Գաղթականի ցուպը

Գաղթականի ցուպը
Վերջին օրերին արդեն երրորդ մարդն է ինձ հորդորում գրել, շարունակ եւ հետեւողականորեն, անդադար գրել-ահազանգել արտագաղթի մասին: Մարդիկ տագնապած են եւ իրավունք ունեն: Երբ երկիրը դատարկվի, այլեւս անիմաստ կդառնան ցանկացած հաշտություն ու բարեփոխում, առաջընթաց ու բարեկարգում: Հայաստանում սովորելն ու բիզնես անելը, աշխատելն ու զավակ մեծացնելը կդառնան անհնար: Ծանոթներիցս մեկը սրտի կսկիծով պատմում էր, որ օրերս այցելել է Ռուսաստանի էմիգրացիոն ծառայություններից մեկը, որը Երեւանում իր գրասենյակն ունի եւ զբաղված է մարդաորսով: Այցելել է ու զարմացել՝ մեկ ժամում 50 մարդ է գրանցվել այնտեղ, որ մեկնի Ռուսաստանի տարբեր մարզեր: Բոլորն էլ որակյալ մասնագետներ, հիմնականում երիտասարդներ: Այս տեմպերով ինչքա՞ն կտեւի Հայաստանի հայաթափումը, ո՞վ է լինելու այն սեւ անեկդոտի վերջին մարդը, որն օդանավակայանում լույսերն է մարելու ու գոցելու է  Հայաստան երկրի դռները: Չարաղետ հեռանկա՞ր եմ նկարագրում: Բայց բոլոր փաստերը բերում են դրան, եւ երբ լսում ես մարդկանց, ովքեր արձանագրում են, թե իրենց շրջապատում քանիսն են հեռացել ու քանիսն են պատրաստվում հեռանալ, հասկանում ես, որ արտագաղթն աղետալի չափերի է հասել: Ծանոթս սույն էմիգրացիոն ծառայության ռուս աշխատակցին մի քանի հարց էր տվել: Վերջինս անթաքույց բացատրել էր, որ իրենք դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունեն, եւ իրենց նպատակը Ռուսաստանի հատկապես արեւելյան ու հարավային հատվածները ռուսախոս քրիստոնյաներով բնակեցնելն է: Ասել էր, որ հայերն օրինավոր քաղաքացիներ են եւ ՌԴ տարբեր ծույլ ժողովուրդների կողքին աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ եւ խաղաղասիրությամբ: Ու, մեկնելով Ռուսաստան, շենացնում են ուրիշի երկիրը՝ իրենց երկիրը «շան ու գելի» բաժին դարձնելով: