Կուշտ ենք քաջնազարներից

Կուշտ ենք քաջնազարներից
Շատ ուսանելի պատմություն էր Արթուր Պողոսյան անուն-ազգանունով երիտասարդ խաբեբայի պատմությունը: Մենք՝ որպես «համաշխարհային ազգ», նախ անչափ ոգեւորվեցինք այդ հրաշամանուկի հայտնությամբ, մամուլն ու մթնոլորտը լցված էին նոր տաղանդի մասին լուրերով եւ հրապարակումներով: Սակայն ինչքան մեծ էր աղմուկը, նույնքան էլ ցավալի էր հիասթափությունը: Երբ տպագրեցինք երիտասարդ ֆիզիկոսների նամակը, որոնք մերկացնում էին այս խարդախին, մի գրություն ստացանք «Արթուր Պողոսյան» ստորագրությամբ, որտեղ սպառնալից տոնով գրված էր. «Ես վերադառնում եմ Երեւան, կտեսնենք ով է իրական, ով՝ ոչ»: Բայց «հրաշամանուկի» ֆենոմենը գուցե այդպես էլ չբացահայտվեր, եթե որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չընդուներ եւ չլուսանկարվեր ապագա «տիեզերագնացի» հետ: Այս զավեշտալի պատմությունը կարելի էր որպես անեկդոտ պատմել, սակայն կարծում եմ, դրա վերջակետը դրեց ինքը՝ Հրանուշ Հակոբյանը, ով միայն կնոջը բնորոշ ճկունությամբ ու անկեղծությամբ խոստովանեց, որ սխալվել է: Եվ անգամ շնորհակալություն հայտնեց այդ խաբեբային բացահայտած անձանց, որոնք կանգնեցրին նրա «ոդիսականը»: Պետական պաշտոնյան պետք է կարողանա նաեւ իր սխալներն ընդունել: Պետական պաշտոն զբաղեցնել՝ չի նշանակում ստի ու դերասանության վարպետ լինել, եւ բոլորովին չի նշանակում բոլոր իրավիճակներում, ինչպես 9-րդ հարկից ընկնող կատուն, միշտ անվնաս ու ջրից չոր դուրս գալ: Մենք մարդկային դեմքով, մարդկային սխալներով ու թերություններով, այդ սխալներն ու թերությունները խոստովանելու ընդունակ պաշտոնյաների կարիք ունենք: Որոնք ոչ թե Քաջ Նազարի աճպարարությամբ կմնան վագրի բաշին կպած, այլ կկարողանան ուղիղ նայել ժողովրդի աչքերին ու ասել ճշմարտությունը: