Թվաքանակը վիճակը չի փոխում

Թվաքանակը վիճակը չի փոխում
Հայաստանի համար այսօր առաջնայինը 2008 թվականին կեղծված ընտրությունների ալիքն է, որ շարունակում է այս երկու տարի եւ ավելի Հայաստանը ողողել՝ հեռացնելով Հայաստանից կամ հայկական միջավայրից ամբողջ դրականը: Առաջնայինը քաղբանտարկյալներն են, որոնք, սկսած 2008 թվականից մինչ այսօր, շարունակում են մնալ բանտերում եւ իրենց գոյությամբ ի ցույց դնել աշխարհին Հայաստանի իսկական դեմքը: Առաջնայինը Հայաստանի այս ներքին անհամաձայնությունն ու լարվածությունն է, որ ամեն պահի պատրաստ է պայթել, ուղղակի պայթելու համար միշտ այս  իշխանությունների բախտը բերում է, եւ ինչ-որ բան չի հերիքում, բայց մի օր հերիքելու է: Սա է առաջնայինն այսօր:  Սրանից 2-3 տարի առաջ մենք ունեինք մոտ 80-90 քաղբանտարկյալ:



Թիվը գնալով պակասում է: Ոմանք իրենց պատժաչափերը կրելուց հետո, ոմանք համաներմամբ ազատվելուց հետո դուրս եկան բանտերից:  Հայաստանն այսօր  ունի 14 քաղբանտարկյալ: Բայց  վիճակը չի փոխվել, որովհետեւ թվաբանական տարբերությունը որեւէ նշանակություն չունի: Մեկ  քաղբանտարկյալն անգամ հսկայական թիվ է, իսկ այսօր 14 քաղբանտարկյալ կա: Առաջընթաց չկա ոչ միայն քաղաքականության կամ քաղբանտարկյալների առումով: Սարսափելի ծանր է նաեւ ոչ քաղբանտարկյալների վիճակը: Հայաստանի  համար այդ թիվը հսկայական է: Երբեք Հայաստանի Հանրապետությունն այսքան մեծ թվով կալանավոր չի ունեցել, որքան այսօր:



Պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացն այնքան է բարդացել եւ գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք հումանիզմի հետ որուէ առնչություն չունեն, ներելու խնդիրը նրանց համար գոյություն չունի: Եվ արդյունքում շարունակում են բանտերում մնալ ոչ միայն նրանք, որոնց այս իշխանությունները համարում են իրենց քաղաքական հակառակորդները եւ փորձում խստագույնս պատժել նրանց, այլեւ սովորական մարդիկ, որոնք փոքրիկ հանցանքներ են գործել եւ վաղուցվանից պետք է դուրս եկած լինեին բանտերից եւ այդ միջավայրից, որպեսզի հանցագործներ չդառնային: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է հարկավոր անել վիճակը փոխելու համար, դա շատ պարզ է՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր այսօրը եւ վաղը:



Մեր ժողովուրդը նույնպես ունի այդ պարտավորությունը սերունդների առաջ եւ պետք է իր կամքով կերտի իր  վաղվա օրը: Պետք է լինեն հսկայական քաղաքական փոփոխություններ: Հայաստանում   պետք է լինեն, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններ եւ այդ ընտրությունները պետք է լինեն մաքուր, ազատ, կամ  գոնե այդ ընտրությունների արդյունքում պետք է իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի կլինեն ապագայում Հայաստանին ապահովել ազատ, թափանցիկ ընտրություններով: Միայն դրա արդյունքում Հայաստանը կկարողանա մաքրվել այսօրվա կեղտից: Հակառակ դեպքում այդ կեղտն ու փոշին գնալով ավելանալու են, ավելի են կուտակվելու՝ վաղը դառնալով Հայաստանի ոտքից  կախված այնպիսի ծանրություն, որ Հայաստանը ոչ մի քայլ առաջ գնալու  հնարավորություն չի ունենա:



Վարդան ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

իրավապաշտպան