Բիլայնի նոր "սակագինը". "Անվստահության րոպեներ"

Բիլայնի նոր "սակագինը". "Անվստահության րոպեներ"
Բջջային օպերատոր "Բիլայնը" կամ հետեւողական չէ իր ծառայությունների ճշգրտության հարցում, կամ հաճախորդներին "քցելու" նոր ձեւ է գտել: Նա "Վստահության րոպեներ" ծառայություն է առաջարկում, որով եթե ձեր հեռախոսի մեջ գումար չկա, կարող եք որոշակի գումար պարտք խնդրել՝ զանգելով 141: Պարտքի չափը օպերատորն է որոշում՝ կախված, թե որքան եք խոսում ամսական: Վերջին շրջանում, սակայն, եղել են դեպքեր, երբ պարտքի հարցումն ընդունվել է, սակայն գումարը չի նստել տվյալ համարի հաշվի վրա, իսկ հետո բաժանորդի հաշվին պարտք է արձանագրվել:



Մեզ հայտնի դեպքի պարագայում հաշիվը եղել է 32 դրամ, բաժանորդը "Վստահության րոպեներ" է խնդրել, դիմումն ընդունվել է, սակայն գումարը նույնն է մնացել, իսկ հետո հեռախոսի հաշվին 700 դրամ պարտք է եկել: Բաժանորդը դիմել է Ամիրյան փողոցում գտնվող սպասարկման կենտրոն՝ պարզաբանման համար: Անգամ սպասարկման կենտրոնում դիմում են գրել, ասել են՝ կպարզաբանեն, սակայն այդպես էլ որեւէ պարզաբանում չի եղել: Եթե նույնը հանրապետության մասշտաբով է կատարվում, ապա կարելի է եզրակացնել, թե ինչ գումարներ է թռցնում "Բիլայնն" իր հաճախորդներից: "Բիլայնի" մամուլի ծառայության հետ կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: