանք բոլորով խորացնելու են ճահիճը` ստեղծելով պայմաններ նոր ուժի կամ ուժերի համար: Ընդ որում՝ "նոր ուժ" կոչվածը պարտադիր չէ, որ լինի լավը. այն կարող է լինել նաեւ անկանխատեսելի ու վտանգավոր: Բայց, որ պետությունը լինելով այս տարածաշրջանում, չի կարող այսօրվա նման նեխել` միանշանակ է:

Խորհրդարանական ընտրություններին դեռեւս 2 տարի ժամանակ կա, բայց այսօր արդեն նկատվում են պրոցեսներ, որոնք դժվար է վերահսկել: Դարձյալ դիտարկենք օտարալեզու դպրոցների օրինակով. Դաշնակցությունն արագ կողմնորոշվեց, գտնվեց բավական դինամիկ եւ ինքը վերցրեց ընդդեմ պայքարի դրոշը: Հանրապետականն իր հերթին հասկացավ, որ մի Աշոտյանի համար իրենք չպետք է հայտնվեն անհարմար վիճակում: Կուսակցությունն այս դրվագում կենսունակ գտնվեց, վեր դասելով հեռանկարային  շահը Աշոտյանի ավանտյուրաներից:

Այս հարցի շուրջ ԲՀԿ-ն շտապողականություն չցուցաբերեց, ինչը որոշ դեպքերում համազոր է դանդաղկոտության:  Փոխարենը, նույն շաբաթների ընթացքում ԲՀԿ-ն էապես ամրացրեց իր դիրքերը երկրի երկրորդ քաղաքում` Գյումրիում: Երբ դպրոցների թեման փակվի, կտեսնենք, որ փաստն արդեն արձանագրվել է. կուսակցությունը երկու շաբաթում ամրապնդվեց Գյումրիում:

Հիմնական ընդդիմադիր ՀԱԿ-ը թեեւ ընդունեց մի հայտարարություն, բայց դա, մեղմ ասած, թոշակառուի պահվածք էր: ՀԱԿ-ն ուներ լավ հնարավորութուններ կոնսոլիդացնել դժգոհությունները. որպես փաստ արձանագրենք, որ ոչինչ չարեց: Ի դեպ, նմանատիպ հայտարարություններ ընդունեցին մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հիմա դառնանք հիմնական հարցին, իսկ եթե ոչինչ էլ չփոխվի՞: Կմնա՞ նույն Հայաստանը: Իհարկե չի մնա: Մենք ստեղծեցինք բոլոր օբյեկտիվ պայմանները, որ այդպես չմնա: Հայաստանը դատապարտված է երկու բանի` կամ առաջընթաց, կամ ավելի արագ դեգրադացիա: Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն իրենց նախադեպը մինչ այժմ չեն ունեցել: Կա երկու հստակ առանձնահատկություն` աննախադեպ ծավալների կոնսոլիդացված դժգոհություն, երբ բոլորը դժգոհ են բոլորից, բայց նաեւ այդ բոլորը դժգոհ են իշխանությունից: Երկրորդ խնդիրն իհարկե ձախողած թուրքական քաղաքականությունն է, որ դիպել է հանրության բոլոր շերտերի նուրբ զգայական կետերին: