“Մանկանց կոտորած” ձվի շուկայում

“Մանկանց կոտորած” ձվի շուկայում
Հունիսի 23-ին հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջին անգամ հրապարակավ կարծիք հայտնեց ձվի շուկայում տեղի ունեցող հեղափոխական փոփոխությունների մասին: Մինչ լրատվամիջոցներն ահազանգում են նոր մոնոպոլիստի ծննդյան, դեմպինգի եւ թռչնաբուծության կործանման մասին, ՀՀ վարչապետը հիմնական հեռուստաալիքներով գոհունակությամբ հայտարարում է, որ ձվի արտադրության ոլորտում մեծ ներդրումներ են կատարվել, արձանագրվել է 30-40 տոկոս աճ, եւ որ ձվի հարցը Հայաստանում լուծված է: Ստացվում է, որ վարչապետի համար որքան վատ, այնքան լավ: "Մի ժամանակ ավելի հաճախ էին խոսում մանր եւ միջին բիզնեսի խթանման մասին: Բայց վերջերս մեզ բոլորովին մոռացել են: Մենք սպասում էինք, որ լրագրողներից գոնե մեկը կհարցնի վարչապետին, թե ինչպես է նա պատկերացնում մեր հետագա ճակատագիրը: Բայց ոչ նրանց, ոչ էլ վարչապետին մենք չենք հետաքրքրում",- ասաց մեր զրուցակից Ա. Ա.-ն, որն արդեն մի քանի տարի է՝ փոքր թռչնաբուծական տնտեսություն ունի:



Մեզ հետ հանդիպման էր եկել թեմային նվիրված "Հրապարակի" հոդվածաշարին ծանոթանալուց հետո եւ խոսում էր նաեւ մյուս "փոքրերի" անունից: Իր անուն-ազգանունը խնդրեց չհրապարակել, պատճառաբանելով, թե բացառված չէ, որ իր անունը թերթում տպվելուց հետո գա հարկայինը եւ անվերջանալի ստուգումներ սկսի ձեռնարկությունում: Թեեւ ստուգելու բան կարծես թե չի մնացել: Ձվի գնանկման վերջին երեք ամիսներին Ա. Ա.-ն մորթել է թռչունը եւ այժմ հարկադիր պարապուրդում է: Աշխատակիցները չեն վճարվում եւ արդեն աշխատանք են փնտրում: Նույնն է մյուս "փոքրերի" վիճակը: Որն էլ թռչնի մորթ չի կազմակերպել, մի կերպ է կարողանում կերի ծախսը հոգալ: Դեմպինգի մեկ օրը այդպիսի ձեռնարկությանը օրական 150-200 հազար դրամի վնաս է հասցրել:



"Մեր վիճակն իրոք ծայրահեղ է,- ասում է Ա. Ա.-ն:- Համարյա բոլոր "փոքրերը" ունեն բանկերին վարկեր փակվելու խնդիր: Մինչդեռ այս ամիսներին օր է եղել, որ ձուն տվել ենք 4-7 դրամով: Այն դեպքում, երբ դրա արտադրության համար ծախսում ենք ամենաքիչը 28 դրամ: Այսինքն, մենք ձուն վաճառել ենք ինքնարժեքից 4-7 անգամ էժան": Հայաստանում հավկիթ արտադրող մոտ 12 մանր ձեռնարկություն կա՝ 5-10 աշխատատեղով: Դեռ մի քանի ամիս առաջ դրանք ունեին միջինը 10-13 հազար թեւ թռչուն եւ օրական արտադրում էին առավելագույնը 150 արկղ ձու: Չդիմանալով ձվի գնի աստիճանական իջեցմանը, դրանք մեկ ամսում մոտ 5-6 մլն. դրամի վնասով էին աշխատում: Մեկ այդպիսի մանր ձեռնարկություն հիմնադրելու համար Հայաստանի պայմաններում անհրաժեշտ է 80-100 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը հայթայթելու համար "փոքրերը" գրավադրել են իրենց տները, հողը, այլ գույք եւ այժմ կանգնած են ծանր այլընտրանքի առաջ՝ սպասել գների կարգավորմանը, ինչը Հայաստանի պայմաններում "Գոդոյին" սպասելուն հավասար աբսուրդ է, կամ գնալ այլ երկիր եւ սկսել զրոյից: Զրուցակցիս՝ Ա. Ա.-ին հարցրեցի, թե ինչպես է պատկերացնում կառավարության օգնությունը:



- Առաջին հերթին պետք է կարգավորել գները: Դա պետք էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ձվի գինը 40 դրամից իջավ մինչեւ 22, այն էլ Ամանորից առաջ: Բայց դա ոչ մեկին չհուզեց: Մեզ պաշտպանող պետական գերատեսչություն չկա:



- Բայց հիմա գինը մի քիչ բարձրացել է:



- Միեւնույն է, տատանումը մեծ է՝ 20-50 դրամ: Օրինակ, հավասար մրցակցություն ստեղծելու համար կարելի է ձուն վաճառել կիլոյով, ինչպես անում են Հունգարիայում կամ Իրանում, այդպես գին վերահսկելն ավելի հեշտ կլինի: Կարելի է ժամանակավորապես սահմանափակել արտադրությունը: Վերջապես, կարելի է սառեցնել վարկերի վճարումը, ինչը մեծ օգնություն կլինի մանր ձեռնարկատերերի համար: Մեզանից շատերը վարկով են աշխատում:



- Ճի՞շտ է, որ մանր ձեռնարկատերերը նամակ-բողոք են ուղղել վարչապետին:



- Չեմ կարող ասել:



- Ինչո՞ւ բաց եւ հրապարակային ձեւով չեք պայքարում ձեր իրավունքների համար:



- Չգիտենք ինչ սպասել կառավարությունից: Մեր հարաբերությունները ոչ թե վստահության, այլ վախի հարաբերություններ են: Օրինակ, մենք այսօր Իրանից վառեկ ենք ներմուծում, որի գինը մաքսայինում հաշվում են 4 դոլարով: Ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղը չեն սկսի, ասենք, 10 դոլարով հաշվել: Կամ այլ լծակներ չեն կիրառի:



"Փոքրերի" վախը նյարդայնացնում է, բայցեւայնպես հասկանալի է, եթե հիշենք, օրինակ, Սեւանի ալրաղացի ճակատագիրը, որը ժամանակին ծաղկուն ձեռնարկություն էր, իսկ հիմա թալանված, ամայի տարածք, Մաշտոցի պողոտայի հացի գործարանը, որի տեղում բնակելի շենք է: Խոշորացման զոհերի ցուցակը կարելի է շարունակել: Որոշ կանխատեսումների համաձայն, հաջորդը "Արզնի" թռչնաֆաբրիկան է լինելու: