«Սամասուդ» թույլ չի տալու

«Սամասուդ» թույլ չի տալու
Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբում մոտ 12 օր է, ինչ կրքերը  բորբոքված են։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ին «Փյունիկի» հետ խաղի ժամանակ երկրպագուները պոլիէթիլենային շիշ էին նետել դաշտ։ Երկրպագուները դժգոհ են եղել մրցավարների պահվածքից ու հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին։ ՀՖՖ-ն մրցավարներին պատժել էր, նաեւ որոշում էր կայացվել, որ «Գանձասարը» 5 հանդիպում պետք է անցկացնի առանց հանդիսականների։



Սա էլ իր հերթին էր դժգոհություն առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, ինչին հետեւեց «Գանձասար»  ՖԱ նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր  տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հայտարարությունը, որ թիմը դուրս է գալու առաջնությունից, եթե ՀՖՖ-ն չվերանայի որոշումը։  Եվ ահա հարցը տեղում քննարկելու համար անձամբ ինքը՝ Ռուբեն Հայրապետյանն էր հասել Կապան՝ հանդիպելու ակումբի ղեկավարության ու երկրպագուների հետ։



Հենց սկզբում Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը շանտաժների չի ենթարկվել ու չի ենթարկվելու։ Չպետք է հավատալ տարածված այն խոսակցություններին, թե  «Փյունիկն» իր թիմն է. ՀՖՖ նախագահի համար  բոլոր թիմերը հավասար են։ Նրա համար միայն մեկ թիմ գոյություն ունի՝ Հայաստանի ազգային հավաքականը։ Ֆուտբոլի ֆեդերացիան հետեւում է բոլոր խաղերին։ ՀՖՖ նախագահի խոսքով, կապանցիները հյուրընկալ են, ուղղակի զարմանում է,  թե ինչու են հայհոյելով երկրպագում։



«Մրցավարներին մենք պատժեցինք, բայց ես թույլ չեմ տա, որ սամասուդ անեք, դուք պատժեք։ Ֆուտբոլը գեղեցիկ խաղ է, ու պիտի վայելել, տոն դարձնել այն»,- ասաց Ռ. Հայրապետյանը։ «Գանձասարի» երկրպագուներից Էդիկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը ներկա է եղել խաղին ու տեսել է, որ շիշ նետողը տեղացի չէ։ Ֆուտբոլի ֆանատի խոսքով, դա սադրանք է եղել։ «Դրսում, «Շիրակի» հետ խաղում, մեկ-երկու հոգի եկան մեր տրիբունան, սկսեցին հայհոյել, որ մեր պատվի հետ խաղան»,- ասաց նա։



Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի բնորոշմամբ, ՀՖՖ-ի նման որոշումը «դաժան պատիժ» է. մեկ-երկու հոգու անվայել պահվածքի համար մյուսները մեղավոր չեն։ ՀՖՖ նախագահը հանդիպման կեսից տեղի տվեց ու  խոստովանեց, որ ճանապարհին որոշել էր թիմի նկատմամբ պատիժը կիրառել միայն մեկ խաղի ժամանակ։



«Սակայն հիմա ես փոխում եմ որոշումս ու պատիժը սահմանում եմ պայմանական։ Այսինքն, եթե նման բան կրկնվի, ապա 5 խաղ «Գանձասարը» զրկվում է հանդիսականներից»,-ասաց ՀՖՖ նախագահը։ Նրա այս որոշումը ծափահարություններով ընդունեցին երկրպագուները։  «Գանձասար» ակումբի նախագահ  Մաքսիմ Հակոբյանը հանդիպման արդյունքները գոհացուցիչ է համարում։ Նա չի կարծում, որ իր՝ առաջնությունից թիմի դուրս գալու հայտարարությունն է նպաստել, որ ՀՖՖ նախագահը վերանայի որոշումը։



Ըստ զրուցակցիս, այդ հայտարարությունն առաջին հերթին  նախազգուշացում էր երկրպագուներին, որ իրենց հանգիստ պահեն դաշտում: «Կապանը ֆուտբոլային գեղեցիկ ավանդույթներ ունեցող քաղաք է ու չպետք է կորցնի իր մարզական դեմքը»,- համոզված է Մաքսիմ Հակոբյանը։ Իսկ կապանցի ֆուտբոլասերներին մնում է այսուհետ խաղադաշտում երկրպագելիս կրքերին  տեղիք չտալ։