Օբամաները ճանապարհորդում են՝ ի պաշտոնե

Օբամաները ճանապարհորդում են՝ ի պաշտոնե
Եթե քչերն են հետաքրքրվում քաղաքականությամբ, ապա բոլորին են հետաքրքիր քաղաքականության շնորհիվ հասարակական սանդուղքի վերին աստիճաններին հայտնված անձինք: Օբամային նայելիս մտածում ես` ախր ո՞րն է իմ ու նրա տարբերությունը, ինչո՞ւ է նա այնտեղ` աշխարհի ամենաբարձր գահին բազմած, իսկ ես էս ետընկած խորշում:



Սակայն պարզ է, որ տարբերությունները բազմաթիվ են ու ակնհայտ:  Մեծ մասն էլ Օբամայի օգտին է խոսում: Զորօրինակ` Մեծ Բրիտանիա  Օբամաների կատարած այցելությունը: Եթե նման այցելություն ուսերիս ծանրացած լիներ, կգերադասեի հրաժարվել աթոռից: Ճիշտ է, որեւէ այլ պատրվակով, որպեսզի աշխարհը վրաս չծիծաղեր, թե վախեցա թագուհի Ելիզավետայի ձեռքը սեղմելուց: Իսկ այդ թագուհիներն իրոք սարսափելի տեսք ունեն, հատկապես ծաղկազարդ գլխարկները գլխներին:



Մի խոսքով, ծաղկասեր թագուհին ԱՄՆ նախագահին անձամբ ցույց տվեց իրենց հատկացված ննջարանը: Պատկերացնո՞ւմ եք տիկին Օբամային քիթը վեր քաշելիս` «Օ՜, սիրելիս, մեր հյուրանոցային նախագահական համարն ուղղակի հրաշք է այս հնոտիքի համեմատ: Մի՞թե կարելի է այս թանգարանի ներսում քնել»:



Իսկ բարձրաձայն, անշուշտ, շնորհակալական խոսքեր են հնչել, հիացական բացականչություններ, ու պարոն Օբաման համբուրել է թագուհու ձեռքը: Այս տարվա արքայական նվերները սրտովս չէին՝ մեղքս ինչ թաքցնեմ: Անցյալ անգամ Օբաման թագուհուն էր նվիրել, իմ կարծիքով` հիանալի, օգտակար նվեր, իսկ անգլիացիները քթները վեր էին քաշել ու հայտարարել, որ նվերն ուղղակի ահավոր էր, այն արտասովոր չէր, ի՜նչ հանդգնություն, ակնարկել, որ արտասովոր միապետությունն այնքան էլ ինքնատիպ բան չէ: Ամերիկացիների ազատամտությունը չէր անցել:



Վարչապետին` Գորդոն Բրաունին տրված նվերն էլ ավելի էր խոցել անգլիացիների հպարտությունը` 25 ամերիկյան ֆիլմերի տեսասկավառակ, որոնք, ասում են, հնարավոր չի եղել դիտել անգլիական նվագարկիչներով: Բայց ախր դա հիանալի նվեր է, ուղղակի հի-ա-նա-լի: Այս անգլիացիներին չես գոհացնի: Միապետներին, որոնք ամեն բան ունեն՝ առավել եւս:



Ու խեղճ Օբամաներն այս անգամ ստիպված են եղել փոխելու նվերների տեսակն ու հանդուրժողականություն ցուցաբերել  միապետների զգացմունքների հանդեպ: Ինչ արած, այս անգամ, ընդունելով իրենց սխալը, նվիրել են թագուհու ծնողների 1939 թվականին ԱՄՆ կատարած այցելությունից պահպանված մասունքներ, արքայազն Ֆիլիպին` կառք վարելու սպորտի հետ կապված իրերի հավաքածու եւ այդ սպորտում չեմպիոն հռչակված ամերիկացի ձիու` Յամայկայի կրած պայտերը: Թագուհին պատասխանել է թագուհի Վիկտորիայի եւ ամերիկացի նախագահների նամակներով, իսկ տիկին Օբամայի զարդերի հավաքածուն լրացրել հնաոճ ոսկե զարդով:



Նախագահական ու միապետական ընտանիքները վատ ժամանակ չեն անցկացրել` հանդիպել են, զրուցել, շատախոսել, հիացմունքի բացականչություններ արել: Անգլիայի ներկայիս  վարչապետն ու ԱՄՆ նախագահը զույգով թենիս են խաղացել երկու երիտասարդ տղաների հետ: Նրանք հաշիվը պահելիս չեն եղել, բայց տեսնողները վկայում են, որ նախագահն ու վարչապետը պարտվել են: Պարզվում է, որ ԱՄՆ նախագահն այնքան ցրված է, որ Վեստմինստերյան աբբայության հուշագրքում գրանցում անելիս չի իմացել, թե հիմա որ տարին է, ու մեզ թվագրել է 2008 թվականով:



Մի խոսքով, նախագահը հիանալի թենիս է խաղում, տիկին Օբաման տիրապետում է վարվելակերպի կանոններին, հագնվելու նրբություններին, նախորդ տարվա «նվերային» թերությունները զույգը շտկել է՝ ուրեմն աշխատում են իրենց վրա: Այնպես որ, պարոն Օբաման այնտեղ է, որտեղ պետք է լիներ, արքայական ընտանիքը նույնպես իր տեղում է:



Աստղիկ Սարգսյան