Ողջամիտ առաջարկներ

Ողջամիտ առաջարկներ
Բարդ վիճակում է հայտնվել իշխանությունը՝ մի կողմից եվրոպացիներն են նեղում, թե՝ քաղբանտարկյալներին թողեք, հա թողեք, մյուս կողմից՝ Կոնգրեսը: Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին, պահանջելով կատարել իր երեք պահանջները, որոնցից մեկը քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, մյուսները՝ Ազատության հրապարակում միտինգներ անելու ազատ հնարավորությունը եւ մարտի 1-ի բացահայտման կապակցությամբ պաշտոնական հավաստիացումը: Եվ կրկին ՀԱԿ առաջնորդը հայտարարել է, որ իր հոժար կամքով կարող է երկխոսության գնալ իշխանությունների հետ, եթե այս պահանջները կատարվեն: Հակառակ դեպքում ապրիլի 28-ի հանրահավաքը կլինի վճռականը: «Ապրիլի 28-ը պետք է դառնա  կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»,- իր ելույթն այսպես է եզրափակել ՀՀ առաջին նախագահը։ Եվ իրոք՝ եթե այլ քաղաքական խնդիր չի լուծվում, մասնավորապես՝ դրված չէ իշխանության գալու, իշխանափոխություն իրականացնելու պահանջը, շատ ավելի բարոյական է կոնկրետ պահանջներ առաջ քաշել եւ ամեն ինչ անել, որ բանտերում տանջվող 8-9-ը հոգին հայտնվեն ազատության մեջ: Այլ բան է, եթե դրված լիներ շատ ավելի մեծ քաղաքական խնդիր, եւ բոլորն ընդդիմության թիմում պատրաստ լինեին զոհողությունների՝ հանուն այդ նպատակի իրականացման: Այդ դեպքում եւ բանտ նստելն արդարացված կլիներ, եւ սոցիալական կարիքը, եւ անգամ զոհերը: Չէ որ ոչ մի հեղափոխություն անարյուն եւ առանց զրկանքների չի լինում: Մարդկության պատմությունը խաղաղ իշխանափոխության դեպքեր շատ քիչ գիտի, դրանք հիմնականում պալատական հեղաշրջումներ են: Իսկ ժողովրդական զանգվածների միջոցով իշխանության գալը հերոսություն, զրկանքներ ու զոհեր է պահանջում: