Որքան արժեն մայր բուհում ասպիրանտուրայի տեղերը

Որքան արժեն մայր բուհում ասպիրանտուրայի տեղերը
Բաց նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին



Ասպիրանտուրայի տեղերի քանակը հատկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` ըստ համալսարանի ներկայացրած պահանջի: Իսկ ինչպե՞ս կամ, ամենակարեւորը, ո՞վ է որոշում համալսարանի պահանջը: Դա կախված է ֆակուլտետների դեկանների պահանջից:



Իսկ ինչպես են որոշում այն: Գաղտնիք չէ, որ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվողներն ազատվում են զինվորական ծառայությունից, իսկ սա «լավագույն» առիթներից է կոռուպցիայի դրսեւորման տեսանկյունից, հատկապես, երբ դեկանն ինքն է որոշում ում ընդունի ասպիրանտուրա:



Կցանկանայինք Ձեր ուշադրությունը սեւեռել մի հետաքրքիր փաստի վրա: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հենց այդպիսի խոստում էր տվել ֆիզիկական աշխարհագրության ամբիոնին: Սակայն, ի ուրախություն մեզ, ասպիրանտական տեղերի վերջնական հատկացումը եւ հաստատումն իրականացվում են ԿԳՆ-ի, ապա ՀՀ կառավարության կողմից:



Եվ կառավարությունը, կարեւորելով ՀՀ ներկայիս գիտական պահանջը ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում, հատկացրել է ասպիրանտական տեղ «երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ` նույն ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնին: Բնականաբար, այս հանգամանքը «վրդովեցրել» էր ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանին: Նա ինչպես ֆակուլտետում, այնպես էլ համալսարանի ղեկավարության մոտ հայտարարել է, որ «մեկ է՝ ընդունելու եմ իմ ուզած ուսանողին»:



Եվ քանի որ ասպիրանտական տեղերն արդեն հաստատված էին, եւ դեկանն ի զորու չէր որեւէ բան փոխել, ուստի, որպես արդյունք, փոխվել է ընդունելության հարցաշարը: Ի համեմատություն նախորդ տարվա հարցաշարի, այս տարվա հարցերի մոտ 70%-ը չի համապատասխանում «երկրաբնապահպանություն» մասնագիտությանը, ավելին՝ վերաբերում է ֆիզիկական աշխարհագրության նեղ թեմաներին: Նախնական խոսակցություններ կան, որ, ի տարբերություն անցած տարվա, երբ այդ մասնագիտական հանձնաժողովի մեջ ընդգրկված էին այդ ոլորտի մասնագիտության գիտնականներ, այս տարի Մ. Գրիգորյանը նախատեսել է նոր ընդունող հանձնաժողով, որոնց կայացրած որոշման վրա նա կունենա մեծ ազդեցություն:



Նշենք մի փաստ եւս. մենք կարեւորում ենք համալսարանի վարկի բարձրացումը, իսկ երբ համալսարան են ընդունվում կոռուպցիայի միջոցով, արդյունքում համալսարանի վարկն ընկնում է կրկնակի. արժանի ուսանողը, տեսնելով անարդարությունը, վրդովվում է եւ հիմնականում մեկնում արտասահման: Մենք իրավունք ունե՞նք նման մարդկանց մեղադրել հայրենիքը լքելու մեջ:



Կցանկանայինք նշել եւս մի փաստ: Վերջին տարիներին նախարարությունը կրճատեց ասպիրանտուրայի տեղերը` նշելով, թե նպաստում ենք կոռուպցիայի նվազեցմանը: Սակայն, եթե այն ժամանակ ֆակուլտետին հատկացվում էր օրինակ 2 տեղ, եթե նույնիսկ մեկ տեղն ընդունվում էին կոռուպցիայի միջոցով, ապա մյուսը հասնում էր իսկապես սովորող ուսանողին: Իսկ այժմ շատ անգամ փողը որոշիչ դեր է խաղում այն ուսանողի համար, որը հեռու է գիտությունից, եւ ասպիրանտուրա ընդունվում է բանակից խուսափելու համար:



ԵՊՀ մի խումբ ուսանողներ