Ավտոտեսուչը փրկվել է գայլերի ոհմակից` օրինախախտի ավտոմեքենայի մեջ փակվելով (վիդեո)

Ավտոտեսուչը փրկվել է գայլերի ոհմակից` օրինախախտի ավտոմեքենայի մեջ փակվելով (վիդեո)
Ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Ռոստովն ու Տագանրոգը միացնող M-23 մայրուղու վրա: Տեսահսկման համար տեղադրված խցիկներն արձանագրել են, թե ինչպես է ճանապարհային ոստիկանը փրկվում երթեւեկելի մասում հանկարծակի հայտնված գայլերի ոհմակից` իր կողմից կանգնեցված մեքենայի մեջ փակվելով: «Սերյոգա, գայլերը»,- հնչում է գործընկերոջ ճիչը, եւ ոստիկանը դողացող ձեռքերով բացում է մեքենայի հետեւի դուռը եւ թռնում ներս` հազիվ ազատվելով «հետապնդողներից»: Որպես շնորհակալություն ոստիկանը չի տուգանում օրինախախտին:



Լեգենդի համաձայն, միջադեպը նկարահանել են երկու տեսախցիկներ` արտաքին դիտարկման եւ տեսաարձանագրիչ, որը տեղադրված է եղել հենց ավտոմեքենայում: Այնինչ ուշադիր դիտողներն անմիջապես նկատել են, որ հոլովակը սարքված է. արտաքին տեսախցիկի արձանագրած կադրերում տեսուչը բավական կտրուկ կերպով բացում է դուռը ձախ ձեռքով, իսկ տեսաարձանագրիչի կադրերում նա ձգում է բռնակն աջ ձեռքով: Կային եւ մի քանի այլ մանր չհամընկնումներ: Կան ենթադրողներ, որ սա քիչ հայտնի ֆիլմից վերցված կադրեր են, եւ ոմն մեկը որոշել է դրանք «վերանկարահանել»` Ճանապարհային ոստիկանությանը ծաղրելու նպատակով: Ուշագրավ է, որ այս լուրը, հայտնվելուց ժամեր անց, անհետացել է բոլոր լրատվական ծառայությունների կայքերից, իսկ Ռուսաստանի ՆԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հերքումով:



«Ուշադիր դիտելու դեպքում նկատելի է, որ մայրուղու անվան մեջ M տառը լողում է, բացի այդ մենք նման աշխատակից չունենք, չունենք նույնիսկ նման մայրուղի,- մեկնաբանել է Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցներից մեկը,- այսպիսի դեպքերում ոստիկանները պարտավոր են միանգամից զեկուցել, որ այլ մարդիկ չտուժեն: Հնարավոր է նման դեպք եղել է, սակայն ոչ Ռոստովի շրջանում»: