ԱԺ նախագահը մոտիկից տեսավ Դեպարդիեին

ԱԺ նախագահը մոտիկից տեսավ Դեպարդիեին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իրականություն է դարձրել պատանեկության երազանքը՝ Հայաստան է հրավիրել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին: Նրա ժամանելու նախորդ օրը ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան է ժամանում ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, եւ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո նա ասուլիս է տալու Հայաստանի խորհրդարանում: Չկարծեք, թե Հովիկ Աբրահամյանը միայն իր պատանեկության տարիների ֆիլմերի հայտնի դերասանին մոտիկից տեսնելու կամ թոռնիկներին ուրախացնելու համար է Դեպարդիեին հրավիրել Հայաստան: Պարզվում է՝ Ժերար Դեպարդիեն մասնակցելու է հայկական "Կարոտ" փառատոնին: Ավելին՝ "Կարոտի" մրցանակակիր է, եկել է իր մրցանակն ստանալու:



Ընդունելությունից հետո Դեպարդիեի պատվին Երեւանի ռեստորաններից մեկում ճաշ է տրվել, ու ֆրանսիացի հայտնի դերասանին մոտիկից տեսնելու են գնացել ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ: Ընդհանրապես մեր օլիգարխիայի սերը միջազգային հայտնի դեմքերի նկատմամբ արտառոց է: Օրինակ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Միշել Պլատինիի կողքին իրեն երջանկագույն մարդ է զգում ու "Մուրադի հայացքով" է նայում շուրջբոլորը: Հայ հասարակությունը դեռ չի մոռացել Գագիկ Ծառուկյանի աղջիկներից մեկի հարսանիքը, երբ հրավիրվել էին տարբեր մեծության աստղեր, այդ թվում Ալլա Պուգաչովան եւ Իրինա Ալեգրովան:



Բայց վերադառնանք Ժերար Դեպարդիեին ու նրա հրավերին: Երեկ ԱԺ-ից հետաքրքրվեցինք, թե ինչ գումարներով է Հայաստան շրջագայության հրավիրվել ֆրանսիացի դերասանը: Արդյոք պետական միջոցների՞ հաշվին է Հովիկ Աբրահամյանն իրականություն դարձրել իր երազանքը: Հարցն ակտուալ է նաեւ այն պատճառով, որ հենց նույն օրը կառավարությունը որոշում կայացրեց լրացուցիչ գումարներ ուղղել Հովիկ Աբրահամյանի մեկ այլ պրոյեկտին՝ ԱԺ դահլիճի վերանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ "Ազգային ժողովի աշխատակազմը հնարավորություն է ստացել դահլիճի նորոգման եւ պահպանման նպատակով իր միջոցներից օգտագործել եւս 26 մլն 418.3 հազար դրամ"։



Այսպիսով՝ երբ շատերը կասկածի տակ էին առնում ԱԺ դահլիճի վերանորոգման անհրաժեշտությունն ընդհանրապես, ի պատասխան ասվում էր, թե վերանորոգման առումով գումարների ու ժամկետների մեջ կտեղավորվեն, այսօր արդեն ակնհայտ է, որ ԱԺ դահլիճի վերանորոգումը բավական թանկ է նստում հանրության վրա: Դահլիճի վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից նախ հատկացվել էր 390 մլն դրամ, ապա այդ գումարին ավելացվեց եւս 90 մլն, իսկ երեկ, փաստորեն, կառավարությունը թույլատրեց ԱԺ միջոցների հաշվին 26,5 մլն դրամ ուղղել վերանորոգմանը: Հիշեցնենք, որ ԱԺ վերանորոգման համար ծախսվել է եւս 500 հազար ԱՄՆ դոլար, որը Հայաստանում միջազգային տենդեր շահած կորեական մի ընկերություն նվիրաբերել է ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված արտաբյուջետային ֆոնդին: Հին դահլիճը հիմնովին քանդվել է, իսկ տեղում կլինի կիսաօվալաձեւ դահլիճ:



ԱԺ մշակույթի հարցերով պատասխանատու Արմինե Անտիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ "Կարոտ" փառատոնը կազմակերպվում է ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո, բայց կազմակերպիչը մոսկվայաբնակ Մեցո Իգիթյանն է: ""Կարոտ" փառատոնը 3-րդ տարին է, ինչ կազմակերպվում է, մինչեւ հիմա եղել է Մոսկվայում: Անցյալ տարի Հովիկ Աբրահամյանը Մոսկվա այցի շրջանակում մասնակցեց այդ փառատոնին եւ խորհուրդ տվեց փառատոնին շրջագայել": Մեր հարցին, թե ինչ գումարներով են ֆինանսավորվում փառատոնն ու դրա հյուրերի հրավերքները, Արմինե Անտիկյանն ասաց, թե "փառատոնն ունի իր հովանավորները, որոնց մի մասը դրսից են":



"Մեր մասնակցությունը եղել է ավելի շուտ կազմակերպական",- հավաստեց Անտիկյանը: "Ո՞րն է Ժերար Դեպարդիեի կապը հայկական "Կարոտի" հետ" հարցին ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատուն ասաց. "Մեցոն մտածում է՝ որքան շատ հայտնի մարդիկ մասնակցեն այդ փառատոնին ու ծանոթանան մեր մշակույթին, այդքանով մենք ավելի ենք ներկայանում դրսին: Խնդիրը մեր մշակույթի հանրահռչակումն է": Դրա համար թերեւս պետք է հերթով Հայաստան հրավիրվեն համաշխարհային աստղերը, այլ հարց է, թե մեր մշակույթից ինչ է հիշելու դերասանը հայ պատգամավորների հետ հանդիպելուց հետո: Ի դեպ, երեկ մեր զրույցից հետո ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատուն զանգահարեց՝ հատուկ տեղեկացնելու, որ Դեպարդիեն Հայաստանում հոնորար չի ստանալու, միայն ճանապարհածախսն ու մնալու գումարներն են հոգացել հովանավորները, որոնք այդպես էլ չբացահայտվեցին: