Նամակներ հետհեղափոխական Թունիսից. «հրաբխի համար կայծ էր պետք»

Նամակներ հետհեղափոխական Թունիսից. «հրաբխի համար կայծ էր պետք»
«Թունիսյան սինդրոմ». արտահայտություն, որ հաշված օրերի ընթացքում ոչ միայն մտավ համաշխարհային ակտիվ բառապաշար, այլեւ շղթայական ռեակցիայով իր հետքը թողեց արաբական աշխարհի մի շարք պետությունների վրա: Հեղափոխությունների ալիքը, սակայն, դեռ չի ավարտվել, ընդհակառակը` նոր թափով ու նոր դրսեւորումներով է արտահայտվում տարբեր երկրներում:



Լիբիան ամենավառ օրինակն է:  Լիբիայից ոչ այնքան հեռու՝ թունիսյան Սֆակս ծովափնյա քաղաքում, այս օրերին գործադուլներ են, մարդիկ հիմա էլ չեն ուզում աշխատել նախկին իշխանությունների կուտակած աշխատավարձերի պարտքերի ու սոցիալական նպաստների ոչ նորմալ հաշվարկների պատճառով: Կրկին հրաժարականի պահանջ, բայց այս անգամ կառավարության ողջ կազմի համար: Մուսաբ ալ Ամմարը թեեւ Սֆակսի ցույցերի ակտիվ մասնակից չէ, բայց ծանոթ է իրադարձություններին եւ կողմնակից է իր համերկրացիների պահանջին: Էլեկտրոնային փոստով մեզ ուղարկած նամակում Մուսաբը նշում է, որ Թունիսի մեծությամբ երկրորդ այս քաղաքը երկու տասնամյակից ավելի  կառավարում են տապալված նախագահի թիմակից շեյխերը, հայաստանյան ժամանակակից լեզվամտածողությանն ավելի հարիր կլինի ասել՝ օլիգարխները: Նրանց ձեռքում են կուտակված բոլոր ռեսուրսները, առավել եւս եթե հաշվի առնենք, որ Սֆակսը Միջերկրական ծովի ափին գտնվող արդյունաբերական խոշոր կենտրոն է: «Մարդիկ շահագործվում են բոլոր հնարավոր միջոցներով, սակայն չեն վարձատրվում համապատասխան: Ու երբ տեսնում ես, թե ինչ սոցիալական անհավասարություն է տիրում շահագործվող ու ղեկավար դասերի միջեւ, սկսում ես ըմբոստանալ:



Սկզբում դա արտահայտվում է ինքդ քեզ քննադատելով, բայց ժամանակի ընթացքում դա բերում է ժողովրդից գողացված հարստությունների վերադարձին այնպիսի ճանապարհներով, որոնց բոլորս ականատես եղանք մի քանի օր առաջ»,-Մուսաբ ալ Ամմարը տվյալ դեպքում մատնանշում է նախկին նախագահ Բեն Ալիի տան գաղտնարաններում հայտնաբերված մեծ քանակությամբ թանկարժեք իրերը, որոնք ընդդիմության պահանջով երկրի ժամանակավոր կառավարությունը ստիպված եղավ բաժանել ժողովրդին: «Մարդիկ հարց են տալիս՝ ինչպե՞ս է կարողացել Բեն Ալին կուտակել այդքան հարստություն, եթե մեզնից գողանալով չի արել դա»,- ասում է մեր թունիսցի զրուցակիցն ու պատասխանում. «Մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, մայրաքաղաքից դուրս բնակչության մեծ մասը վաստակում է միայն սնվելու համար, ու այդ պայմաններում ապրանքների գները պարբերաբար բարձրանում են: Ոչ մի արդարացի հիմնավորում չկա, թանկացում է, մարդիկ էլ ամեն առավոտ ստիպված են խանութներում նոր անակնկալի գալ»:



Մուսաբ ալ Ամմարի զայրույթը, թերեւս, հասկանալի կլինի հայ ընթերցողին, ի վերջո տարբերություններ՝ երկու պետությունների կառավարման ձեւի ու հասարակությունների միջեւ չկան: Միակ էական տարբերությունը երեւի իշխանությունների կառավարման ժամանակահատվածի մեջ է. Բեն Ալին հասցրեց 30 տարի պահպանել իր համակարգը: Այս առումով էլ թունիսցի մեկ այլ նամակագիր, կրկին Սֆակսի բնակիչ Խաուլ Շեյման մեղադրում է իր հայրենակիցներին Բեն Ալիին այդքան երկար հանդուրժելու համար: «Իշխող կուսակցությունը չէր էլ թաքցնում ցինիկությունը՝ բոլոր առանցքային պաշտոններում տեղադրելով սեփական զինվորիկներին»,-ասում է Շեյման: Նրա բողոքը հատկապես կաշառակերության ահռելի մակարդակից է, որը, Շեյմայի բնորոշմամբ, հասցրել է մտնել անգամ ներընտանեկան հարաբերությունների մեջ: «Մի կողմից հասարակության համար դա ամենօրյա սովորություն էր դարձել, մյուս կողմից մարդիկ ատելությամբ էին տրամադրված այն ամենի նկատմամբ, ինչին ստիպված էին բախվել ամեն օր, իսկ հրաբխի ժայթքելու համար կայծ էր պետք»,-մեջբերումը եւս Խաուլ Շեյմայի նամակից է, մտքեր, որոնք բովանդակային առումով մեզ համար նորություն չէին:



Արտաքուստ խաղաղ կյանքով ապրող Թունիսը երկու շաբաթվա ընթացքում վերածվեց քաղաքացիական պատերազմների թատերաբեմի, անհաղթ թագավորը սեփական կաշին փրկեց  երկրից փախչելով՝ տարիներ շարունակ կուտակած հարստության մեծ մասն էլ թողնելով գաղտնարաններում ու շվեյցարական բանկերում: Թունիսյան սինդրոմն աշխատեց հրաբխի էֆեկտով՝ աստիճանաբար եռալով ու ընդամենը հասարակ մի կայծից վերածվելով համաժողովրդական, գուցե նաեւ համամայրցամաքային ու համաշխարհային պայքարի: Թունիսյան հրաբուխը համեմատել հայկական իրականության հետ կարելի է ընդամենը գրչի մեկ հարվածով՝ արաբական քաղաքների ու մարդկանց անունների փոխարեն դնելով հայկական տարբերակները:



Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ