Եկեք իրար հետ լավ լինենք

Եկեք իրար հետ լավ լինենք
- Պրն Ղազարյան, հումորային դաշտն այսօր ի՞նչ վիճակում է:



- Լավատես մարդ եմ ու կարող եմ ասել, որ այսօր կա ե՛ւ լավ, ե՛ւ վատ հումոր, ամեն մեկն էլ իր շուկան ու իր ծափահարողն ունի: Կուզեմ միայն, որ հումորը դաստիարակչական լինի, ասելիք ունենա, ժողովրդին ճիշտ ուղու վրա դնող լինի: Եթե հումորը պիտի փչացնի, ես դրան մի քիչ դեմ եմ, պիտի հիշենք, որ վաղը մենք սերունդների առաջ պատասխան ենք տալու:



- Հեռուստատեսությունն այսօր ողողված է հումորային հաղորդումներով, որտեղ կանացի ձայնով ու հագուկապով տղամարդիկ ինչ ասես չեն անում ծիծաղ առաջացնելու համար. ինչ է, որպես ազգ մեր հումորի պաշարն արդեն սպառե՞լ ենք:



- Հումորը չի սպառվում, ուղղակի ամեն օր իր հումորն է բերում: Ժամանակները փոխվեցին, կոմունիստական շրջանի հումորն ուրիշ էր, այսօրվանը բոլորովին ուրիշ է, ամեն ժամանակ իր հումորն ունի, դու պիտի ապրես այդ օրվա շնչով, որ քո հումորն էլ թարմ լինի:



- Մերօրյա հումորը գյալըբոներից ու պուզոյաններից այն կողմ չի անցնում: Եվրոպականացումը մեզ վրա այդպե՞ս է ազդել:



- Ինչ ասեմ, լավ կլիներ, որ այդ մարդիկ պատասխանեին այս հարցին: Իրենք իրենց հանդիսատեսն ունեն, իրենց շուկան: Հումորի մեջ մի այսպիսի բան կա. վատը ցույց ես տալիս, որ մարդիկ տեսնեն ինչ տգեղ է ու հեռու մնան դրանից, գուցե սա է, որ ուզում են ցույց տալ: Բայց անկեղծ՝ ես բոլորին էլ հավանում եմ, որովհետեւ այդ մարդիկ ամեն դեպքում տուն չեն քանդում, ընտանիք չեն քայքայում, ուզում են իրենց ժողովրդի տրամադրությունը բարձրացնել: Եթե հինգ հոգու էլ ուրախացնում են, դա լավ է:



- Բայց չէ որ սերունդների առաջ պատասխանատու ենք, այդ վտանգն էլ չկա՞:



- Դե կա երեւի, ճիշտ կլինի այդ հարցին իրենք պատասխանեին, միայն ասեմ, որ իրենց մեջ էլ կան շնորհքով, ճկուն, լավ հումորով տղերք: Ես, օրինակ, շատ եմ հավանում «32 ատամի» տղաներին, թերություններ էլ ունեն, ո՞նց կարող են չունենալ, բոլորս էլ ունենք, բայց կարեւորը՝ հումոր կա մեջները:



- Ինչպիսի՞ հումոր եք սիրում Դուք:



- Նախ, որ գռեհիկ ու դաժան չլինի, երեխեքին չփչացնի ու վատ ճանապարհով չտանի, լինի պարզ, մաքուր, բարի: Եթե ուզում ես, որ ինչ-որ մեկը այդ բանը չանի, ուրեմն բարությամբ ասա, ոչ թե դաժանությամբ: Այս վերջին ներկայացման մեջ ես մի կեղտոտ մարդու կերպար էլ եմ խաղում, որին տանել չեմ կարողանում, բայց ռեժիսորը մի երկու ամիս ինձ համոզում էր, որ անպայման խաղամ, որովհետեւ պետք է այդ վատը լինի, որ այդ կոնտրաստի մեջ լավն ավելի ընդգծվի:



- Հումորի դաշտում այսօր ամենամեծ բացը ո՞րն եք համարում:



- Հեղինակների պակասը: Հայ ազգը, լինելով աշխարհի ամենահումորով ազգերից մեկը, այսօր հեղինակ չունի, այ դա մեծ ցավ է ու մինուս մեզ համար:



- Երբ ռուսական որեւէ հաղորդում ես նայում, տեսնում ես, որ մի երգիծաբանի համար մի ողջ ստեղծագործական խումբ է աշխատել: Ձեր դեպքում ո՞վ է գրում Ձեր մանրապատումները:



- Դա ճիշտ աշխատանք է, դրա համար էլ արդյունքը երեւում է: Ամբողջ կյանքում հիմնականում ես եմ արել իմ ծրագրերը ու դժվարությամբ, որովհետեւ հեղինակը, ռեժիսորը, դերասանը, երաժշտական կամ նկարչական ձեւավորողը դրանք լրիվ տարբեր մասնագիտություններ են, բայց կյանքում հաճախ այդ բոլորն էլ ես եմ արել, իսկ այդ ժամանակ որոշ բաներ կարող են հաջողվել, որոշ բաներ` ոչ, որովհետեւ ես դրանց համար չեմ ծնվել: Ես ծնվել եմ, որ այդ բոլորը լինեն, ու ես կատարեմ, բայց եթե դա է իրավիճակը, ուրեմն պիտի մի օր չքնես, մի բան մտածես, ստեղծես, որովհետեւ տարիներդ անցնում են, իսկ ժողովուրդը քեզնից սպասելիքներ ունի:



- Ձեր դեպքում կարողանո՞ւմ եք առանձնացնել հաջողված ու չհաջողված հումորները:



- Հիմնականում հաջողված են եղել, ես գոհ եմ իմ Աստծուց, իմ ճակատագրից, ամենակարեւորը՝ ժողովուրդն ընդունել է ու սիրել, իսկ դա հիմնականում նրա համար, որ զգացել է՝ այդ ամենը անկեղծ է արվում, մեջը սուտ դերասանություն չկա, ու ինչ-որ ասում եմ հերոսի բերանով, դա ես եմ ասում: Օրինակ, «Ես ապրում եմ Երեւանում» ներկայացման մեջ մի փողոցային երգիչ եմ, ինձ թվում է, այդ մարդը ես եմ՝ բարի, կամեցող, ու իրեն միշտ այնքան հեշտ է խաբել՝ միայն ասելով, որ էս քո քաղաքի համար է: Կարեւորը՝ ժողովուրդը թե՛ բեմից, թե՛ հեռուստաէկրանից զգում է, որ դու անկեղծ ես:



- Հեռուստացույց նայո՞ւմ եք:



- Նայում եմ, կոնկրետ նախընտրած ալիք չկա, թերթում եմ, ինչ որ դուրս եկավ, կանգնում եմ դրա վրա:



- Սերիալնե՞ր:



- Երբ ժամանակ եմ ունենում, տանն եմ լինում, մի քիչ նայում եմ, օրինակ «Կյանքի գինը» ես հավանում էի, լավն էր: Հետո որ գցում-բռնում ես, ավելի լավ չի՞ մարդիկ մեր սերիալները նայեն, քան թե մեքսիկական, բրազիլական: Բացի դա, այդ սերիալներում իմ ընկերները, կոլեգաներն են խաղում, ո՞նց չնայեմ:



- Իսկ Ձեզ առաջարկե՞լ են նկարահանվել սերիալում:



- Իհարկե, առաջարկել են, բայց սերիալում դժվար է նկարահանվել նախ գրաֆիկի  առումով: Հետո՝ եթե լինի մակարդակով սցենար, կխաղամ, բայց եթե դրանով քեզ ավելի պիտի գցես, քան բարձրացնես, չեմ ուզի, օրինակ հենց դրա համար «Մեր բակի» կեսից դուրս եկա, տղերքը լավ տղերք էին, լավ էլ գրում էին, բայց դա արդեն «Մեր բակ» չէր, ուրիշ բան էր: Թե չէ առաջարկներ շատ են եղել, փողոցից են մարդ բերում-նկարում, բա Աշոտ Ղազարյանին չե՞ն ուզի նկարեն:



- Հավանո՞ւմ եք թաքնված տեսախցիկներով արված հումորները:



- Եթե բարի է ու մարդու ինքնասիրությանն ու արժանապատվությանը չի կպնում, մարդուն չի նեղացնում, չի վիրավորում, հաճելի է ինձ համար: Ես, օրինակ, իմ մոր հոգու հետ էլ էի թեթեւ խաղում, ու դա իրեն դուր էր գալիս, գիտեր, որ հոգու հետ եմ խաղում, ու դա զգալով՝ ինձ թույլ էր տալիս: Բայց եղել են այնպիսի թաքնված տեսախցիկներ, որ անգամ աչքերս են լցվել, մտածել եմ՝ մեղք է էս մարդը, ինչի՞ են այսքան նվաստացնում, խեղճացնում:



- Պրն Ղազարյան, Ձեր հումորի դպրոցը քանի՞ տարի է արդեն գործում:



- Այս տարի մեր դպրոցի 5-ամյակն է, մտածում ենք մի ձեւով նշենք, կարեւորը՝ արդյունքը տեսանելի է այս տարիների ընթացքում, չի եղել տարի, որ մեր մոտից 7-8 հոգի թատերական ինստիտուտ չընդունվի:



- Լեոնիդ Ենգիբարյանն ասում էր՝ ծաղրածուն  մասնագիտություն չէ, այլ աշխարհայացք: Ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է մարդուն հումոր սովորեցնել, այն էլ` դպրոցում:



- Առաջին հերթին բնատուր պիտի լինի: Եթե Աստված իրեն այդ շնորհքը տվել է, մենք նրան միայն ուղղություն ենք տալիս, հղկում ենք, մաքրում. դա սովորեցնելով չի: Մենք դպրոցում ուսուցանում ենք երգ, պար, դերասանի վարպետություն, բեմական խոսք, արվեստի պատմություն, խոսքի կուլտուրա, իսկ ով հումորի կողմից առանձնահատուկ շնորհքով է, ես եմ պարապում հետը: Կարեւորը՝ այստեղից կիրթ երեխեք են դուրս գալիս, հեչ որ չէ՝ գոնե լավ հանդիսատես են դառնում:



- Հումորում ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:



- Ես չապլինյան հումորն եմ շատ սիրում: Իմ ուսուցիչն է եղել Վարդան Աճեմյանը, իմ ժանրում ուսուցիչ եմ համարում Խոստիկյանին, ումից սովորել եմ հումորի համն ու հոտը, իմ ամենահիմնական ուսուցիչներից մեկը Արկադի Ռայկինն է:



- Իսկ Դուք Ձեզ հումորի վարպետ համարո՞ւմ եք:



- Ես չեմ կարող ասել՝ ես վարպետ եմ, թե ոչ, ժողովուրդն է այդ գնահատականը տալիս: Այնքան մարդ կա, որ համարում է իրեն վարպետ, բայց վարպետ չի: Ես անում եմ այն, ինչ կարողանում եմ:



- Այս տարիների ընթացքում ժողովրդի կողմից ստացած ամենամեծ գնահատականը ո՞րն է եղել:



- Նրա ծափերն ու սերը:



- Հետեւո՞ւմ եք շոու-բիզնեսի իրադարձություններին, «Եվրատեսիլ» երգի մրցույթին:



- Այո, իհարկե, բոլորին էլ հավանում եմ, հետեւում եմ, որ ամեն ինչից էլ տեղյակ լինեմ: Այս տարի ամբողջ հոգով-սրտով ուզում եմ իմ շատ սիրելի Էմմին հաղթի «Եվրատեսիլում», որովհետեւ արժանի ու շնորհալի երգչուհի է ու լավ երեխա:



- Շոու-բիզնեսից շա՞տ են այն մարդիկ, ովքեր խնդրում են իրենց քավորը լինեք:



- Եղել է, ես քաղաքի կեսին քավոր եմ, Ռուսաստանում, Ամերիկայում էլ եմ քավոր, բայց հիմա էլ չեմ ուզում, որովհետեւ հոգնեցի, արդեն շատ-շատ էր:



- Ձեր նոր ներկայացումը` «Ես ապրում եմ Երեւանում», ո՞վ է հեղինակը, ո՞ւմ մասին է:



- Ռեժիսորը Արթուր Սահակյանն է, ներկայացման սցենարը արել եմ երկու շատ տաղանդավոր երիտասարդի հետ` Չարենցի ու Ռոբերտի՝ «Վիտամին» ակումբից: Չորսիս աշխատանքն է: Մոնոներկայացում է, մի տասը հոգու կերպար եմ խաղում, մարդկանց, ովքեր ապրում են Երեւանում, մի փոքր էլ քաղաքականություն կա, բայց չափի մեջ:



- Մեր ընթերցողներից մեկը` մասնագիտությամբ թատերագետ, իր դժգոհությունն էր հայտնում ներկայացումից՝ նշելով, որ «զոքանչը, բոմժերը ու անբարո կանայք ի՞նչ կապ ունեն Երեւանի հետ»: Ի՞նչ կասեք:



- Ես իրեն բան չունեմ ասելու, ուղղակի ճիշտ չի հասկացել, որովհետեւ շատ խելոք մարդիկ էլ եկել են ու շատ լավ տպավորությամբ գնացել: Մարդ կար, որ երկրորդ օրն էլ եկավ: Կան մարդիկ, որ լավի մեջ էլ վատ բան են ման գալիս, ինձ համար մեկ է, ես անում եմ իմ գործը, ու ժողովուրդն ինձ էլ գիտի, այդ գրողներին էլ, որովհետեւ ինքը գրում է, որ փող ստանա, իսկ ես գրում եմ ու խաղում, որ ժողովուրդը գա՝ ուրախանա:



- Փաստորեն, քննադատություններին լավ չեք վերաբերվում:



- Եթե բարի է, մեջը թույն չկա, ու չի ուզում հատուկ վիրավորել, լավ եմ ընդունում ու դրանից աշխատում եմ եզրահանգումներ անել, իսկ եթե զգում եմ, որ դրա մեջ չարություն կա` ոչ: Մարդ, ով չի սիրում իր ազգն ու իր ազգի արվեստագետներին եւ գրում է գրելու համար, դրան ես այդքան էլ նշանակություն չեմ տալիս:



- Ներկայացումը նայել ցանկացողներին ի՞նչ կասեք:



- Կասեմ, որ այդ հերոսն ամենաբարի մարդն է, իր քաղաքը սիրող ու քաղաքի համար լավ մտածող մարդ, վերջում ասում է` պետք է իրար սիրենք, այ մարդ, մի տան մեջ ենք ապրում, ու այս աշխարհը բոլորիս տունն է: Եկեք իրար հետ լավ լինենք: