Կրեմլին հարակից հրապարակում

Կրեմլին հարակից հրապարակում
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուին սպանեցին մարդիկ, ովքեր, ականատեսների վկայությամբ, կովկասյան ազգությունների ներկայացուցիչներ են: Ձերբակալվեց մեկ կասկածյալ, կովկասյան ազգի ներկայացուցիչ, Ռուսաստանի քաղաքացի, եւ հարցը կարծես մարվել էր մինչեւ այն պահը, երբ կոռուպցիոն ինչ-ինչ հիմքերից օգտվելով, Մոսկվայի շրջանային դատախազության հրահանգով ժամանակավոր մեկուսարանից ազատ արձակեցին կովկասցուն, որից հետո՝ դեկտեմբերի 11-ին, «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները, օգտագործելով ժամանակակից կապի միջոցները, միահամուռ կերպով դուրս եկան բողոքի, պահանջելով պատժել մարդասպանին:



Նկատենք, որ դա տեղի ունեցավ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, որն անմիջապես հարում է Կրեմլի հրապարակին: Երկրպագուների խաղաղ ցույցն ընդամենը ուղղված էր մարդասպանին նորից վերադարձնելու պատասխանատվության իրավական դաշտ, ինչին հաջորդեց նախագահ Մեդվեդեւի ոչ ադեկվատ վերաբերմունքը իրադարձություններին (Մեդվեդեւը տականք անվանեց Մանեժնայա հրապարակում հավաքվածներին, փոխանակ զատելու ազնիվ երկրպագուներին մարդասպանից), որը եւ առիթ հանդիսացավ ցուցարարների հաջորդ առավել բուռն ելույթներին:



Իրականում Ռուսաստանի նախագահը պետք է սաստեր ոչ թե երթի մասնակիցներին, այլ այն իրավական համակարգի պատասխանատուներին, որոնք կասկածյալ-մարդասպանին բաց էին թողել: Ճիշտ է՝ դրանից անմիջապես հետո վերադարձրեցին կովկասցի կասկածյալին, բայց արդեն թիրախ ընտրվեց Մոսկվայում վաղուց ընտրված հին սցենարը՝ ամեն ինչի մեղավորը կովկասցիներն են, եւ որպես «քավության նոխազ», ընտրվեցին կովկասցիները: Կան տեսակետներ, որ սա Ռուսաստանի իշխող վարչակարգի տանդեմի կողմից կարող է առաջիկա ընտրություններում օգտագործվել որպես մեկը մյուսի վրա քար նետելու, միմյանց մեղադրելու հարմար առիթ:



Այսինքն Պուտին-Մեդվեդեւ հակամարտությունը, շատ փորձագետների կարծիքով, առկա է նաեւ ֆուտբոլային ֆանատների կողմից կազմակերպված ցույցերի մեջ: 1 միլիոնից ավել հայեր են աշխատում Ռուսաստանում, եւ նրանց ուղարկած ֆինանսների շնորհիվ գոյություն ունի Հայաստանի սպառողական շուկան: Մտահոգիչ է, քանի որ մեր հայրենակիցներն այսօր ի վիճակի չեն դուրս գալ աշխատանքի, իրենց երեխաներին չեն կարողանում ազատ թողնել դրսում: Կարծում եմ՝ հայաստանյան իշխանություններն իրենց մտահոգությունները պետք է հայտնեն՝ պահանջելով պատժել կոնկրետ մեղավորին, եւ թույլ չտան, որ սա վերածվի ազգամիջյան կոնֆլիկտի:



Արա ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ