Ո՞վ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ

Ո՞վ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ
Արցախի անկախության 20-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը զգալիորեն աշխուժացել էր։ Արցախ էին ժամանել մեծ թվով հյուրեր, որոնց թվում՝ քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստի եւ մշակույթի հայտնի դեմքեր, լրագրողներ եւ այլք՝ հիմնականում Հայաստանից ու Ռուսաստանից։



Արցախի շրջաններից նույնպես մարդիկ էին եկել՝ մասնակցելու հանրապետության հռչակման տոնին։ Հյուրերից ավելի վաղ Ստեփանակերտ էին ժամանել Հայաստանի նախկին եւ ներկա նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Երեւանից ժամանել էր նաեւ ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ այլք։



Առավոտյան ժամը 9-ից Ստեփանակերտում սկսվել էին հոբելյանական արարողությունները։ Նախ երթ արեցին դեպի հուշահամալիր, որտեղ ամփոփված են ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի նահատակները, երկրորդ աշխարհամարտում զոհված զինվորների աճյունները։ Բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ հագել էին Արցախի անկախությունը խորհրդանշող շապիկներ, որը յուրահատուկ տոնական տրամադրություն էր հաղորդում Ստեփանակերտին։ «Սիրահարների ծառուղի» կոչվող վայրում կազմակերպվել էր վերնիսաժ-ցուցահանդես՝ արցախյան բնությունը պատկերող գեղանկարներով ու պատերազմական տարիները ներկայացնող լուսանկարներով։



Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Արցախի մյուս շրջկենտրոններում։ Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակը նույնպես մարդաշատ էր եւ աշխույժ։ Միջոցառումները շարունակվել են մինչեւ կեսգիշեր։ Արցախի քաղաքական վերնախավի համար տոնական միջոցառումը կայացել է Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի հանրահայտ «Տատ եւ պապ» կոթողը ձգվող ճանապարհի ձախ կողմում գտնվող շենքի մի սրահում։



Դեռ անկախության տոնի նախօրյակին Հայաստանից ժամանած հյուրերը հարցազրույցներ էին տվել տեղական հեռուստատեսությանը։ Անկախության տոնի կապակցությամբ հարցազրույց տվեց նաեւ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախագահի այդ հարցազրույցից պարզվեց, որ Արցախն արդեն մասնակցում է բանակցություններին։ «Իսկ ո՞վ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ:



Եթե բանակցային կողմ չէ, ապա ինչո՞ւ պարբերաբար եւ առանց բացառությունների համանախագահները գալիս են տարածաշրջան, հանդիպում են Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ, ԼՂՀ կառավարության հետ:



Եթե Արցախը բանակցային կողմ չէ, ապա էդ ինչպե՞ս է պատահում, որ ԼՂՀ ղեկավարությունը, ԼՂՀ նախագահը, ԼՂՀ 2-րդ նախագահը 100 տոկոսով տիրապետում են ոչ միայն բանակցային պրոցեսին, այլ նաեւ ամբողջական մասնակցություն են ունենում նախապատրաստական փուլին»,- արցախյան լսարանին բացատրել է Սերժ Սարգսյանը:



«Սխալների մասին խոսում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են պատասխանատվության իրենց բաժինն իրենց ուսերից գցել ուրիշների ուսերի վրա: Հայ ժողովուրդը շատ լավ է սերտել պատմության դասերը. մենք 20-րդ դարի վերջին հնարավորություն ունեցանք ուղղելու անցյալի սխալները եւ մենք այդ հնարավորությունը բաց չթողեցինք»,- հայտարարել է ՀՀ նախագահը:



Ս. Սարգսյանի այս հարցազրույցը գրեթե ոչնչով չի տարբերվել նրա նախորդ հարցազրույցներից։ Հատկապես Արցախի տեղական հեռուստատեսությանը տված «բացառիկում» ակնհայտորեն զգացվում էր, որ բոլոր հարցերը նախապես համաձայնեցված են եղել ՀՀ ղեկավարի հետ։ Քանի որ նրա խոսքը հիմնականում ուղղված էր արցախյան լսարանին, անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղցու «ֆենոմենին»։



«Չեմ կարծում, որ արցախցիներն այլ առանձնահատկություն ունեն, բայց մի բան կա, որ, կարծում եմ, բնորոշ է ե՛ւ արցախցիներին, ե՛ւ սյունեցիներին, ե՛ւ ապարանցիներին: Երեւի դա պայմանավորված է բնակլիմայական պայմաններով: Լեռնցիները մի քիչ ավելի շատ հաստատակամ են եւ անարդարության դեմ անկասելի են»,- ասել է նա:



Իսկ Արցախն իրոք այդ օրը տոնական էր։ Մարդիկ տոնական էին տրամադրված ոչ միայն այն պատճառով, որ իրոք ուրախ ու երջանիկ են եւ իրենց զգում են որպես ազատ ու անկախ երկրի քաղաքացի, այլեւ այդ օրը մի փոքր կտրվեցին իրենց բազում խնդիրներից եւ անկեղծորեն ուրախացան։



Արեգ Վարդանյան